«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2008-08-02 | #149, 2008-08-20 | #150, 2008-08-21


ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ-100

«Աշխարհում չկա մի հայ, որը չկարողանա գրել», -այսպես է գրել Սարոյանը իր պատմվածքներից մեկում ու մեկնաբանել.

«Չեմ հավատում, թե մեկ ուրիշ լեզու կարող է այդքան մաքուր, մտերմիկ ու վեհապանծ լինել, որքան մեր լեզուն: Հայերենը մի լեզու է, որտեղ կեղծությունը անհնարին է: Իրականում այս լեզուն զարգանում է բացառապես իր ժողովրդին մի ընտանիքում պահելու համար: Եթե լինեին ժամանակակից սրբեր` նրանց տառերը հայերեն կլինեին, ու եթե աշխարհն իր համար մի նոր Աստվածաշունչ գրելու լիներ` հայերեն կգրեր: Մյուս լեզուները գիտության կամ մշակույթի առաջընթացի համար են, բայց հայերենը ստեղծվել է մարդկային հարաբերությունների ընդլայնման ու կատարելագործման, նաեւ մարդկային ոգին ազնվացնելու համար»:

Սարոյանից ավելի լավ ուրիշ ո՞վ կարող է այդպես մտածել եւ գրել, որ հայերենը ամենափառավոր լեզուներից մեկն է, եւ զարմանալի չէ, որ գրողի հոր ընկեր, բիթլիսցի ատաղձագործ Սարգիս Ջանյանը նույնպես բանաստեղծություններ է գրել ու դա բացատրել է այսպես. «Վերցնում եմ մի անուն ու բոլոր տողերը սկսում եմ անվան տառերով` հեշտ գործ չկարծես: Ամեն մարդու բանը չէ: Բոլորն էլ գրել գիտեն, բայց չեն կարող անվան տառերով բանաստեղծություն գրել: Նույնն է, ինչ պատմվածք գրելը: Բոլորն էլ պատմվածք են գրում, բայց ոչ քո պատմվածքների պես: Քոնի համն ու հոտը ուրիշ է»:

Ինքը` Վ. Սարոյանը, նույնպես համոզված է, որ Սարգիս Ջանյանը իսկական, ճշմարիտ բանաստեղծ է, եւ նրա ամբողջ կյանքը պոեզիա է:

Խոստովանենք, որ Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններում արտացոլվել են ոչ միայն հայկական սիրտն ու հոգին, այլեւ համամարդկային այնպիսի արժեքներ, որոնք ընդհանուր են աշխարհի բոլոր կողմերում ապրողների եւ բոլոր ժամանակների համար:

Երիցս իրավացի էր մեծն գրողը, երբ հայտարարում էր, որ իր գրվածքները կհայտնաբերվեն նորից ու նորից, որովհետեւ նա քարոզում էր անսահման բարություն ու մարդասիրություն եւ ըմբոստանում մարդկային չարության, նախանձի ու եսամոլության դեմ: Վերընթերցելով նրա ստեղծագործությունները, հասկանում ես, որ նա եղել է այն հազվագյուտ մարդկանցից մեկն աշխարհում, ում համար կարեւոր չէին ազգային, տարիքային եւ այլ սահմանափակումները, որոնց այսօր հաճախ ենք բախվում: Սարոյանի համար ամենակարեւորը աշխարհում մարդ արարածի էությունն ու զգացմունքներն են: Նա ակնհայտորեն զարմանում էր աշխարհում տիրող անափ չարության վրա եւ իր զարմանքն ու զայրույթն արտահայտում հետեւյալ տողերում. «Ես համոզված եմ, որ այնուամենայնիվ աշխարհում ինչ-որ տեղ, ինչ-որ բան սխալ է»: Թող որ մեզանից յուրաքանչյուրը դաս քաղի Սարոյանից եւ փորձի ուղղել նրա մատնանշած սխալները եւ առաջնորդվի համամարդկային արժեքներով, որպեսզի աշխարհը ողողվի լույսով, բարությամբ եւ սիրով: Այդպիսին է 100-ամյա մեր պանծալի հոբելյարի պատգամը իր հայրենակիցներին:

ՄԵԼՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4