«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2008-08-02 | #149, 2008-08-20 | #150, 2008-08-21


ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ «ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺՎՈՒՄ ԵՆ» ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ

Անօգուտ են բանաձեւերը ու մշտականՙ գերտերությունների շահերը

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Աշխարհին սեփական հզորության ու անպատժելիության ցուցադրությունները հատուկ են միայն այն երկրներին, որոնք ողջ աշխարհին մոտենում են սեփական շահերի տեսանկյունից` այն սեփական ու ազդեցության գոտիների բաժանված տիրույթների տեսքով պատկերացնելով: Հարեւան Վրաստանում տեղի ունեցողը բնավ էլ ռուս-վրացական կամ, որ ավելի անհավանական է` վրաց-հարավօսական հարաբերությունների ու խնդիրների հարթության մեջ չի տեղավորվում, այլ վկայում է մեր տարածաշրջանում գերտերությունների շահերի բախման մասին, եւ որ ցավալի է` հերթական անգամ:

Եվ մինչ Ֆրանսիայի, Վրաստանի եւ Ռուսաստանի նախագահները վեց կետերից բաղկացած պայմանագիր ստորագրեցին հարավօսական հակամարտության գոտում ռազմական գործողությունների ֆորմալ դադարեցումից հետո, այդ կետերը կարծես դեռ մնում են փաստաթղթի բովանդակություն, բայց որեւէ կերպ չեն դառնում իրողություն:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Վրաստանից պահանջում է հաստատել հրադադարի ու ՌԴ զինուժի` Վրաստանից դուրսբերման մասին համաձայնագրի դրույթները:

Ընդ որում, ռուսական զորքերի դուրսբերումը ենթադրվում է մինչեւ այն գիծը, որ գոյություն ուներ մինչեւ օգոստոսի 7-ի գիշերը սկսված ռազմական գործողությունները: ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւը, որ քննարկվում էր երեկ, նույնօրինակ պահանջ է ներկայացնում նաեւ վրացական կողմին` սեփական զինուժը տեղակայման նախկին վայրեր տեղափոխելու առումով: Ռուսական կողմը, մասնավորապես, օգոստոսի 18-ին սկսված զինուժի տեղաշարժի շարունակման մասին նշել է, թե կակտիվանա դուրսբերումը օգոստոսի 22-ից հետո:

Ամեն դեպքում, ռուսաստանյան զինված ուժերը դեռեւս շարունակում են Վրաստանի տարածքով «ազատ տեղաշարժը»: Վրացական պաշտոնական աղբյուրների հայտարարությունների համաձայն, ռուսական զորքերը երեկ հայտնվել են Արեւմտյան Վրաստանի Սաչխերե քաղաքի մոտ գտնվող Պերեւի գյուղում:

Այս տեղանքը մոտ է վրացական խոշոր քաղաքներից Քութայիսիին: Վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբ, ենթադրվում է, որ ռուսական զորամիավորման նպատակն էր հասնել այդ տեղանքում գտնվող լեռնային պատրաստվածության համար նախատեսված ու ֆրանսիական աջակցությամբ բացված ուսումնական բազա` ոչնչացնելու: Ռուսական զինուժը երեկ զբաղեցրել է եւս երկու վրացական գյուղական բնակավայր Չխորոցկուի շրջանում:

Այս ամենին ավելանում են նաեւ Ռուսաստանի Դաշնության խորհրդի հայտարարությունները, թե օգոստոսի 25-ին այս մարմինը պատրաստվում է քննարկել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչման խնդրանքները:

Ընդ որում, դա հավանական է համարվում բավականին սեղմ ժամկետներում, ավելին, այսօրինակ քայլը դիտարկվում է որպես ստեղծված իրավիճակի արձագանք: Ռուսական կողմը նման հարցի քննարկման հիմք է բերում Հյուսիսային Օսիայի դիմումը` քննարկելու Հարավային Օսիայի ճանաչման հարցը:

Իսկ այս ամենի ֆոնին յուրօրինակ է ընկալվում երեկ Վարշավայում Միացյալ Նահանգների եւ Լեհաստանի ստորագրած վերջնական համաձայնագիրը լեհական տարածքում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրերի տեղաբաշխման մասին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4