«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2008-08-01 | #148, 2008-08-02 | #149, 2008-08-20


ՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՔՆՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՋԱՆՔԵՐԸ ԿԳՆԱՀԱՏՎԵ՞Ն

Մարտի 1-2-ի իրադարձությունները քննող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը ողջ ամառ աշխատեց, վերջին նիստերի ընթացքում լսեց ոստիկանության երեք բարձրաստիճան պաշտոնյաների` հասարակության իրազեկման առարկա դարձնելով մարտիմեկյան դեպքերի մի շարք ուշագրավ մանրամասներ, անգամ որոշ այնպիսի եզրակացությունների տեղիք տալով, թե իրավապահ մարմինների գործողությունները մարտի 1-ի առավոտյան համարժեք չեն եղել իրավիճակին, քանի որ «Ազատության» հրապարակից գտնված առարկաների վրայի մատնահետքերը, ոստիկանության փորձագիտական վարչության պետի խոսքով, պիտանի չեն համարվել հետագա իդենտիֆիկացիայի համար: Հասկանալի լեզվով` ուղղակի ապացույց չկա, որ հայտնաբերված առարկաները, այդ թվում` ատրճանակ, պատկանել են ցուցարարներին:

Տարբեր հանդիպումները, հսկայածավալ փաստահավաք աշխատանքը, իրավապահ համակարգի պաշտոնյաների բացատրությունների լսումը, կարծես թե պետք է թույլ տան ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին եւ նրա նախագահ Սամվել Նիկոյանին` օգոստոսի վերջին մի հանգրվանային-միջանկյալ աշխատանքային ամփոփում ունենալու, կամ ինչպես ձեւակերպել է հենց Ս. Նիկոյանը` միջանկյալ զեկույց կազմելու: Այս ուրբաթ հանձնաժողովի նիստին պարզ կլինի` հնարավո՞ր է ունենալ այդպիսի փաստաթուղթ, թե ոչ, որը նաեւ հնարավորություն կտա գնահատելու հանձնաժողովի կատարած աշխատանքն ամառվա ընթացքում: Այս թեմայով զրուցեցինք երկու հանձնաժողովականների` ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի եւ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի հետ:

Ըստ Հ. Նաղդալյանի` այդպիսի միջանկյալ զեկույցը պետք է ավելի շուտ աշխատանքային փաստաթուղթ լինի, քան թե հրապարակման նյութ: Հանձնաժողովը դեռ դիմելու է ականատեսներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին` իր ձեռքի տակ հավաքված նյութն ամբողջացնելու համար: Արդյոք իրավապահների գործողությունները համաչա՞փ էին իրավիճակին, այս հարցի պատասխանը հիմա հնչեցնելը Հ. Նաղդալյանը ճիշտ չի համարում. ամբողջական պատկերացում եւ պատասխան կարելի է ունենալ միայն երկրորդ կողմին (ընդդիմությանը- Մ.Խ.) ու նրանց ներկայացրած փաստերը կշռելով. «Ես այսօր չէի շտապի», ասաց նա:

Ա. Մինասյանի կարծիքովՙ այդպիսի փաստաթուղթ ստեղծել հնարավոր է, քանի որ հանձնաժողովն իսկապես ծավալուն աշխատանք է կատարել, թեեւ ընթացքում դեռ շատ ճշգրտումներ են լինելու: Առանց ընդդիմության ներկայացուցիչների տեսակետը լսելու դա թերի չի՞ լինի. մեր հարցին ի պատասխան վերջինս նկատեց, թե ընդդիմության տեսակետներին իրենք ծանոթ են, ականատեսներ հրավիրվելու են հանձնաժողով, եթե հնարավոր լինի` ընդդիմության լիդերներից եւս: Ա. Մինասյանը կրկնեց, թե իր անձնական տեսակետով իրավասու անձանց ներկայացրած փաստաթղթերով բավարար ապացույցներ չկան այն պնդման համար, որ իրավապահները գործել են օրենքի տառին համապատասխան եւ գործադրել են համապատասխան ջանքեր, որպեսզի մարտի 1-ի դեպքերը չառաջանային. «Բոլորս պետք է իմանանք, որ պրոցեսը սկսվել է առավոտից, հետեւաբար առավոտյան դեպքերից շատ բան է կախված եղել»: Սեպտեմբերի առաջին տասնօրյակից հետո ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում խոսելու են Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի եւ հատկապես ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքի արդյունքի մասին. արդյոք արվե՞լ է հնարավորը, որ կատարվածը բավարար համարվի: Ա. Մինասյանի կարծիքով` հանձնաժողովը հնարավորինս արագ տեմպերով է աշխատում, բայց կան նաեւ օբյեկտիվ խնդիրներ` ե՛ւ տեղեկատվության պակաս, ե՛ւ ընդդիմության որոշ գործիչների կողմից հանձնաժողովի հանդեպ սերմանվող անվստահություն, ե՛ւ բազմաթիվ այլ պատճառներ, որոնք թույլ չեն տալիս հանձնաժողովին առավել մեծ ծավալի գործունեություն իրականացնել. «Լավ կլիներ, բոլորը համակարծիք լինեին, որ պետք է օգնել հանձնաժողովին, ոչ թե փորձեն պառակտել հանձնաժողովը»: Պատգամավորի խոսքով, խանգարիչ է նաեւ առանձին փաստահավաք խումբ ստեղծելու խոսակցությունը (դա եվրոպացիների առաջարկն էր), այժմ հանձնաժողովը բավական շատ փաստեր է հավաքել, եւ եթե ստեղծվի այդպիսի խումբ` հայտնի չէ, այդ փաստերը կօգտագործվեն, թե՞ ոչ: Հանձնաժողովի աշխատանքի արդյունքում միջանկյալ զեկույցների հիման վրա կստեղծվի զեկույց, որի հիման վրա կհնչի նաեւ հանձնաժողովի գնահատականը տեղի ունեցածի վերաբերյալ: Հանձնաժողովում ընդգրկված քաղաքական ուժերը եւս քաղաքական գնահատականներ կհնչեցնեն, իսկ հանձնաժողովի հավաքած ապացուցողական բազան նաեւ իրավական հետեւանքներ կարող են առաջացնել:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4