«Ազգը» այս տարվա մայիսի 10-ի համարում «Հայոց ցեղասպանության թանգարանը ԱՄՆ-ում» ընդհանուր խորագրի եւ «Ցավոտ խնդիր հայերի, երանություն` թուրքերի համար» ենթավերնագրի ներքո թարգմանաբար ընթերցողներին ներկայացրեց «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագրականը, որտեղ առաջին անգամ հրապարակվում էին Վաշինգտոնում նախատեսված Հայոց ցեղասպանության թանգարանի վերաբերյալ մանրամասներ եւ պարզաբանվում կառուցումը ձգձգելու պատճառներն ու հոգաբարձուների խորհրդում եղած տարաձայնությունները:
Այժմ, ստացված նոր տեղեկությունների համաձայն, պրն Ջերալդ Գաֆեսճյանը, տեսնելով, որ Ամերիկայի նախկին Ազգային բանկին (որի տարածքն այժմ թանգարանին է հատկացված) հարակից չորս հողամասերի վրա իր իրավունքները վերականգնելու դատական հայցերը ցանկալի արդյունք չեն տալիս, եւս մի հուսահատ քայլի է դիմել, այս անգամ դարձյալ մի անհիմն դատական հայց հարուցելով թանգարանի դեմ, պնդելով, որ թանգարանի պատասխանատուները, Ամերիկայի հայկական համագումարը եւ անձամբ Հրայր Հովնանյանը իրեն անվանարկել են:
Սա, ըստ թանգարանի պատասխանատուներից ստացված տեղեկությունների, 2007-ի մայիսից սկսած նրա դատական մեղադրանքների շարունակությունն է, հավանաբար նույնպես դատապարտված ձախողման: Ծիծաղելին այն է, որ ներկայացված հայցի ամբողջական տեքստն անցյալ տարվա դեկտեմբերի 8-ի համարում տպագրել էր «Արմինյն ռիփորթըր» թերթը, որի սեփականատերն է ինքըՙ Գաֆեսճյանը, եւ այս անցած ժամանակահատվածում ոչ մի քայլ չէր ձեռնարկվել այդ առումով: Ինչո՞ւ:
«Նոր պնդումները պարզապես ծխավարագույր են կոծկելու Գաֆեսճյանի անձնական օրինախախտումները», պատասխանում է թանգարանի իրավական հարցերով զբաղվող փաստաբան Առնոլդ Ռոզենֆելդը: «Նա պնդում է, որ այս բոլոր հրապարակումները վնասում են իր հեղինակությանը, բայց այդ ե՞րբ է ճշմարտությունը համարվել արատավոր, անարգական»:
Իսկ ճշմարտությունն այն է, որ «թանգարանի վերակառուցման ծրագիրը իրականացնել չկարողանալու պատճառով 2006-ին հրաժարական տալուց հետո, Գաֆեսճյանը փորձում է խոչընդոտել թանգարանի հետագա աշխատանքներին անհիմն դատական նորանոր հայցերով», եզրակացնում է Ռոզենֆելդը:
Հ. Ծ.