ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ
Օգոստոսի 24-ին Herald Tribune ազդեցիկ օրաթերթը հրապարակել է ՀՀ նախկին արտգործնախարար, Երեւանի Civilitas հիմնարկության հիմնադիր-ղեկավար Վարդան Օսկանյանի հետեւյալ հոդվածը, որ ներկայացվում է թարգմանաբար:
Թեեւ մոտալուտ վտանգը տեսանելի էր, վրաց-ռուսական վերջին առճակատումը հիրավի ցնցեց բոլորիս: Չնայած ռազմատենչ կոչերի սաստկացմանը եւ զինված ուժերի հզորացմանը` ոչ ոք չէր պատկերացնում, որ ուղերձների շփոթը եւ խրթին օրակարգերը նման վերջաբան կունենան` պատճառ դառնալով այդչափ ավերածության, զոհերի եւ աշխարհաքաղաքական քաոսի:
Հարավային Օսիայի հակամարտությունը պետք չէ դիտարկել բացառապես վրաց-ռուսական հարաբերությունների ընդլայնված շրջանակի մեջ: Այն, ի վերջո, էթնիկ հակամարտություն է, եւ նման հակամարտությունները Կովկասում մի քանիսն են: Ուստի, պետք է հնչի որպես միջազգային հանրությանն ուղղված զգոնության կոչ: Եթե այսօր մտահոգություն է պատճառում խողովակաշարերի անվտանգությունը, ապա պատկերացրեք այն շատ ավելի իրական վտանգները, որոնք գլուխ կբարձրացնեն Լեռնային Ղարաբաղի կապակցությամբ` ադրբեջանա-հայկական հակամարտության բռնկման պարագայում: Հետեւապես, այս տարածաշրջանում առկա` էլ ավելի բարդ հակամարտությունների կարգավորման գործընթացում լուրջ հաջողության հասնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է արագորեն լուծել անվտանգության եւ կայունության` համեմատաբար ավելի դյուրին խնդիրները:
Եթե կնքվի ուժի օգտագործումը բացառող, պարտադրելի, կուռ եւ անխախտելի անվտանգության դաշնագիր, տարածաշրջանում առկա հակամարտությունները կդիտարկվեն լիովին այլ` ավելի մեծ վստահության եւ հանդուրժողականության համատեքստում: Քանի դեռ չկա անվտանգության դաշնագիր, հակամարտությունները ոչ միայն սառեցված չեն, այլեւ ուղեկցվում են սպառազինությունների կուտակմամբ` երեւույթ, որն ինքնին ապակայունացնող է, աղճատում է պետությունների բյուջեները եւ սասանում քաղաքացիական հասարակության բնականոն զարգացումը:
Մեր պետությունների եւ ժողովուրդների` Կովկասում մեկ ընդհանուր հովանու ներքո ապրելու պատմությունը շատ ավելի երկարատեւ է եւ հարուստ, քան բաժանման շրջանը: Այսօր բոլորս փայփայում ենք եվրոպական ինտեգրման միեւնույն տեսլականը: Հետեւաբար, մեզ միավորող տեսլականը շատ ավելի հզոր է եւ տոկուն, քան մեզ բաժանողը: Հենց եվրոինտեգրման ընդլայնված շրջանակում է, որ պետք է լուծվեն մեր հիմնախնդիրները:
Թեեւ Եվրոպայի հետ ինտեգրումը վիճելի չէ, բայց ՆԱՏՕ-ի ընդլայնումը տեղիք է տալիս որոշակի տարակարծությունների: Պատմությանը հայտնի չեն այնպիսի դեպքեր, երբ կոնկրետ թշնամուն պարտության մատնելու նպատակով ձեւավորված մեծ դաշինքներից որեւէ մեկը գոյատեւի իր առջեւ դրված խնդիրը լուծելուց հետո: Սա վերաբերում է թե՛ նապոլեոնյան պատերազմներին, թե՛ Առաջին, եւ թե՛ Երկրորդ աշխարհամարտերին:
Սառը պատերազմում Արեւմուտքի հաղթանակից հետո տեղի ունեցավ երկու բան: ՆԱՏՕ-ն փորձեց վերաիմաստավորել իր գոյությունը` ուշադրություն եւ միջոցներ կենտրոնացնելով այլ տարածաշրջաններում եւ լուծելով այլ հրատապ խնդիրներ: Ռուսաստանին «զսպելը» հայտարարված ծրագրերի մեջ չկար: ՆԱՏՕ-ն ստեղծեց նաեւ Եվրատլանտյան գործընկերության խորհուրդ, որին մասնակցելու հրավեր ստացան արեւելյան դաշինքի եւ նախկին Խորհրդային Միության բոլոր հանրապետությունները: Դա հեռատես մոտեցում էր` մնայուն դառնալու բոլոր նախադրյալներով: Չէ՞ որ հենց այդպես էին իրենց գործունեության արդյունավետությունը բարձրացրել ԵԱՀԿ-ն եւ Եվրոպայի խորհուրդը` իրենց կազմի մեջ ներառելով ԽՍՀՄ փլուզումից հետո անկախացած պետությունները: Իրենց ներգրավվածությունը եւ կենսունակությունն ապահովելուց զատ, նշված կազմակերպությունները վիթխարի օգուտ բերեցին մեր պետությունների աճին եւ զարգացմանը:
ՆԱՏՕ-ն, սակայն վաղուց հասած լինելով իր հռչակած նպատակին, ծրագրում էր շարունակել գործել նույն ոգով եւ նույնիսկ տարածվել: Հաշվի առնելով անվտանգության միջավայրի փոփոխությունները, ինչպես նաեւ անվտանգության ոլորտում Ռուսաստանի դյուրազգացությունը, այդ քայլը, ըստ երեւույթին, ռազմավարական սխալ էր: ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի բուռն ցանկությունը հասկանալի է: ՆԱՏՕ-ին անդամակցելու պարագայում Վրաստանին սպասող անվտանգության օգուտները, սակայն, կչեզոքացվեն Կովկասում բաժանարար գծի անցկացմամբ, որը հղի կլինի անվտանգության մարտահրավերներով:
Թերեւս եկել է Կովկասի պահը` պատմական հնարավորության տարածաշրջանի անվտանգության նոր դաշնագրի համատեքստում: Որպեսզի Բրյուսելը, Վաշինգտոնը եւ Մոսկվան հանդիպեն Թբիլիսիի, Երեւանի եւ Բաքվի հետ` ստեղծելու որեւէ ճամբարի մեջ չմտնող, անվտանգության կազմակերպություններին եւ հակադիր դաշինքներին չմասնակցող Կովկաս: Այդօրինակ դրական, ներգրավված եւ մասնակցային չեզոքությունը հնարավոր է եւ օրհնաբեր` բոլորին:
Դա առավելագույնս բխում է մեր խիստ դյուրավառ տարածաշրջանի շահերից: Վրաստան-Ռուսաստան հարթության վրա ԱՄՆ-Ռուսաստան առճակատման հետեւանքով կյանքը շատ կբարդանա ոչ միայն մեզ մոտ` Հայաստանում, այլ նաեւ Ադրբեջանում եւ Թուրքիայում:
Գոյապահպան անվտանգության այս հարցադրումների լույսի ներքո պետք է դիտարկել Կովկասի կայունության եւ համագործակցության հարթակ ձեւավորելու վերաբերյալ Թուրքիայի վերջին առաջարկը:
1999 թվականին շրջանառության մեջ դրվեց Կովկասի անվտանգության դաշնագրի գաղափարը: Վերջինս բարեհաճ ընդունելության արժանացավ, քանզի մեր տարածաշրջանում ուժի գործադրման մասին հիշողությունները դեռ թարմ էին, իսկ անվտանգության ապահովման միջոցների հրատապությունը` ակնհայտ: Ռուսական շահերի նկատմամբ դիմադրությունը դեռ չէր խորացել, եւ չկային միջնորդավորված լարվածության դրսեւորումներ: Նույնիսկ այդ մեղրամսի պայմաններում գաղափարը կյանքի չկոչվեց:
Այսօր կրկին ուժ է կիրառվել, թերեւս այդ պատճառով է նորից մակերես բարձրացել վերոհիշյալ գաղափարը: Այնուամենայնիվ, սառը պատերազմի փիլիսոփայությունն այսօր սպառնում է վերադառնալ` բաժանարար գծեր անցկացնելու այս լեռներում եւ ծայր աստիճան բարդացնելու տարածաշրջանային բոլոր հարաբերությունները կամ, ավելի ստույգ, այն, ինչ մնացել է այդ հարաբերություններից:
Հետեւաբար, Թուրքիայի առաջարկն անկասկած հետաքրքրական է, եւ ոչ ոք չի վիճարկում խնդրի հրատապությունը:
Սակայն, գաղափարը պետք է ճիշտ մշակել եւ ճիշտ իրագործել: Այստեղ առկա է վստահելիության խնդիրը: Մեր տարածաշրջանում նման փորձ արդեն կա` երբ լավ մտադրություններն անիրագործելի են դարձել հենց այն քաղաքական խնդիրների պատճառով, որոնց լուծման համար դրանք ձեւակերպվել են: Սեւծովյան տնտեսական համագործակցության ստեղծման նպատակն էր միավորել նրանց, ովքեր մինչ այդ չէին կարողանում գործակցել ոչ տնտեսական, ոչ այլ բնույթի խնդիրներ լուծելու ուղղությամբ: Սեւծովյան տնտեսական համագործակցության արդյունավետությունը սահմանափակ է եղել, քանզի Թուրքիան, ունենալով հեռատեսություն, այնուամենայնիվ չի դրսեւորել բավարար կամք` տեսլականն իրականության վերածելու համար, չկարողանալով այդ կառույցի միջոցով հարաբերություններ հաստատել Հայաստանի նման երկրի հետ` որի հետ նրա սահմանները մնում են փակ:
Առկա լարվածության պայմաններում այսօրվա առաջարկը պետք է լինի ավելի լուրջ եւ հավասարակշռված: Որեւէ մեկի մասնակցությունը չպետք է բացառվի: Անվտանգության հիմնախնդիրները միահյուսված են եւ պետք է լուծվեն անվտանգության դաշնագրի միջոցով, որը կունենա անվտանգության համապարփակ, ուժեղ բաղադրիչ:
Նախորդ շաբաթ Բաքու կատարած այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Էրդողանը քննարկեց Թուրքիայի ծրագիրը եւ հրապարակայնորեն խոսեց Հայաստանի ներգրավման մասին: Գերազանց զուգադիպություն է, որ Թուրքիայի նախագահ Գյուլը Հայաստանի Հանրապետության նախագահից հրավեր է ստացել` միասին դիտելու ֆուտբոլի ազգային հավաքականների մասնակցությամբ մոտ օրերս տեղի ունենալիք խաղը: Սա պատեհ առիթ է, որպեսզի երկու հարեւանները քննարկեն անվտանգության ընդհանուր մարտահրավերները եւ ուղի հարթեն խաղաղության տարածաշրջան կերտելու համար: