«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2008-08-02 | #149, 2008-08-20 | #150, 2008-08-21


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼՐՋԱԳՈՒՅՆ ԱՆԵԼԻՔԸ ԳՅՈՒՂՈԼՈՐՏՈՒՄ

Զարգացած երկրների վիճակագրությանը ծանոթանալիս նկատում ենք, որ գյուղոլորտում գերադասում են երկրի 2 բնակչի հաշվով 1 խոշոր կաթնամսատու եւ 3 հավ ունենալՙ մարդ արարածին անչափ անհրաժեշտ սպիտակուցներով բավարարելու նպատակով: ՀՀ-ում գերադասում են իրենց քաղաքացիներին կարտոֆիլով սնել:


Այս oրերին ՀՀ նախագահի ու ՀՀ վարչապետի աշխատակազմերից հերթական գրությունները կուղարկվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, որ այս ու այս հողoգտագործողներից դիմումներ են ստացվել, որ չեն կարողանում իրացնել իրենց արտադրած կարտոֆիլը եւ խնդրում են օգնել: Օրինակ, համանման դիմումով Ս. Սարգսյանին է դիմել Մասիսի տարածաշրջանի բնակիչ Կ.Գ.-ն, որը տան գրավի դիմաց բանկերից մեկից 6 մլն դրամ վարկ է վերցրել, 1 կգ-ը 250 դրամով 14 տոննա կարտոֆիլի տնկանյութ ձեռք բերել եւ հիմա չգիտի ինչ անել մոտ 120 տոննա աճեցրած բերքը: Բոլոր ուժային կառույցները, ովքեր հայ հողի մշակի արտադրանքի հիմնական մեծածախ գնորդներն են, արդեն լուծել են իրենց խնդիրները եւ մերժել են Կ. Գ.-ին, անգամ 1 կգ-ի դիմաց նրա առաջարկած 50 դրամի պարագայում: Համանման վիճակ էր նաեւ 2007-ի աշնանը, սակայն կարտոֆիլագործները ձմռան պայմաններում կարողացան պահպանել իրենց արտադրանքն ու գարնանը ինչ-որ ձեւով իրացնել: Հիմա, 30 աստիճան տապի պայմաններում կարտոֆիլի պահպանումը դժվարին խնդիր է. այն մշակող հողագործներից մեկը նշում է, որ շատերը գերադասում են բերքը պարզապես հողի տակ թողնել: Թե ինչ կստացվի այս փորձարարությունից, ցույց կտա ժամանակը:

Այդ նույն ժամանակը անողոք է վարկառու հողագործների հանդեպ, ովքեր մոտալուտ վտանգը զգալով, սարսափի դրսեւորումներ են ցուցադրում: Այս իրողությանը կարծես պատասխան չկա, եթե բացառենք` դե, բիզնես է, աճեցրել ես, որ վաճառես ու շահ ստանաս, ուրեմն եւ շարժվիր ինչպես հարմար ես գտնում խոսքերը: Բայց դեմդ ողբերգության եզրին հայտնված մարդ է, գերադասում ես լռել:

Համանման մի իրավիճակ եղել է 1850-ականներին Իռլանդիայում, որին անդրադարձել է Նոբելյան մրցանակակիր Ամանտա Սենը: Իրենց առօրյա սնունդը իռլանդացիները կազմակերպել են հիմնականում կարտոֆիլի հիման վրա, սակայն ոչ գերարտադրություն իրականացնելով: Իսկ երբ մի քանի տարի շարունակ երաշտ է արձանագրվել, երկրում խուճապ է առաջացել, սկսվել է իռլանդացիների արտագաղթը: Սակայն իռլանդացիները շատ շուտ հետեւություն են արել իրենց թույլ տված սխալից. նրանք ելքը տեսել են անասնապահության զարգացման մեջ, որը գյուղացուն ամենօրյա եկամուտ է ապահովում: Այսօր 4 մլն բնակչություն ունեցող այս երկրում պահում են 7 մլն խոշոր եղջերավոր, 1,6 մլն խոզ եւ 13 մլն հավ: Այս կենդանատեսակները լիարժեք կերակրելուն են թերեւս ուղղված իրենց երկրում չաճող եգիպտացորենի, որպես լիարժեք անասնակերի հսկայածավալ ներկրումները, մոտ 40 մլն դոլարի: Նրանք հպարտությամբ են նշում իրենց երկրի, ասենք, 2006-ի 161 մլրդ դոլար համախառն ներքին արդյունքի, 73 մլրդ բյուջեի մասին, որոնց մեր ցուցանիշները համեմատելու տեղ չկա: Մեր երկրի կառավարիչները, եթե շարունակեն ՀՀ մշակվող ողջ տարածքում կարտոֆիլի ու կաղամբի, ծիրանի ու խաղողի աճեցումը խթանել, իռլանդացիների ՀՆԱ-ի անգամ 10 տոկոսը չեն ապահովի: Պարզ մի պատճառով, որովհետեւ գյուղատնտեսությունում առավել արդյունավետություն ձեռք է բերվում անասնապահության ոլորտում: Զարգացած երկրներում գյուղատնտեսության բուսաբուծության ու անասնապահության ոլորտների հարաբերությունում գերակայությունը տրվում է վերջինին, իսկ ՀՀ-ում հարաբերակցությունը 1-ը 2-ի է` հօգուտ բուսաբուծության: ՀՀ-ում այս հարցում մինչ վերջին 2 տարիները որեւէ փոփոխության նշույլ չկար. պահվում էին մոտ 580 հազար գլուխ խոշոր եղջերավոր, 100-120 հազար խոզ եւ 4 մլն հավ: Լիարժեք կերերի իսպառ բացակայության հետեւանքով կովերի տարեկան կաթնատվությունը չի հասնում 1800 լիտրի, կաթնամսատու կովերի օրական քաշաճը հազիվ կազմում է 300 գրամ, երբ զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրներում դրանք համապատասխանաբար 8-10 հազար լիտր եւ 1000-1100 գրամ են:

Ի՞նչ կատարվեց վերջին 2 տարիներին: 2007-2008 թթ. ՀՀ կառավարության հատկացրած միջոցներով ներկրվեցին ավստրիական բարձր կաթնատվության կովեր, տասնյակ հազարավոր հողօգտագործողների անհատույց տրվեցին եգիպտացորենի սերմեր, սեփական անասնագլխաքանակների համար լիարժեք կերեր արտադրելու նպատակով: Հանրապետությունում եգիպտացորենի հատիկի 100-հազարավոր տոննաների, եթե չասենք 1 մլն տոննայի պահանջարկ կա, որը արտադրել սկսելու սկիզբն է դրվել, թող որ վերակենդանացված ինչ-որ գաղափարի հատուկ դժվարություններով: Այստեղ հսկայական անելիք ունի ՀՀ կառավարությունը, իր տարածքային կառավարման, գյուղատնտեսության նախարարությունների, այլ ենթակառուցվածքների սրտացավ օգնությամբ: 2007 թվականի մաքսային տվյալներով 4 հիմնական սննդախմբերում` պատրաստի սննդի արտադրանք, բուսական ծագման արտադրանք, կենդանական սննդի արտադրանք, կենդանական ու բուսական ծագման յուղեր ու ճարպեր, ՀՀ ներկրումները կազմել են 775 մլն դոլար: Եթե այս թիվը բաժանենք մեր մոտ 340 հազար գյուղացիական տնտեսությունների վրա, կստացվի, որ նրանցից յուրաքանչյուրը կարող էր տարեկան 2-2,3 հազար դոլարի լրացուցիչ գյուղարտադրանք թողարկել, որը եթե մեծ թիվ չէ, ասենք, արդեն հիշատակված իռլանդացիների համար, զգալի գումար է հայ հողագործի համար: Բայց մենք վերջին ամիսներին կարծես հետողորմյա ասելով շարունակում ենք բանջարաբոստանային ու այգեգործական ոլորտներն առավել խթանել, նվազագույն ուշադրություն դարձնելով անասնապահությանը, այդ կերպ դառնալով նաեւ այլոց բանջարաբոստանային կցորդը: Արդյոք զարգացման նշաննե՞ր են ցուցադրում աշխարհում թեյի ու շաքարեղեգի մենաշնորհներ ունեցող Շրի Լանկան ու Կուբան, բանան ու սուրճ արտադրող տասնյակ երկրներ: Մեր օրերում է, չէ՞, որ Բրազիլիան զարկ տվեց անասնապահությանը եւ իր այս արտադրատեսակներով հեղեղել է ողջ աշխարհը: Թուրքերը Եվրոպա 60 հազար տոննա տոմատի մածուկ արտահանելու իրենց քվոտան 30 հազար տոննայի իջեցրին ոչ հայ արտադրողների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով: Նրանք գերադասեցին զարգացնել թռչնաբուծությունը եւ այսօր երկրում պահում են 330 մլն հավ: Մենք փորձում ենք հակառակն անել, մեր մարդկանց օսլայով սնել. արդեն իսկ ահազանգեր են հնչում, որ սպիտակուցներով հարուստ սննդատեսակների անբավարար օգտագործման հետեւանքով մեզանում նկատվում է հայերիս բնորոշ կենսագործունեության որոշակի նվազում, իսկ հանրահայտ է որ կաթնամսատու կենդանիների գենետիկական ներուժի օգտագործման լավագույն միջոցը եգիպտացորենն է: Ինչո՞ւ. որովհետեւ այս մշակաբույսի 1 կերամիավորը 1,33 կիլոկալորիա է պարունակում, 1 հեկտարի սերմացուի քանակը հազիվ 20 կգ է, բերքը` 80-100 ցենտներ: Ահա ինչու է 2000 թվականից սկսած եգիպտացորենի համաշխարհային արտադրությունը անցել 700 մլն տոննան, երբ հացահատիկը մնում է 650-670 մլն տոննայի սահմաններում:

Լրագրային էջն անշուշտ այն տեղը չէ, ուր հարկ է գյուղքաղաքականության վերաբերյալ տեսակետներ հնչեցնել: Սակայն չասել նաեւ, որ արդեն հիշատակված Կ. Գ.-ի պես տասնյակ հազարավորների օրինակով իշխանությունն այստեղ լրջագույն անելիքներ ունի, նույնպես հնարավոր չէ. եթե, իհարկե, չի ցանկանում նրան աղքատ պահելով մշտապես իր շահերին ծառայեցնել:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, ՀՀ գյուղնախարարի խորհրդական


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4