«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2008-08-02 | #149, 2008-08-20 | #150, 2008-08-21


ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕԳՈՍՏՈՍԻ 23-ԻՆ

Երեկ լրագրողների հետ հանդիպեցին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը , Ամերիկյան իրավաբանների ընկերակցության տնօրեն Քրեգ Հոլստերը եւ փաստաբանների պալատի որակավորման քննությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ղազարյանը : Ինչպես տեղեկացրեց պրն Սահակյանը, «օգոստոսի 23-ին 3-րդ անգամ անցկացվում են փաստաբանների որակավորման քննություններ, նպատակ ունենալով համալրել փաստաբանների պալատը որակյալ մասնագետներով, ընտրել միայն նրանց, ովքեր ունեն համապատասխան եւ բավարար գիտելիքներ»:

183 հավակնորդ գրանցվել էր, որոնցից 9-ին տրվել է մերժումՙ փաստաթղթերի թերի լինելու պատճառով: Նախորդ տարվա որակավորման քննություններին մասնակցած 194 հավակնորդից փաստաբանի որակավորման քննությունները հաջող են հանձնել 100-ը: Այսօր հանրապետությունում կա 718 գործող փաստաբան, որոնք պալատի անդամ են, ասաց պրն Սահակյանը եւ տեղեկացրեց, որ առանց պալատի անդամակցության գործունեություն ծավալող փաստաբաններ կան եւ նրանց վերահսկելը, ըստ օրենքի սահմանված դրույթների, հնարավոր չէ: Սակայն, առաջիկայում որոշ փոփոխություններ կարվեն օրենքում, որպեսզի նրանց էլ բերեն փաստաբանների պալատ:

Երկու ընթացակարգովՙ գրավոր տեստավորումից եւ բանավոր հարցազրույցից հետո առավելագույն բալեր հավաքած հավակնորդներին կտրվի փաստաբանի որակավորման արտոնագիր: Փաստաբանների պալատը իր առջեւ դրել է շատ կարեւոր մի խնդիր, որ քննությունները պետք է ընթանան արդար, առանց որեւէ մեկի միջնորդության ու հովանավորչության:

  «Ազգը» փորձեց ճշտել, թե քննություններին հանրային պաշտպանները մասնակցո՞ւմ են, եւ պարզվեց, որ հանրային պաշտպաններն արդեն նշանակված են, նրանց հետ կնքվել է պայմանագիր 3 տարի ժամկետով: Եկող տարի օրենքում փոփոխություններ մտցնելուց հետո սահմանափակ քանակ հանրային պաշտպանների համար կանցկացվի մրցույթՙ նույն ընթացակարգով:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4