«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2008-08-22 | #152, 2008-08-23 | #153, 2008-08-26


ԵՎՐՈՊԱՆ ՍՊԱՍՈՒՄ Է ՄԵԴՎԵԴԵՎԻ ԱՐՁԱԳԱՆՔԻՆ

Ճանաչե՞լ Հարավային Օսիան եւ Աբխազիան, թե՞ ոչՙ ահա որն է հարցը

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ռուսաստանը խորհրդարանի երկու պալատների մակարդակով դիմել է երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` «Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հանրապետությունները» ճանաչելու խնդրանքով: Երեկ նախ արտահերթ լիագումար նիստում Ռուսաստանի խորհրդարանը քննարկեց անցած շաբաթ Սուխումում եւ Ցխինվալում համազգային հավաքների ժամանակ ընդունված դիմումները` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու խնդրանքով:

Խորհրդարանի վերին պալատի` Դաշնության խորհրդի 130 անդամներ կողմ քվեարկեցին Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին ուղղված դիմումին:

«Ողջունելով անկախության, խաղաղության ու կայունության Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ժողովուրդների ձգտումը, ինչպես նաեւ հաշվի առնելով Հարավային Օսիայի եւ Աբխազիայի բազմաթիվ դիմումները անկախության ճանաչման մասին, այդ թվումՙ օգոստոսի 22-ին եւ 24-ին ստացվածները, Դաշնության խորհուրդն առաջարկում է ճանաչել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը», ասվում է փաստաթղթում:

Այս փաստաթղթի ընդունմանը հետեւեց Ռուսաստանի Պետդումայի արտահերթ նիստը, որտեղ նույն հարցի քննարկումն ի սկզբանե դրական ելքի հեռանկարի մեծ հավանականություն ուներ: Ինչպես եւ սպասելի էր, Պետդուման եւս միացավ Դաշնության խորհրդի` ՌԴ նախագահ Մեդվեդեւին ուղղված դիմումին` Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու խնդրանքով:

Քվեարկությանը մասնակցած 450 պատգամավորներից 447-ը կողմ են արտահայտվել փաստաթղթին, ընդ որում, մնացյալ երեքի թվում ոչ ձեռնպահ է եղել, ոչ էլ դեմ: Կատարյալ միաձայն է անցել նաեւ Պետդումայի` Աբխազիան եւ Հարավային Օսիան ճանաչելու առնչությամբ ՄԱԿ-ի անդամ երկրներին ուղղված դիմումի որոշման ընդունումը:

Ու մինչ եվրոպական տերությունների ղեկավարները մտահոգություն ու հույս են հայտնում, թե Ռուսաստանի ղեկավարությունը չի համաձայնի երկրի խորհրդարանական ուժերի դրսեւորած մոտեցմանը, ՌԴ նախագահը խորհրդարանական դիմումների ընդունումից առաջ հայտարարում է, թե Ռուսաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում յուրաքանչյուր գործողության, ընդհուպ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության դադարեցմանը:

«Համագործակցության մեջ շահագրգիռ է ՆԱՏՕ-ն եւ ոչ Ռուսաստանը... Մենք երկար տարիներ հետեւողաբար զարգացրել ենք հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, եւ կցանկանայինք, որ այդ հարաբերութունները լինեին լիարժեք ու գործընկերային, բայց մեզ հարկավոր չէ գործընկերության իլյուզիան», հայտարարել է Դմիտրի Մեդվեդեւը: «Երբ մեզ բազաներ են շրջապատում, դա մեզ դուր չի գալիս», ավելացրել է ՌԴ նախագահը:

Այս ամենի առնչությամբ Եվրոմիությունն, ամեն դեպքում, որոշ քայլեր է ձեռնարկում, բացի մտահոգություն ու հույս հայտնելուց: Մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երեկ հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ին Եվրոմիության երկրների հատուկ գագաթաժողով է հրավիրում Վրաստանի իրավիճակի առնչությամբ: Ընդ որում, ինչպես տեղեկացրել է Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները, արտահերթ գագաթաժողովում կքննարկվեն Եվրոմիություն-Ռուսաստան հարաբերությունները:

Վրաստանի խորհրդարանն էլ շաբաթ օրը, երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու դիմումի հիման վրա, երկարաձգեց երկրում հայտարարված ռազմական դրությունը մինչեւ սեպտեմբերի 8-ը: Ինչպես եւ նախապես նշել էր Վրաստանի արտգործնախարարը, ռազմական դրությունն անհրաժեշտ է երկարաձգել, «քանի որ ռուսաստանյան զորքերը, խախտելով հրադադարի պայմանագիրը, շարունակում են մնալ Վրաստանում»: Եվ ռազմական դրության վերացումը հնարավոր է միայն ռուսական զորքերի դուրսբերումից հետո, որին ռուսաստանյան կողմը հակադրվում է, թե այդ ուժերն արդեն դուրս են բերվել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4