Ո՞րն է կրկնակի ջրառի իրական դրդապատճառը
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
8 տարի է, ընդունվել եւ գործում է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրեր հաստատելու մասին» օրենքը, որը նաեւ թույլ է տվել Սեւանի վերականգնման համալիր ծրագիր ունենալ, դրա շնորհիվ Սեւանը բարձրացել է մոտ երեք մետրով: Սակայն հենց այդ օրենքով ամեն տարի, այս տարի էլ, կառավարությունը կարողանում է մտնել Ազգային ժողով եւ թույլատրելի 170 մլն խմ ջրաքանակից շատ ավելի ջրառի չափաքանակներ սահմանել: Հունիսին 240 մլն խմ սահմանումը գործադիրը քիչ է համարել եւ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը երեկ ԱԺ-ում հիմնավորում էր այն առաջարկը, որով այժմ էլ 360 մլն խմ ջուր ենք ուզում վերցնել Սեւանից, երբ ոռոգման սեզոնն ավարտվում է, իսկ կոմիտեի նախագահի հիմնավորումները հենց հենվում են գյուղատնտեսական նպատակների եւ ոռոգման անհրաժեշտության վրա` մեջտեղ բերելով շատ շուտ սկսված չորային եղանակը, տեղումների պակասը, ջրամբարների դատարկ լինելը: Ա. Անդրեասյանը կարճ ներկայացրեց խնդիրը, 15 պատգամավորներ էլ հարցերի միջոցով երեկ մինչեւ օրվա վերջ փորձում էին ստանալ իրենց մտահոգությունների պատասխանը, ու երբ արդեն բանը հասավ պատգամավորների տեսակետների արտահայտմանը ելույթների միջոցով, այդ կարեւոր պահին դահլիճում լրագրող չէր մնացել, նրանց կորպուսում 4 կին էին նստած բնապահպան ՀԿ-ներից ու կառույցներից, դահլիճում էլ երկու տասնյակ պատգամավոր էր:
ՀԿ-ների ապսպրանքը մասամբ ներկայացրեց «Ժառանգությունը», իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էլ ավելի թունդ դիմադարձեց փոփոխություններին` պատկերավոր նկարագրելով Սեւանից այդպես էլ իր համար անհասկանալի մնացած մեծ ջրառի վտանգները: Նա ներկայացրեց «Հայհիդրոմետի» մի փաստաթուղթ, որով ապրիլի բարձր ջերմաստիճանային ֆոնից հետո մայիսին եղել է ցածր ջերմաստիճան, տեղումների քանակն էլ գերազանցել է նորման, ինչը ցույց է տալիս, որ այնքան էլ չորային չի եղել տարին, դա այնքան էլ հիմնավոր բացատրություն չէ: Պատմական էքսկուրս անելով` հայտնի դարձրեց, որ տարբեր ժամանակներում Սեւանը բարձրացել եւ իջել է բնական ցիկլերով. բնությունը բարձրացնում է ջուրն այնքան` մինչեւ լիճն ինքնամաքրվի, հետո իջեցնում է: Հիմա մենք խառնվելով բնության գործերին` չենք թողնում Սեւանն այնքան բարձրանա (գիտնականները որոշել են 1903,5 մետր), որ հետո մաքրվի ու չճահճանա: Որ ծրագիր էինք ընդունում` գիտեինք, որ 4 մետր պիտի բարձրանա` ինչու դրան ժամանակին չէինք պատրաստվում, այս հարցը նրանն ու ուրիշ պատգամավորներինն էլ էր: Հանրապետական Արմեն Աշոտյանին ավելի լուրջ խնդիրներ էին հուզում` իրավիճակային լուծումներից դենը ժամանակը չէ՞ ավելի լուրջ էկովերլուծություններ անել եւ Սեւանի վերաբերյալ համալիր մոտեցում ձեւավորել, բացի այդ` գուցե ջրային կորուստներն են պատճառը, ոլորտի ձեռնարկությունները լավ չեն աշխատում, դրա համար ենք Սեւանից անընդհատ ջուր ուզում: Պատգամավորներից մի քանիսի ելույթներում արտացոլվեցին այն ենթադրյալ դրդապատճառները, որ կարող են այսպիսի փոխոխությունների առաջարկ ձեւավորել: «Ժառանգության» պատգամավորները խորհրդատվություն էին ստացել ներկա բնապահպաններից եւ հիդրոլոգներից. ըստ նրա` ափամերձ շրջանի մեծ մասամբ ապօրինի սարքված կառույցների տերերն ու ջրի տակ մնալու վտանգին ենթակա ճանապարհն են դրդում այդպիսի ջրառի, բացի այդ` համեմատություններ անելով ամենաչորային` 2000 թվականի հետ եւ մասնագիտական թվեր մեջբերելով, նա նկատեց, որ ամենաերաշտ տարին մոտ 190 խմ է բաց թողնվել: Իսկ Ստեփան Սաֆարյանն ավելի առաջ գնաց իր հետեւություններում, օգտվելով բնապահպան Կարինե Դանիելյանի համեմատություններից, գտնելով, որ տարին կլիմայական առումով բոլորովին էլ աննախադեպ չէ, որ գրեթե կրկնակի ջրառ թույլ տանք, իսկ գյուղացու ոռոգման խնդիր լուծելը մատի փաթաթան դարձնելով` ավելի շուտ ուզում են Սեւանի ջրի հիդրոշահագործումից պետական բյուջեն լցնելու հավելյալ հարկեր են ուզում ունենալ, իհարկե, լրացուցիչ շահույթ կստանան Սեւանի ջրերն օգտագործող բոլոր մասնավոր հիդրոհամակարգերը, այդ թվում` ռուսական «Սեւան-Հրազդան» կասկադը: Մի բացահայտում էլ հիդրոլոգների օգնությամբ արվեց` Սեւանի ջուրն, այնուամենայնիվ, ոռոգման նպատակով այդքան մեծ ծավալով մղելը Արարատյան դաշտ կարող է աղակալման տանել հողերը:
Ա. Անդրեասյանը, պատասխանելով պատգամավորների հարցերից մեկին` տեղեկացրեց, որ ԳԱԱ փորձագիտական լաբորատորիայի եզրակացությունը 330 խմ ջրառի համար է, հանգստացրեց, թե լճի մակարդակն այժմ 1899 սմ-ից ավելի է, անցած տարվա այս պահի համեմատ 20 սմ-ով ավելի է, եւ դրական հաշվեկշիռ կա, ջրառի հետեւանքով ընդամենը 9 սմ-ով պակասի մասին է խոսք գնում, ինչին բնապահպանները համաձայն չեն` բարձր ջերմաստիճանի պատճառով կարող է գոլորշիացումը եւ իջեցումը շատ ավելի մեծ լինել: ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը շատ ավելի մի էական հարց բարձրացրեց. ջրառի հարցը օրենքի նախագծով պետք է կատարվեր, շատ կարեւոր հարց է վճռվում, մինչդեռ փոփոխություններ առաջարկելու միջոցով է այդ արվում, այն էլ երկրորդ անգամ: Արծվիկ Մինասյանը ընդմիջմանը գլուխ էր կոտրում մասնագետի հետ` հիդրոշահագործումից որքա՞ն հարկ է մտնում պետբյուջե (Գագիկ Աբրահամյանը դահլիճում Ա. Անդրեասյանին հարց ուղղելով էր դեռ պարզել, որ լրացուցիչ ջրառի հիդրոշահագործումից ստացված լրացուցիչ հարկերը գնալու են բյուջե), եւ դրա ո՞ր տոկոսն է ծախսվում Սեւանի էկոպահպանության վրա: Պարզվեցՙ հարկային մուտքերից տասնյակ անգամ քիչ. Սեւանը շահագործում ենք անխղճորեն, առանց մտածելու նրան վերադարձնելու մասին, ափամերձ տարածքները նեխող անտառափայտից ազատելու, լիճ լցվող աղտեղությունը մաքրող համակարգերը նորացնելու մասին:
Մի խոսքով` բացի գյուղատնտեսական նպատակներով մատնանշված պաշտոնական հիմնավորումից, լրացուցիչ ջրառի թաքուն դրդապատճառներ կարող են լինել ափամերձ 450 օբյեկտի եւ մոտակա ճանապարհի ջրատակ լինելու վտանգը, հիդրոշահագործումից ստացվելիք լրացուցիչ եկամուտները եւ դրանց հարկային մուտքերը պետբյուջե եւ այլն: Իրավիճակային լուծումները սակայն կարող են այնպես խախտել Սեւանի բնական վերարտադրության մեխանիզմը, որ Սեւանն ապագայում չի կարողանա ուղղել մեջքը, Հայաստանն էլ հետը:
Տեսնենք, թե այսօր ի՞նչ ուղղությամբ կընթանան ելույթները եւ արդյոք ջրառի թիվը մի փոքր նվազեցնելով, այնուամենայնիվ, փոփոխությունը կընդունվի՞, ինչպես կանխատեսում են հնաբնակ պատգամավորները: