«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2008-08-02 | #149, 2008-08-20 | #150, 2008-08-21


ՀԴՄ-ՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐՈՒՄ

Ինչո՞ւ է հրատապ եւ անգամ ուշացած քայլ

Տոնավաճառներում հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) տեղադրման անհրաժեշտության մասին վերջին 9-10 տարվա ընթացքում բազմիցս ենք գրել: Եվ այժմ այն անգամ ուշացած անհրաժեշտություն կարելի է անվանել:

Այս ոլորտը հարկման դաշտ բերելու Հայաստանի իշխանությունների տարբեր ժամանակներ ձեռնարկած քայլերը անարդյունք են եղել, քանի որ տոնավաճառների կազմակերպիչների (սեփականատերերի) դրդմամբ հազարավոր առեւտրականներ դուրս են եկել բողոքի ցույցի կառավարության եւ Ազգային Ժողովի շենքերի առջեւ: Նրանցՙ ըստ էության հարկային դաշտից դուրս մնալու պահանջը իրենց շահերի համար օգտագործել են տարբեր քաղաքական ուժեր եւ մասնավորապես Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Օրինաց երկիրը»: Տոնավաճառային առեւտուրը հեռու է մնացել պետական բյուջե հարկեր վճարելուց, իսկ վերոնշյալ քաղաքական ուժն ու նրա ղեկավարը ստացել են իրենց անհրաժեշտ հազարավոր ձայները:

Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը քաղաքական կամք կցուցաբերի՞ եւ կգնա տոնավաճառների հարկմանը, թե՞, ինչպես իր նախորդները, կվախենա հավելյալ դժգոհություններից եւ բողոքի ցույցերից: Այս հարցադրումն էինք կատարել «Անհնար է լինելու ստվերի դեմ պայքարը» («Ազգ», 2008-ի հունիսի 18) հրապարակման մեջ: Ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, ի տարբերություն նախորդ վարչապետների, գործող վարչապետը, համենայն դեպս ներկա պահին, վճռական է մինչեւ սեպտեմբերի 1-ը տոնավաճառներում ՀԴՄ-ների տեղադրման հարցում: Փաստորեն, քաղաքական կամքը ցուցաբերված է, եւ եթե չլինեն սեփական քաղաքական շահերին այս հարցը ծառայեցնելու ցանկություն ունեցողներ, ապա մանրածախ շրջանառության գերակշիռ մասն արդեն այս տարի որոշակիորեն կարձանագրվի եւ համապատասխան մուտքեր կարվեն պետական բյուջե: Դեռ 2001-ին, մեր կատարած հաշվարկներով, հիմնվելով բացառապես պաշտոնական վիճակագրության ցուցանիշների վրա, պարզել էինք, որ տոնավաճառները հարկման դաշտ բերելը հնարավորություն կտա պետական բյուջե լրացուցիչ 8-10 մլրդ դրամ մուտքեր բերելու: Ակնհայտ է, որ այժմՙ 7-8 տարի անց այդ գումարը կրկնակի ավելի կարող է լինել: Տոնավաճառային ապրանքաշրջանառությունը հարյուր միլիարդավոր դրամների է հասնում եւ կազմում երկրի ընդհանուր շրջանառության մեծ մասըՙ 50-80 տոկոսը տարբեր հաշվարկներով եւ աղբյուրներով:

Սակայն միայն ստվերային տնտեսության դեմ պայքարելն ու հավելյալ գումարներ պետական բյուջե բերելը չէ տոնավաճառներին հարկելու միակ անհրաժեշտությունը: Թեեւ տոնավաճառների տերերն ու առեւտրով զբաղվողները պետք է գիտակցեն, որ իրենք ի վերջո պարտավոր են հարկեր վճարել, որպեսզի իրենց բուժող բժիշկները, իրենց երեխաներին կրթող ուսուցիչները, իրենց անվտանգությունն ապահովող բանակն ու զինվորականները կարողանան պատշաճ աշխատավարձ ստանալով, լավ կատարել իրենց գործը:

Տոնավաճառների ապրանքաշրջանառության արձանագրմամբ նաեւ կտրուկ նվազում է գների չհիմնավորված բարձրացման հավանականությունը, քանի որ հարկման դաշտում գտնվողներն այլեւս չեն կարող ասել, որ իրենք ապրանքը ձեռք են բերել ոչ թե ներմուծող կամ արտադրող կազմակերպությունից, այլ տոնավաճառից եւ նշել իրենց մտքին եկած ապրանքի ձեռքբերման գինը: Դա այլեւս անհնար կլինի, քանի որ, ի տարբերություն ներկա վիճակի, երբ հնարավոր չէ ճշտել, թե որտեղից եւ ինչ գնով են խանութները ձեռք բերում իրենց ապրանքը եւ կտրուկ բարձրացնում դրա գինը, ապա տոնավաճառներում ՀԴՄ-ների առկայությամբ, ամեն ինչ հեշտությամբ հնարավոր կլինի պարզել:

ՀԴՄ-ների տեղադրումը տոնավաճառներում մեզ բոլորիսՙ սպառողների համար հնարավորություն է ստեղծում օգտվելու գնված եւ անորակ ապրանքը հետ վերադարձնելու օրենքի ընձեռած հնարավորությունից: Բացի այդ, քանի որ տոնավաճառներից դուրս գտնվող առեւտրի օբյեկտներում տեղադրված են ՀԴՄ-ներ, ապա դրանց բացակայությունը տոնավաճառներում անհավասար դաշտ եւ անարդար առավելություն է ստեղծում հօգուտ վերջիններիս: Այսինքն, մրցակցային եւ հարկման դաշտի հավասարեցման հարցն է լուծվում: Եվ մեկ այլ կարեւոր հանգամանք է մաքսանենգ ապրանքների անարգել վաճառքը տոնավաճառներում, որը, եթե չասենք ՀԴՄ-ների տեղադրմամբ կվերանա, ապա խիստ կդժվարանա:

Ինչ մնում է տոնավաճառներում առեւտուր իրականացնողներիՙ ՀԴՄ-ների տեղադրմանը դեմ փաստարկներին, ապա դրանցից օբյեկտիվը միայն հարկային ծառայության կողմից սուբյեկտիվ եւ անհարկի ստուգումների հավանականությունից նրանց զգուշանալն է: Սա պետք է բացառվի ինչպես տոնավաճառների դեպքում, այնպես էլ ընդհանրապես: Ստուգումները պետք է կատարվեն, եթե ՀԴՄ-ի գրանցած առեւտրաշրջանառության ծավալները կասկածելիորեն քիչ են երեւում:

Վերջում, սակայն, արձանագրենք, որ տոնավաճառներում դեռ չեն երեւում ՀԴՄ-ների տեղադրման նշանները, իսկ մինչեւ սեպտեմբերի 1-ը շատ ժամանակ չի մնացել: Հետաքրքրական է, թե որո՞նք են հապաղման պատճառները...

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4