Հարկային ծառայությունը պարզում է, թե ինչու ՀԴՄ-ներ չեն օգտագործվում
Հարկային վարչարարության 2008-2011 թթ. ռազմավարության փաստաթուղթը ներառում է հարկային վարչարարության քաղաքականության վերաբերյալ կատարված յոթ հիմնական նպատակներից բխող ծրագրերը եւ 109 միջոցառումների ժամանակացույցը: Երեկ այս մասին «Նովոստի» միջազգային լրատվական կենտրոնում տեղեկացրեց Հայաստանի հարկային պետական ծառայության պետի առաջին տեղակալ Ահարոն Չիլինգարյանը :
Հարկային վարչարարության քաղաքականության վերաբերյալ յոթ հիմնական նպատակներից են խոշոր հարկատուներին առչնվող հարցերը, քանի որ նրանք որոշիչ են, ինչպես նաեւ փոքր եւ միջին բիզնեսին վերաբերող խնդիրները` հարկային ծառայության կողմից հնարավորինս շատ ծառայութուններ մատուցելու եւ տարատեսակ փաստաթղթային խնդիրներից նրանց բեռը թեթեւացնելու մոտեցմամբ:
Հարկային վարչարարության 2008-2011 թթ. ռազմավարության փաստաթղթով նպատակ է սահմանվում նաեւ հարկերն ավելի ինքնուրույնաբար ու կամովին հաշվելու եւ վճարելու ավանդույթ ձեւավորելու մոտեցումը: Հայաստանի կառավարությունը նաեւ հարկային ծառայության առնչությամբ հարցերի համար ձեռնարկել է 5 տաք գիծ, նախատեսվում է մինչեւ 2009-ի վերջը սպասարկման հինգ կենտրոն բացել հարկային վարչարարության բարեփոխումների ներքո:
Ահարոն Չիլինգարյանի խոսքերով, ստեղծվել է հասարակական յոթ կազմակերպությունների մասնակցությամբ հարկային պետական ծառայության պետին կից հանրային մի խորհուրդ, որտեղ Չիլինգարյանի ղեկավարությամբ պիտի ներկայացվի կատարվող աշխատանքը, որին էլ գնահատական կտան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ըստ ՀՊԾ պետի տեղակալի, քննադատելու մոտեցմամբ:
Ներկաներին Չիլինգարյանը ներկայացրեց նաեւ հարկային ծառայության` ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարությունների հետ համատեղ մշակված փոքր ձեռնարակատիրության ոլորտում հարկային օրենսդրության եւ վարչարարության կատարելագործման օրենսդրական փոփոխությունների փաթեթը: Ընդ որում, օրենսդրական փոփոխությունների եւս մեկ մշակվող փաթեթ վերաբերում է փաստաթղթավորման հարցերի կարգավորմանը:
Պատասխանելով հսկիչ դրամարկղային մեքենաները ոչ պատշաճ, երբեմն էլ բնավ չօգտագործելու առնչությամբ որոշ սուպերմարկետներ փակելու մասին լրագրողների հարցերին` Չիլինգարյանը նշեց, որ ոչ թե կասեցված է այդ ընկերությունների գործունեությունը, այլ փակվել են 5 կամ 10 օրով: ընդ որում, ստուգումները, որ անցկացվել են այդ սուպերմարկետներում եւ բացահայտել են հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտումներ, անցկացվել են մինչ այդ ընկերություններում, որոնք զբաղվում են սննդի, ապա նաեւ շինանյութերի, ռադիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի եւ այլ ապրանքների ներկրմամբ:
Ըստ հարկային ծառայության պետի տեղակալի, ստուգումներ անցկացվել են եւ արդեն ժամանակավոր փակվել է 10 սուպերմարկետ, այդպիսի գործընթաց է շարունակվելու դեռեւս էլի 12 խանութներում: Նման ստուգումներ անց են կացվում նաեւ առեւտրի փոքր կետերում:
Հարցին, թե արդյոք անմա՞սն են հարկային ծառայության աշխատակիցները նման իրավիճակին եւ ընդհանրապես վերջերս հարկային ստուգումներով բացահայտված ստվերային գործունեության գոյության խնդրում, ծառայության պետի տեղակալը համաձայնեց, որ ժխտելի չէ այդօրինակ մասնակցության առկայությունը, ինչը բնորոշ է ոչ միայն հարկայիններին, այլեւ ընդհանրապես չինովնիկներին: Ուստի ներկա դրությամբ աշխատում են հնարավորինս պակասեցնել հարկային աշխատակիցների եւ հարկատուների առերես շփումները, ինչն էլ հնարավոր կդարձնի հարկային աշխատողների` նման խախտումներին մասնակից լինելու վերացումը:
Վերջին ժամանակներս, ըստ ծառայության պետի տեղակալ Չիլինգարյանի, 20-ից ավելի մարդին են հարկային համակարգից ազատվել, որոնցից 4-ի նկատմամբ նյութերը ուղարկվել են հետաքննության:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ