Ինչպես հայտնի է, հուլիսի 31-ին Երեւանի «Արարատը» ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության պատասխան խաղում Լուգանոյում մրցեց շվեյցարական «Բելինցոնայի» հետ, որին Աբովյանում զիջել էր 0-1 հաշվով: Պատասխան խաղում էլ արարատցիները պարտվեցին 1-3 հաշվով ու դուրս մնացին հետագա պայքարից:
Շվեյցարիայի ազգային մարմիններից «Ազգի» ստացած հավաստի տեղեկության համաձայն, Լուգանոյում գտնվելու ժամանակ հայ համայնքի ներկայացուցիչներն արարատցիներին նախապես հրավիրել էին խաղից հետո ռեստորանում կազմակերպվելիք ճաշկերույթին: Սակայն որքան մեծ է եղել նրանց հիասթափությունն ու վրդովմունքը, երբ պարզվել է, որ գործադրած ջանքերն ապարդյուն են անցել: Խախտելով հյուրընկալության տարրական նորմերն ու անտեսելով նախնական պայմանավորվածությունը, արարատցիներն այդպես էլ ճաշկերույթին չեն ներկայացելՙ իրենց վերաբերմունքով փաստորեն արհամարհելով հայ համայնքի ներկայացուցիչներին: Վերջիններս էլ այս առիթով իրենց վրդովմունքն են հայտնել «Ազգին» : Նման վերաբերմունքը պատիվ չի բերում որեւէ մեկին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ