«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2008-07-30 | #146, 2008-07-31 | #147, 2008-08-01


ՔԻՔԲՈՔՍԻՆԳՆ ԱՐՄԱՏԱՎՈՐՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ

Քիքբոքսինգի հանրապետական ֆեդերացիայի եւ ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում այսօր հայկական բանակի մի շարք զորամասերում մարզաձեւն արմատավորվում է զինծառայողների շրջանում: Ֆեդերացիան զորամասերին օգնում է նաեւ մարզագույքով, հասարակական հիմունքներով մարզիչներ է հատկացնում զինվորների հետ մարզումներ անցկացնելու նպատակով: Քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանի նախաձեռնությամբ օգոստոսին առաջին անգամ կազմակերպվելու է զինված ուժերի գավաթի խաղարկություն, որը հետագայում դառնալու է ավանդական:

Ինչպես տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության ֆիզպատրաստության բաժնի պետ, գնդապետ Ներսես Եղոյանը, ներկայում զինված ուժերում քիքբոքսինգով զբաղվում են 100-ից ավելի զինվորներ ու սպաներ: Նա ողջունեց քիքբոքսինգի ֆեդերացիայի նախաձեռնությունը մարզաձեւը բանակում արմատավորելու հարցում, նշելով, որ դա կնպաստի մեր զինվորների ֆիզպատրաստության բարելավմանը: Գավաթի խաղարկությանը լավագույնս նախապատրաստվելու նպատակով մասնակիցները մեկամսյա հավաք կանցկացնեն:

Ինչ վերաբերում է մեր քիքբոքսինգիստներին, ապա նրանք նախապատրաստվում են օգոստոսի 6-14-ը Յալթայում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին: Մեր հավաքականի կազմում ասպարեզ դուրս կգան 15 մարզիկներ, որոնք բավական փորձ ունեն: Գառնիկ Հայրապետյանը հույս հայտնեց, որ մեր մարզիկներին կհաջողվի վարկանիշ ձեռք բերել ու աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք ստանալ: Նա նաեւ իր շնորհակալությունը հայտնեց քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ցուցաբերած աջակցության համար:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4