Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հաղորդում են, որ Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու առթիվ հարուցված քրեական գործերով ընթացող դատավարությունների ժամանակ որոշ վկաներ երբեմն հրաժարվում են իրենց նախաքննական ցուցմունքներից: Արմավիրի մարզի դատախազությունում քննությամբ պարզվել է մեղադրյալի հարազատների կողմից վկայի նկատմամբ ճնշում գործադրելու նմանատիպ հերթական դեպքերից մեկը: Էջմիածին քաղաքի բնակիչ Կ. Առաքելյանը ոստիկանության բաժին հաղորդում է տվել, որ որոշ անձինք սպառնացել են սպանել իր հորըՙ Ա. Առաքելյանին, եթե վերջինս դատարանում ցուցմունք չտա մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով հարուցված քրեական գործով մեղադրյալ Գ. Մանուկյանի օգտին: Պարզվել է, որ հարուցված քրեական գործով մեղադրյալ, Արմավիրի մարզի բնակիչ Գ. Մանուկյանի հարազատներՙ Հ. Մանուկյանը, Ա. Անդրեասյանը եւ Գ. Անդրեասյանը սպանության սպառնալիքներ տալով սույն գործով որպես վկա հարցաքննվող Ա. Առաքելյանին, հարկադրել են դատաքննության ժամանակ սուտ ցուցմունք տալ: Փաստի առթիվ Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:
Արագ քննություն եւ բացահայտում
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցուցում է տվել հանրապետության իրավապահ մարմիններին «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանի նկատմամբ տեղի ունեցած բռնության փաստի կապակցությամբ քննությունը հնարավորինս արագ անցկացնելու եւ դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը: