ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանն օրերս կայացած մամուլի ասուլիսում ներկայացնելով 2008-ի առաջին կիսամյակում գերատեսչության կատարած աշխատանքի արդյունքները, հիմնականում դրական է գնահատել դրանք:
Ն. Նարիմանյանը հատկապես գոհունակություն է հայտնել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատանքից, մասնավորապես նշելով, որ ընդհանուր բռնագանձված գումարի չափը ավելացել է 107555015 դրամով, իսկ պետության օգտին` 43205644 դրամով: Միաժամանակ նա ցավ է հայտնել, որ շատ ալիմենտ վճարողներ խուսափում են վճարումներից` պատճառաբանելով մշտական կայուն աշխատանք չունենալը, ինչը միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը:
Անդրադառնալով պետռեգիստրի կատարած աշխատանքին, նախարարը տեղեկացրել է, որ առաջին կիսամյակում պետական գրանցման է ենթարկվել 81 առեւտրային եւ 33 ոչ առեւտրային տիպի իրավաբանական անձ, իսկ 24-ը լուծարվել է:
Հունվար-հունիս ամիսներին ԼՂՀ-ում գրանցվել է 2042 ամուսնություն (նախորդ տարի այս թիվը եղել է 359): Նախարարն ամուսնությունների այս աննախադեպ աճը բացատրել է ԼՂՀ նախագահի նախընտրական ծրագրով նախատեսված` նորաստեղծ ընտանիքների համար նպաստ սահմանելու ծրագրի իրագործմամբ:
Նոտարական գործունեության կազմակերպման շրջանակում նոտարական գրասենյակները կատարել են 9426 նոտարական գործողություն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6322-ի դիմաց:
«Ազգի» այն հարցին, թե հնարավո՞ր է, որ քրեակատարողական հիմնարկներն առաջիկայում վերաենթարկվեն արդարադատության նախարարությանը, ինչպես դա արվում է Հայաստանի Հանրապետությունում, Ն. Նարիմանյանը պատասխանել է, որ այդ հարցը ներկա դրությամբ օրակարգային չէ, սակայն հետագայում վերաենթարկման խնդիրը կարող է դրական լուծվել, մանավանդ որ ՀՀ-ում այդ փորձը դրական արդյունք է տվել:
Դատարանների, մասնավորապես ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նստավայրը Շուշի տեղափոխվելու հավանականության մասին տրված «Ազգի» հարցին նախարարը պատասխանել է, որ դա տեղի կունենա միայն Շուշիում համապատասխան շենքային պայմաններ ապահովելուց հետո, որի ուղղությամբ աշխատանքներ տավում են:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ