«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2008-07-31 | #147, 2008-08-01 | #148, 2008-08-02


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Դրանց մտահոգում է 1915-ի իրադարձություններին պաշտոնական Վաշինգտոնի մոտեցումներում նկատվող փոփոխությունը

Հուլիսի 30-ին ԱՄՆ Սենատի արտաքին հանձնաժողովը քննարկել եւ քվեարկությամբ հավանություն է տվել Հայաստանում ամերիկյան դեսպանի պաշտոնում Մարի Լուիզ Յովանովիչի թեկնածությանը: Քվեարկությունը եղել է անվանական, որին նախագահի դեմոկրատական թեկնածու Բարաք Օբաման չի մասնակցել, իսկ սենատոր Բարբարա Բուքսերը դեմ է արտահայտվել, սակայն վետո չի դրել: Յովանովիչ թեկնածությունը հաստատելու վերջնական որոշումը Սենատում կընդունվի օգոստոսին:

Ի դեպ, ելույթ ունենալով Սենատի այդ նույն հանձնաժողովի հունիսի 19-ի նիստում, Յովանովիչը սենատոր Ռոբերտ Մենենդեսի հարցին ի պատասխան ասել էր. «ԱՄՆ կառավարությունը եւ ես ճանաչում ենք զանգվածային սպանությունների, էթնիկ զտումների եւ 1 մլն հայերի արտագաղթի փաստն Օսմանյան կայսրությունում: Միացյալ Նահանգներն այդ իրադարձությունները համարում է 20-րդ դարի մեծ ողբերգությունը, Մեծ եղեռն կամ Մեծ աղետ, ինչպես դա անվանում են շատ հայեր: Այդ իսկ պատճառով էլ ամեն տարի ապրիլի 24-ին երկրի նախագահը հարգանքի տուրք է մատուցում զոհերի հիշատակին եւ համերաշխություն հայտնում հայերին»:

Հատկանշական է, որ նախքան հանձնաժողովի հավանությունը, սենատորները Մենենդեսի հարցին Յովանովիչի պատասխանի վերաբերյալ կարծիք են պահանջել ԱՄՆ պետքարտուղարությունից եւ պատասխան-նամակ են ստացել, որտեղ մասնավորապես ասված է. «Ինչ վերաբերում է սենատոր Մենենդեսի հարցերի առնչությամբ Յովանովիչի պատասխաններին, ապա վարչակարգն ընդունում է, որ տեղի են ունեցել զանգվածային կոտորածներ, էթնիկ զտումներ, բռնի վտարումներ եւ 1 մլն հայերի ոչնչացում կազմակերպված Օսմանյան կայսրության կողմից: Մենք ընդունում ենք օսմանյան կառավարության պատասխանատվությունն այս հանցագործությունների համար»:

Հուլիսի 31-ի համարում «Ազգը» անդրադառնալով այս ամենին, նշել էր, որ նամակում թվարկված են ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի բոլոր դրույթները: Ըստ երեւույթին նույն օրվա համարում հենց այդ հանգամանքն է նկատի ունեցել «Հյուրիեթը», որ գրում է. «Վերջին մեկ տարում 1915-ի հայկական իրադարձությունների նկատմամբ իր մոտեցումը «փոփոխության» ենթարկող ԱՄՆ վարչակարգն այդ ուղղությամբ կատարեց եւս մեկ քայլ: Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց Յովանովիչի թեկնածությանն այն բանից հետո, երբ ստացավ պետքարտուղարության նամակը: Պետքարտուղարությունը 1915-ի իրադարձությունների համար ուղղակիորեն պատասխանատու ճանաչեց Օսմանյան կայսրության ղեկավարներին: Նամակը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոզեֆ Բայդենին ուղարկեց պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Ռեյնոլդսը: Բայդենն արխիվի թուրք եւ հայ մասնագետների ԱՄՆ հրավիրումը նախատեսող ծրագրի վերաբերյալ հարց էր տվել Ռեյնոլդսին, իսկ վերջինը պատասխանել էր, որ ծրագիրը շրջանառության մեջ է դրվելու 1915-ին հայերի դեմ Օսմանյան կայսրության իրականացրած զանգվածային կոտորածների եւ տեղահանության վերաբերյալ վավերագրերի պահպանմանը եւ ապագա սերունդներին փոխանցմանը նպաստելու առաջադրանքով, ապա եւ ավելացրել է. «Նպատակը այդ սարսափելի իրադարձությունները վիճարկելը չէ, ոչ էլ Օսմանյան կայսրության պատասխանատվության շուրջը բանավեճ ծավալելը: Նպատակ ունենք պահպանելու իրադարձությունների ճշմարտացիությունն ապացուցող փաստաթղթերը»:

Ռեյնոլդսն, ըստ «Հյուրիեթի», Մենենդեսի հարցերին Յովանովիչի պատասխանների առնչությամբ էլ ասել է. «Ամերիկյան վարչակարգը ճանաչում է Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի դեմ իրագործված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումն ու բռնի տեղահանությունը: Մենք հիրավի ընդունում ենք, որ այս հանցագործությունների պատասխանատուն օսմանյան ղեկավարությունն է»:

Յովանովիչի թեկնածության հարցին հուլիսի 31-ի համարում անդրադարձել է նաեւ «Ենի շաֆաքը»: Թուրքական թերթը հիշեցնելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հունիսի 19-ի նիստի մասին, նշում է. «Բարաք Օբաման այդ նիստում ճնշում էր գործադրում Յովանովիչի վրա, որ արտասանի ցեղասպանություն բառը, բայց դա նրան չէր հաջողվել: Յովանովիչն այդ նիստում ելույթ էր ունեցել եւ հակառակ հայամետ սենատոր Ռոբերտ Մենենդեսի համառ պնդումներին, հրաժարվել էր արտասանել ցեղասպանություն բառը: Ելնելով դրանից, սենատոր Բոքսերը մեկ ամսով կասեցրել էր հանձնաժողովում Յովանովիչի թեկնածության քննարկումը»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4