«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2008-08-22 | #152, 2008-08-23 | #153, 2008-08-26


ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ «ՈՏՔԻ Է ՀԱՆԵԼ» ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Ադրբեջանցիների 70 տոկոսը դեմ է, որ նախագահ Գյուլը այցելի Երեւան

Այդ մասին օգոստոսի 22-ի համարում գրել է «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպության` Ազգայնական շարժում կուսակցության խոսափող «Ենի չաղ» թերթը, ըստ որի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջ քաշած «Կովկասյան դաշինքի» առաջարկն ու դրա հետնաբեմում թաքնված «Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման» նախագիծը բուռն հակազդեցություն են առաջ բերել Ադրբեջանում: Այնտեղ գործող «Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունը» առաջարկի առնչությամբ տարածել է հաղորդագրություն եւ խստագույնս դատապարտել Թուրքիայի վարչապետին:

Նախքան հաղորդագրության բովանդակությունը շարադրելը «Ենի չաղը» Էրդողանի առաջարկը համարում է «Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նորմալացման» նախաձեռնություն, դա վերագրում է իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը եւ պայմանավորում է Եվրոմիության պարտադրանքով, ինչպես նաեւ հայկական լոբբիի ջանքերով: Թուրքական թերթը նշում է. «Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ բռնկված պատերազմի ավարտին «Կովկասի դաշինք» ստեղծելու համար թեւերը քշտած վարչապետ Էրդողանն իրականում Հայաստանին ընդառաջ դիվանագիտական քայլ է կատարում»:

Ինչ վերաբերում է ադրբեջանական վերոհիշյալ «կազմակերպության» հաղորդագրությանը, ապա այնտեղ, թուրքական թերթի վկայությամբ, ասված է. «Քանի դեռ զավթիչ եւ ահաբեկիչ Հայաստանը չի վերացնում Ադրբեջանի տարածքների օկուպացիան, չի հրաժարվում Թուրքիային ներկայացրած հողային պահանջներից եւ ողջ աշխարհում ցեղասպանության ստերի ճանաչումից, չի կարելի միանալ այն միությանը, որի մեջ ընդգրկված կլինի Հայաստանը, ավելին, անգամ անթույլատրելի է այդպիսի հարցի արծարծումը: Ոչ մի կերպ չի կարելի դրականորեն գնահատել այն, որ եղբայրական Թուրքիան այդ առաջարկով հանկարծ բարեկամության ձեռք է մեկնում Հայաստանին, թերեւս դրանով էլ օկուպանտ այս պետությանը դարձնում տարածաշրջանային համագործակցությանը կողմնակից: Մեր կարծիքով` Թուրքիայի այս նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան ԵՄ-ի ճնշման տակ Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու նախաձեռնություն: Այնուամենայնիվ, չենք հավատում, որ Թուրքիան անտեսի Ադրբեջանի ազգային արժեքները, բացի Հայաստանի հետ սահմանը եւ բարեկամություն ցուցաբերի այս զավթիչ երկրի նկատմամբ: Թուրքիան պետք է հետ կանգնի Ադրբեջանի ազգային արժեքներին հակասող այս նախաձեռնությունից, իսկ Ադրբեջանը գիտակցի դրա ապազգային էությունն ու մերժի»:

«Ենի չաղի» վկայությամբ, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Նուզհեթ Քանդեմիրը երազանք է համարել վարչապետ Էրդողանի առաջ քաշած «Կովկասյան դաշինքը» կամ «Անվտանգության պլատֆորմը», ապա եւ ավելացրել է. «Նրանք, ովքեր այս երազանքի մասին փսփսացել են հարգարժան Էրդողանի ականջին, թող իմանան, որ դրանով չափազանց ծանր կացության մեջ են դրել Թուրքիային»: Նախկին դեսպանը անհնար է համարել Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի միավորումը միեւնույն կառույցում եւ ընդգծել է. «Արտաքին քաղաքականությունից բոլորովին անտեղյակ մի խումբ մարդիկ, որոնք ամպերից վերեւ են թռչում, վարչապետին ներշնչել են, նա էլ առաջ է քաշել դաշինքի գաղափարը: Օրեցօր Թուրքիան ավելի ծանր կացության մեջ է հայտնվում: Ցավալի է, որ ոմանք դա չեն գիտակցում: Խոսքը մեր պետության արժանապատվությանը սպառնացող վտանգի մասին է»:

«Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմ» ստեղծելու վարչապետ Էրդողանի առաջարկից բացի, Ադրբեջանին հուզում է նաեւ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման համար նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավիրումը Երեւան: «Ենի չաղը» նշում է, որ փաստի առնչությամբ Ադրբեջանում անց են կացվել բազմաթիվ հարցախույզներ, որոնք պարզել են ադրբեջանական ժողովրդի Հայաստանի հետ Թուրքիայի դիվանագիտական շփումներից բխող մտահոգությունը, իսկ ադրբեջանցիների շուրջ 70 տոկոսը Թուրքիայի նախագահից պահանջել է Երեւան չգնալ: Միլի մեջլիսի տեղեկատվության բաժնի վարիչ Հաթեմ Ջաբբարլին էլ ընդգծել է, որ Գյուլի Հայաստան գնալը ադրբեջանական հասարակության մեջ Թուրքիայի հանդեպ շատ անախորժ տրամադրություններ կառաջացնի:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4