2000-ին Սիդնեյում եւ 2004-ին Աթենքում կայացած ամառային վերջին երկու օլիմպիադաներում Հայաստանի մարզիկներն անհաջող հանդես եկան: Եթե Սիդնեյում օլիմպիական մրցասպարեզ դուրս եկած հայաստանցի 24 մարզիկները գոնե մեկ բրոնզե մեդալ նվաճեցին, ապա Աթենքում մեր 18 օլիմպիականները պարզապես տապալվեցինՙ ձեռնունայն վերադառնալով հայրենիք:
Աթենքի օլիմպիական խաղերում մեր հանրապետությանը միակ մեդալը պարգեւեց ծանրորդ Արսեն Մելիքյանը: Մինչեւ 77 կգ քաշային կարգում հայ ծանրորդը պոկում վարժությունում ցույց տվեց լավագույն արդյունքը (167,5 կգ), իսկ ահա հրումում այնքան էլ վստահ հանդես չեկավ ու բարձրացնելով 197,5 կգ, երկամարտի 365 կգ արդյունքով դարձավ բրոնզե մրցանակակիր: Հաջողությանը մոտ էր նաեւ 69 կգ քաշային Ռուդիկ Պետրոսյանը: Թեեւ հրում վարժության (187,5 կգ) եւ երկամարտի (335 կգ) արդյունքներն աշխարհի երիտասարդների նոր ռեկորդներ էին, սակայն դրանք բավարար չէին մեդալակիր դառնալու համար: Ռուդիկը գրավեց 5-րդ տեղը:
Աթենքում մեր մարզիկներից լավագույնը հրաձիգ Նորայր Բախտամյանի ելույթն էր: 50 մ ազատ ատրճանակից հրաձգությունում Նորայրը մոտ էր բրոնզե մեդալ նվաճելուն, սակայն վերջին կրակահերթերում դիպուկ չգտնվեց ու զբաղեցրեց 4-րդ տեղը: Օդամուղ ատրճանակի 10 մ մրցաձեւում Նորայրի ցուցանիշը 7-րդն էր: Որոշ չափով իրեն արդարացրեց նաեւ 62 կգ քաշային ծանրորդ Արմեն Ղազարյանըՙ երկամարտի 295 կգ (135+160) արդյունքով եզրափակելով լավագույն հնգյակը: Բռնցքամարտիկ Ալեքսան Նալբանդյանն էլ հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ:
Աթենքում մեր օլիմպիականների ելույթն իրոք ձախողում էր: 1952-ից մասնակցելով ամառային օլիմպիական խաղերին, հայաստանցի մարզիկները մինչ 2004-ը միայն 1968-ին Մեխիկոյում մեդալ չէին նվաճել: Բայց այն ժամանակ օլիմպիադայում մենք միայն մեկ մասնակից ունեինքՙ ըմբիշ Նազար Ալբարյանը, որը գրավել էր բավական բարձրՙ 4-րդ տեղ: Իսկ ահա Աթենքում 18 մարզիկները համատեղ չկարողացան գեթ մեկ մեդալ նվաճել: Այդ ձախողումից հետո ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը, որ նաեւ Սպորտպետկոմի նախագահն էր, հրաժարական տվեց ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարի պաշտոնից: Պեկինի օլիմպիադայի նախապատրաստության քառամյա ցիկլը ղեկավարել է հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, որը նաեւ իր անձնական միջոցներն է ներդրել մարզիկներին մարզումային նպաստավոր պայմաններ ստեղծելու, նրանց ամեն կերպ աջակցելու ու խրախուսելու համար: Իրոք, նախապատրաստական լուրջ աշխատանք է կատարվել: Այժմ իրենց դրսեւորելու հերթը մեր օլիմպիականներինն է: Պեկինի օլիմպիական մրցասպարեզ դուրս կգան հայաստանցի 25 մարզիկներ: Հաջողություն մաղթենք հայ մարզիկներին եւ Պեկինից սպասենք ուրախ լուրերի: