«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2008-08-01 | #148, 2008-08-02 | #149, 2008-08-20


ԸՍՏ ՌԵՎԱԶ ԳԱՉԵՉԻԼԱՁԵԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է ՈՉ ԹԵ ՈՒՂՂԱԿԻ ԽԼԵԼ ԱԲԽԱԶԻԱՆ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՆ, ԱՅԼ ՈՒՆԵՆԱԼ ՀԼՈՒ ՎՐԱՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում Վրաստանի դեսպանի բացառիկ հարցազրույցը «Ազգ-ին

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Վրաստանում վերջին օրերի իրադարձությունները զարգացումների ու քաղաքականության սուբյեկտների այնպիսի ընդգրկում ունեցան, որ խնդրահարույց կմնան դեռ շատ հարցերի վերաբերող մոտեցումներն ու վերաբերմունքը: Ներկա իրավիճակի եւ տարածաշրջանի կայունության առումով հնարավոր արձագանքների մասին «Ազգի» հետ զրույցում Վրաստանի դիրքորոշումն է ներկայացնում Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեն:

- Ռուսական զինուժը երեկ սկսել է զորքի տեղաշարժը: Ինչպիսի՞ն է իրավիճակը Վրաստանում եւ ի՞նչ գնահատական կարելի է տալ դիտարկվող տեղաշարժին:

- Երեկ ռուսաստանյան կողմը հայտարարել է, որ պետք է առանձնացնել զորքերի դուրսբերում եւ հեռացում հասկացությունները: Ռուսական կողմի մոտեցմամբ, ամենայն հավանականությամբ, երբ բանակցություններ էին ընթանում Սարկոզիի հետ, այդ պահը չի ընդգծվել: Ըստ ստորագրված պայմանագրի, խոսքը հենց զորքերի դուրսբերման մասին է մինչեւ այն գիծը, որտեղ էին դրանք մինչեւ ռազմական գործողությունները, այսինքնՙ այդ զորքերը պետք է վերադառնան Հյուսիսային Կովկաս: Բայց հիմա, Ռուսաստանի մոտեցմամբ, զորքերը կտեղափոխվեն մինչեւ Ցխինվալ, ընդ որում, նրանք պատրաստվում են եւ հայտարարել են, թե իրավունք ունեն խաղաղապահ զորամիավորումների մի մասը թողնելու բուֆերային գոտում` Հարավային Օսիայի շրջակայքում 14 կմ շառավղով: Նշեմ, որ դա ընդգրկում է նաեւ Գորի քաղաքը: Այսինքն` զորքի դուրսբերում տեղի չի ունենում, այլ սկսվել է միայն մասնակի հեռացում: Դրա համար էլ լավատեսության հիմք ես չունեմ: Մասնավորապես Ռուսաստանի զորքերի կողմից օկուպացվել էին Զուգդիդի, Փոթի, Սենակի քաղաքները, որոնք, ի դեպ, մոտ չեն Հարավային Օսիային, օկուպացված էր Գորին, բացի այդ, ռուսական զրահամեքենաները երկուշաբթի գտնվում էին Խաշուրիում, ռուսական զրահամեքենաները հայտնվել էին նաեւ Թբիլիսիից 40 կմ հեռու: Այնտեղ, որտեղ օկուպացիան էր տեղի ունենում, թալանված են ու ավերված վրացական ռազմական ենթակառուցվածքները, նաեւ քաղաքացիական նշանակության ռադարները, հեռախոսային կայանները: Վրացական ռազմական բազաներից Փոթիում խորտակել էին 4 փոքրիկ ռազմանավերը, Փոթիի նավահանգստից գողացվել են նաեւ գեներատորներն ու առափնյա պարեկային ծառայության 30 ռազմական նավակներ, որ, տեղեկությունների համաձայն, տարվել են Աբխազիա: Այդ գործողությունների ընթացքում ռուսական զորքերը զավթել էին նաեւ Կոդորի կիրճը, առանց բախումների, քանի որ վրացական կողմը հրաժարվեց կրակել` խաղաղ բնակչությանը չվնասելու համար: Տհաճ է նշել, բայց բնակչության մեջ նոր տերմինոլոգիա է ի հայտ եկելՙ ռուսական օկուպանտներ, զավթիչներ եւ այլն:

Գիտեք նաեւ, որ ներկա դրությամբ Վրաստանի կենտրոնումՙ Բորժոմ-Բակուրիանի ազգային պարկի անտառներում հրդեհ է, որը, մեր տվյալներով, սկսվել է, երբ այդ անտառների վրայով անցել են ռուսական ուղղաթիռները: Իրավիճակը ծանր է, դա ուրիշի տարածքի անօրինական զավթում է, որ ուղեկցվել է թալանով, կան տեսագրություններ, թե ինչպես են ռուս զինվորները իրենց հետ վերցնում հեռուստացույցներ, հին հագուստ, անգամ ատամի խոզանակներ վրացական ռազմաբազաներից...

- Ի՞նչ տվյալներ կան փախստականների առնչությամբ:

- Մեծ է փախստականների թիվը, Կարմիր խաչի տվյալներով, ավելի քան 120 հզ., որ երեք անգամ ավելին է, քան Հարավային Օսիայի բնակչությունը: Հիմնականում վրացի փախստականներ են: Ընդ որում, այդ առնչությամբ «Կոմերսանտին» տված հարցազրույցում Էդուարդ Կոկոյտին հայտարարել է, թե վրացական գյուղերում ամեն ինչ հավասարեցվել է հողին ու ընդհանրապես «ամեն ինչ մաքրվել է»: Ավելին, Կոկոյտին հայտարարել է, թե մտադրություն չկա փախստականներին վերադարձի հնարավորություն տալու: Սա էթնիկ զտում է, ընդ որում, այդ ամենը ոչ թե տարերային է եղել, այլ ծրագրված:

- Այս դեպքում ինչի՞ է ձգտում Ռուսաստանը:

- Ռուսաստանը ձգտում է ոչ թե ուղղակի խլել մեզանից Աբխազիան եւ Հարավային Օսիան, այլ ուզում է ունենալ լսող կառավարություն, որ փոխվի երկրի քաղաքական կուրսը, որ մենք դադարենք մտածել ՆԱՏՕ եւ Եվրոմիություն մտնելու մասին: ՆԱՏՕ-ն մեզ համար ինքնանպատակ չէ, այլ միջոցՙ հենց նմանօրինակ իրավիճակում պաշտպանության համար: Եթե Ռուսաստանի ղեկավարությունը այլ քաղաքականություն վարեր, ավելի չեզոք, հնարավոր դարձներ խաղաղ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնումը, որ հիմա բավականին բարդ է, բայց այն ժամանակ հնարավոր էր, այդ դեպքում երկրի քաղաքական կուրսը ուրիշ կլիներ: Բայց վրացական կողմի կոշտությունը ի հայտ չի եկել հենց Սաակաշվիլու իշխանության գալով: Հիշեցնեմ, որ Ռուսաստանը վիզային ռեժիմ մտցրեց Վրաստանի հետ 2000-ից, իսկ տնտեսական էմբարգոյի առումով այն սկսվեց 2006-ի գարնանը, ավելի ուշ փակվեց նաեւ Վերին Լարսի անցակետը:

- Տարածաշրջանային անվտանգության առումով ի՞նչ փոփոխություններ կարող են ակնկալվել:

- Այս իրավիճակը ոչ մեկին հարմար չէ: Երբ ճանապարհը Վրաստանով վերահսկվում է երրորդ ուժի կողմից կամ ընդհանրապես փակվում է, դժվար թե դա Հայաստանի համար լավ ելք լինի: Ռազմական գործողությունները ձեւականորեն դադարեցնելուց հետո պայթեցվեց, օրինակ, Կասպիի շրջանում գտնվող կամուրջը: Այն պայթեցնելու ցանկություն հաստատ ոչ Հայաստանը, ոչ Վրաստանը, ոչ էլ Ադրբեջանը կունենային, եւ մեղադրել դրանում էլ ուկրաինական ինչ-որ ահաբեկիչների` ծիծաղելի է: Եվ ռուսական կողմի այն մոտեցումը, թե իրենք ինչու պիտի պայթեցնեին, եթե հետո պիտի իրենք էլ վերականգնեին, իրականություն չէ, քանի որ այդ կամուրջը հիմա վերականգնում են վրացիները` հայերի ու ադրբեջանցիների օգնությամբ:

- Ինչպիսի՞ն է Վրաստանի դիրքորոշումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման հարցում:

- Մեզ հարկավոր է իրավիճակի կայունացում, առաջին հերթին` ներտնտեսական նպատակներով: Պետք է զարգանա մեր տնտեսությունը, լինի քաղաքական կայուն վիճակ: Վրաստանը լիովին վերահսկում է իրավիճակը այն տարածքներում, որտեղ իր իրավապահ մարմիններն են, բայց մեզ հարկավոր է, որ այդ կայունությունը լինի Վրաստանի ողջ տարածքում, քանի որ դա կարեւոր է նաեւ տարածաշրջանի համար, մասնավորապես, այդ տարածքներով է անցնում Հայաստան ու Ադրբեջան գնացող բեռների հոսքը: Այդ կայունությունը մենք շատ ենք կարեւորում, ինչում էլ մեզ խոստանում են աջակցել վերջերս Վրաստան այցելած տարբեր երկրների նախագահներն ու պաշտոնատար անձինք: Օգնություն է ստացվել ու ստացվում նաեւ մարդասիրական ուղղությամբ, նաեւ նշեմ, որ Հայաստանն է տրամադրել իր օգնությունը եւ ես շնորհակալ եմ հայ բարեկամներինՙ ցույց տված աջակցության համար, հատկապես որ շատերը ծանր պահերին եկան Հայաստան եւ ջերմ հյուրընկալության արժանացան: Շնորհակալություն նաեւ Հայաստանի ղեկավարությանը` այս հարցում հավասարակշիռ քաղաքականություն դրսեւորելու համար: Դրա հետ մեկտեղ, որոշ լրատվամիջոցներ հրապարակում են հակավրացական բնույթի հրապարակումներ, եւ դրանց տարածումը Վրաստանում հաստատ հիացմունք չի առաջացնի:

- Որքանո՞վ են հիմա անվտանգ Վրաստանում ճանապարհները:

- Ռմբակոծությունների ժամանակ վնասել են երկաթգիծը, անվտանգ չէ Թբիլիսիով անցնող ճանապարհը, որ անցնում է նաեւ Գորիով: Հայ տուրիստների նախընտրած վայրում` Աջարիայում էլ ռմբակոծություններ հիմնական հանգստավայրերում չեն եղել, միայն թուրքական սահմանի հարեւանությամբ Խելաչաուրիի ռազմաբազան է ռմբակոծվել: Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այնտեղ ոչ մի խնդիր չի եղել, այնտեղ անգամ համընդհանուր զորահավաքի ժամանակ որեւէ մեկը չի տարվել:

Իրականությունն այն է, որ սա էթնիկական հակամարտություն չէ, այլ վրաց-ռուսաստանյան, ինչի մասին հայտարարում են նաեւ ռուս շատ մտավորականներ, ավելացնելով, որ տեղի ունեցածը Ռուսաստանի կողմից ագրեսիա էր Վրաստանի նկատմամբ:

- Կա՞ն արդյոք որոշակի տեղեկություններ, թե որքան մարդ է ռազմական գործողությունների առաջին օրերին եկել Հայաստան:

- Երբ Թբիլիսիի օդանավակայանից միջազգային ավիաընկերությունները թռիչքներ չէին իրականացնում, մարդկանց զգալի մասը մեկնեց Երեւանից, քանի որ ավելի մոտ էր, մի որոշ մասն էլ` Բաքվից: Բայց ներկայումս թռիչքները վերականգնված են, ուստի այդ հոսքը դադարել է: Որոշ մարդիկ էլ, իմ տեսածով հենց սահմանին, մեծ հոսքով գալիս էին բարեկամների ու հարազատների մոտ, բայց դա մեծաթիվ չէր: Իրավիճակն այնպիսին էր, որ հենց Թբիլիսիի մերձակայքում ռումբեր էին ընկնում, ռազմական օբյեկտների վրա, բայց ամեն դեպքում քաղաքի մերձակայքում, ու մարդիկ մտածում էին անվտանգության մասին, չնայած երկրում որեւէ խուճապ չկար, կարգուկանոնը պահպանվում էր եւ պահպանվում է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4