«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2008-08-02 | #149, 2008-08-20 | #150, 2008-08-21


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸՙ 10,6 ՏՈԿՈՍ

Արտահանման ծավալների անկումը շարունակվում է

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալներով, այս տարվա հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական աճը կազմել է 10,6 տոկոս: Այսինքն, արդեն երկրորդ ամիսն է, ինչ տնտեսական աճը դարձյալ երկնիշ է դարձել, ինչը չէր արձանագրվել այս տարվա փետրվարից մինչեւ հունիս: Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 1 տրիլիոն 736 մլրդ 187 մլն դրամ: Ընդ որում, հուլիսին հունիսի համեմատ ՀՆԱ աճը կազմել է ավելի քան 21 տոկոս:

Շարունակվում է բարձր աճ արձանագրվել ծառայություններիՙ 15 տոկոս եւ շինարարությանՙ 14 տոկոս ոլորտներում: Վերջապես աճ է արձանագրվել նաեւ արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալումՙ 1,8 տոկոսով: Առանց էներգետիկայի արդյունաբերության արտադրանքի աճը կազմել է 1 տոկոս: Հարկ է նշել, որ արդյունաբերության մեջ վերջին ամիսներին ոչ միայն աճ չէր արձանագրվում, այլեւ ծավալների փոքր նվազում էր տեղի ունենում: Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 2,7 տոկոսով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը հունվար-հուլիսին աճել է 6,9 տոկոսով: Մանրածախ առեւտրաշրջանառության աճը կազմել է 6,1 տոկոս:

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2008-ի հունվար-հունիսին ավելացել է 29,5 տոկոսով եւ կազմել 2 մլրդ 920 մլն դոլար: Արտահանման ծավալներն արդեն երկրորդ ամիսն է, ինչ նվազում են արձանագրում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հունվար-հուլիսին արտահանումը նվազել է 0,2 տոկոսով եւ կազմել 628 մլն դոլար: Թեեւ հուլիսին հունիսի համեմատ այստեղ 8,7 տոկոս աճ է գրանցվել, բայց, ընդհանուր առմամբ, արտահանման ծավալների նվազումը պետք է կառավարության լուրջ մտահոգությունն առաջացնի:

Ներմուծումը կազմել է 2 մլրդ 292 մլն դոլար, աճելով 40,9 տոկոսով: Բացասական հաշվեկշիռը կազմել է 1 մլրդ 664 մլն դոլար: Ներմուծման մեջ շարունակում են գերակշռել ավտոմեքենաները, սարքավորումները եւ հանքահումքային ապրանքները:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում մարտին կազմել է մոտ 88 հազար դրամ, մասնավոր հատվածում կազմել է 108 հազար դրամ, բյուջետայինումՙ մոտ 62 հազար դրամ: Աշխատավարձերի միջին աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 20,4 տոկոս:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4