Ֆուտբոլի Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական մրցաշարին նախապատրաստվող Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը Լիտվայի Պալանգա քաղաքում մասնակցում է պատանեկան ընտրանիների ընկերական մրցախաղերին: Մեր հավաքականը, որում հանդես են գալիս առաջին խմբի մասնակից «Պատանի» թիմի ֆուտբոլիստները, ընդգրկված է առաջին խմբում, որտեղ մրցակիցներն են Ռուսաստանի, Մոլդովայի եւ Լիտվայի հավաքականները:
Առաջին խաղում Սամվել Պողոսյանի սաներն ուժերը չափեցին Ռուսաստանի իրենց հասակակիցների հետ: Մեկնարկն անհաջող էր: Մեր ֆուտբոլիստները մրցակցին զիջեցին 0-3 հաշվով: Առաջին խմբի մյուս խաղում մոլդովացիները 5-1 հաշվով առավելության հասան մինչեւ 17 տարեկանների Լիտվայի 2-րդ հավաքականի նկատմամբ: Վերջինս այս մրցաշարում փոխարինել է Վրաստանի հավաքականին, որը վերջին պահին հրաժարվեց մրցաշարի մասնակցությունից:
Երկրորդ խմբում կայացած 2 հանդիպումներն էլ ավարտվեցին ոչ-ոքի: Լիտվա-Բելառուս խաղում մրցակիցները մեկական գնդակ փոխանակեցին, իսկ Լատվիայի եւ Ադրբեջանի հավաքականների մրցավեճում դարպասները մնացին անառիկ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ