«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2008-08-01 | #148, 2008-08-02 | #149, 2008-08-20


ՈՒԺԵՐԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՆ ԱՆՀՆԱՐ Է ԱՌԱՆՑ ԼՂՀ ՇԱՀԵՐԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ

Ժամանակն է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես գա առավել բարձր դիվանագիտական մակարդակով: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշել է ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը : Նա նաեւ հավելել է, որ ներկա մակարդակը չի համապատասխանում դիվանագիտական լրջությանը:

Մեկնաբանելով ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունը ղարաբաղցիների` հանրաքվեի միջոցով ինքնորոշվելու վերաբերյալ, որի ձեւակերպումները, սակայն, հետագայում դիվանագիտական նրբությամբ նա մեղմել է BBC ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում, Վահրամ Աթանեսյանն ասել է. «Համանախագահները կողմերի հետ պետք է անկեղծ լինեն եւ իրենց ընդգծումներն ու շեշտադրումները պետք է կառուցեն բանակցային գործընթացի իրողություններից ելնելով: Որեւէ այլ մոտեցում, որը կարող է բխել բանակցող կողմերից որեւէ մեկի ներքաղաքական վիճակիցՙ մենք համարում ենք անընդունելի եւ անհարիր միջնորդների կեցվածքին: Դա քննադատություն չէ, այլ ընդամենը բնական ցանկություն: Մեր համոզմամբՙ BBC ռադիոկայանին տված հարցազրույցում ամերիկյան համանախագահն առաջնորդվել է նախագահական ընտրությունների նախօրեին Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակը չսրելու առաջնահերթությամբ»:

Խորհրդարանականի կարծիքով, տպավորություն է ստեղծվում, թե ղարաբաղյան կողմը համաձայն է, որ հակամարտության զինված փուլի հետեւանքների վերացումից հետո, որոշակի ժամանակ անց, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հստակեցվի հանրաքվեի միջոցով: Նման տպավորությունը չի համապատասխանում իրողությանը: Լեռնային Ղարաբաղը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության զինված փուլի հետեւանքների վերացման հարցով Ղարաբաղը հետաքրքրված է այնքանով, որքանով Ադրբեջանը հետաքրքրություն կցուցաբերի ԼՂՀ-ն ճանաչելու եւ նրա հետ երկկողմ հարաբերություններ հաստատելու հարցում: Նշելով այս մասին, պատգամավորը նաեւ ասել է. «ԼՂՀ-ն 1994 թ. մայիսին հաստատված հրադադարի լիարժեք կողմ է, կրում է ուղղակի պատասխանատվություն տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման հարցում, եւ անհնար է ուժերի այդ հավասարակշռությունը փոփոխության ենթարկելՙ առանց ԼՂՀ ազգային, պետական շահերը նկատի առնելու»:

Իր այս անձնական տեսակետը Վահրամ Աթանեսյանը հիմնավորել է նաեւ Հարավային Կովկասում ստեղծված ներկա իրավիճակով: Զորակցություն հայտնելով Հարավային Օսիայում զոհվածների հարազատներին եւ իր օս գործընկերներին, պատգամավորը վրաց-օսական նոր բախումն ու դրա հետեւանքներն անվանել է վրացական արկածախնդրություն: «Դա մեկ անգամ եւս վկայում է խաղաղ բանակցությունների շարունակման անհրաժեշտության մասին եւ պետք է դաս լինի բոլոր նրանց համար, ովքեր հակված են պատերազմի միջոցով խնդրի լուծմանը», ասել է նա:

  «Ազգի» այն հարցին, թե արդյոք որեւէ ենթատե՞քստ է տեսնում խորհրդարանականը շաբաթներ առաջ Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի` ղարաբաղյան բանակի բարձր մարտունակության մասին արած հայտարարության մեջ, Վահրամ Աթանեսյանը պատասխանեց, որ որեւէ ենթատեքստ այդտեղ չի տեսնում, մանավանդ Ռուսաստանի միջամտության պարագայում: Միեւնույն ժամանակ, նա չբացառեց, որ ԼՂՀ իշխանությունները կարող են Հարավային Օսիային մարդասիրական օգնություն ցուցաբերել:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4