Երեկ «Հրազդան» մարզադաշտում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականը հյուրընկալել էր Թուրքիայի իր հասակակիցներին: Սկզբունքային նշանակություն ունեցող հանդիպումը, որին ներկա էին ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանն ու Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչները, անցավ համառ մրցապայքարում: Հայ ֆուտբոլիստներն ամեն ջանք գործադրեցին հաջողության հասնելու եւ մայիսին թուրքերից մեր պատանեկան հավաքականի կրած պարտության դիմաց վրեժխնդիր լինելու համար:
Խաղասկզբում ավելի ակտիվ էին հյուրերը, որոնք մեծ ուժերով էին գրոհում: Իսկ ահա դաշտի տերերը խաղը կառուցել էին հակագրոհների վրա, առջեւի գծում թողնելով միայն Հովհաննես Գոհարյանին, որը միայնակ էր գործումՙ անհրաժեշտ աջակցություն չստանալով խաղընկերներից: Աստիճանաբար մեր ֆուտբոլիստները տիրեցին նախաձեռնությանը եւ սկսեցին ավելի ակտիվորեն գրոհել: 17-րդ րոպեին մեր հավաքականն առաջին վտանգավոր պահը ստեղծեց, սակայն Գեւորգ Ղազարյանի հարվածը շեղ էր: 2 րոպե անց վարպետ խաղով աչքի ընկավ Գոհարյանը, որը տուգանայինի մատույցներում գեղեցիկ հնարքով խաբս տվեց պաշտպանին եւ հարվածեց դարպասին: Սակայն դարպասապահը փրկեց դրությունը: 40-րդ րոպեին էլ տուգանայինի խաղարկումից հետո Արթուր Ստեփանյանը փորձեց գլխի հարվածով գրավել դարպասը, բայց կրկին հաջող խաղաց դարպասապահը: Իսկ ահա խաղակեսի վերջին րոպեին վտանգավոր պահ ստեղծվեց արդեն մեր հավաքականի դարպասին: Արթուր Եդիգարյանը քիչ էր մնացել գրավեր սեփական դարպասը:
Երկրորդ խաղակեսում էլ մեր ֆուտբոլիստները շարունակեցին ակտիվ խաղը: Թեեւ 67-րդ րոպեին Աբդուլլահ Դուրակը օգտագործելով Միխեիլ Սիմոնյանի կոպիտ սխալըՙ բացեց հաշիվը, սակայն հայ ֆուտբոլիստները դրսեւորելով կամք ու վճռականություն, ցուցադրելով վարպետ խաղ, կամային հաղթանակ տոնեցին: Նախՙ 89-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո Կառլեն Մկրտչյանը հավասարեցրեց հաշիվը, ապա ավելացված ժամանակում Հենրիխ Մխիթարյանը «պատ» խաղարկելով Գոհարյանի հետՙ մեն մենակ դուրս եկավ դարպասապահի դիմաց ու խփեց հաղթական գնդակը:
Այսպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականը արժանի հաղթանակ տարավ թուրքերի նկատմամբՙ ուրախություն պատճառելով հայ ֆուտբոլասերներին: Հուսանք, որ երիտասարդների հաջողությունը կոգեւորի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին եւ կնպաստի սեպտեմբերի 6-ին կայանալիք խաղում մեր ընտրանու հաղթանակին:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Չեխիա | 6 | 4 | 2 | 0 | 19-2 | 14 |
2. Թուրքիա | 6 | 4 | 1 | 1 | 12-6 | 13 |
3. Ուկրաինա | 7 | 4 | 0 | 3 | 15-7 | 12 |
4. Հայաստան | 7 | 3 | 1 | 3 | 8-12 | 10 |
5. Լիխտենշտեյն | 8 | 0 | 0 | 8 | 4-31 | 0 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ