«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2008-08-22 | #152, 2008-08-23 | #153, 2008-08-26


ՎՐԱՑԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՓՈԽԵՑԻՆ ՆԱԵՎ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Ի սկզբանե էլ համոզված էի, եւ հիմա էլ քանի գնում, համոզմունքս ավելի է ամրապնդվում, որ մարտի 1-ի վաղ առավոտյան ցուցարարներին ցրելը իշխանության սխալ քայլերից մեկն էր, որով որեւէ խնդիր ըստ էության չլուծվեց, այլ հակառակը, պատահածը (հետո արդեն անուղղելի մի գործընթաց` զոհերով) առիթ տվեց վատացնելու Հայաստանի դիրքերը միջազգային ատյաններում: Բայց նաեւ... փրկվեց Տեր-Պետրոսյանի դեմքը... այո, այո, մեր պուրիտաններին խնդրում եմ «լավ, էլի»-ով սկսվող բառերով չբորբոքվել եւ ձեռաց իշխանության պաշտպան չձեւանալ, որովհետեւ իշխանությունն իրականում կարիք ունի ոչ թե քծնանքի, այլ ճիշտ ու մտահոգությամբ ասված խոսքի: Դատեք ինքներդ` լավ, էլ ի՞նչ էր անելու Տեր-Պետրոսյանը, ի վերջո հանրահավաքները մարում էին, օպերայի հրապարակի հարթակում նա եւ իր կողմնակիցներն այլեւս բան չունեին խոստանալու մարդկանց եւ պարում էին, ի՞նչ հեղաշրջում կարող էին անել պարելով: Տեղի ունեցածն իրականում գոտկատեղից ներքեւ հարված էր արդեն ընտրված նախագահին: Թե չէ` ի՞նչ է նշանակում արտահոսք անվտանգության մարմիններից (որ Աֆյանն էր ասել լրագրողներին), որով, իբր, ցուցարարներին տեղյակ է պահվել գործողության մասին, դե նրանք էլ մի քանի քար ու փայտ են հավաքել: Արտահոսքը հնարավոր է, երբ երկրի անվտանգության համակարգը, ժողովրդական լեզվով ասած, բանի պետք չէ, կամ էլ` ներդրված մեկն է եղել, եւ կամ սովորական հայկական տնավարություն է, մարդ դատելն էլ այս դրդապատճառով սուտ բան է: Իսկ Տեր-Պետրոսյանի դեմքը փրկելու պարագան իսկապես տեղ ունի, չենք կարող ասել` միջազգայինների ապսպրանքով, թե՞ ուղղակի այդպես դասավորվեց, որովհետեւ ի վերջո 9 օր պարելոց հետո ի՞նչ էր նա ասելու իր կողմից տաքացվող հանրահավաքայիններին. հո չէ՞ր ասելու` գնացեք տուն, հեղափոխությունը հետաձգվում է: Այդ ժամանակ նա ընդհանրապես կդառնար երիցս քաղաքական դիակ, եւ ոչ ոք, անգամ Տեր Աստված, նրան վերակենդանացնել չէր կարող: Իսկ հիմա նա հանգիստ պառկած է կաթիլայինի տակ, կկազդուրվի, հետն էլ թափված արյունից կմաքրվի (եթե կարողանա), ձեռի հետ էլ քաղաքակիրթ ճանապարհով կգնա` կուսակցություն ստեղծել, գաղափարական պայքար մղել, դասական քաղաքական պայքարի հուն տեղափոխվել եւ համանման այլ քաղաքակիրթ ձեւեր, իսկ եղածի համար թող պատասխան տան ուրիշները: Թող ուրիշները մտածեն եվրոպական կառույցների առաջ Հայաստանը պարզերես անելու մասին:

Թեկուզ այն, թե մենք ի՞նչ ենք ուզում սահմանափակ լիազորություններով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովից. ընդդիմության ականատեսներն ընտրովի բաներ պատմեն` ընդդիմությանը մաքրել փորձելով, իրավապահ համակարգի ներկայացուցիչներն ընտրովի բաներ պատմեն` միայն ընդդիմությանը սեւացնելով, վերջն էլ էս հանձնաժողովը, որի մեջ սովորական մարդիկ են` հաճախ զգացմունքային, հաճախ մարդկայնորեն տրամադրություններին տրվող, պիտի կայացնի որոշում ու հնչեցնի մի անաչառ գնահատական, որը կողմերից ոչ մեկը ցայսօր չի կարողանում անե՞լ: Էդ որ «օպերացիա» էիք կազմակերպում, ու շատ դրվագներ վկայում են` հաճախ ցածր կամ չեղած պրոֆեսիոնալիզմով, չէիք մտածո՞ւմ, որ դրա համար մեկը պետք է պատասխան տա (այ իշխանություն), կամ որ տղերքով գել էիք կտրել ու հարթակի վրա արյուն էիք բորբոքում` (ժողովրդավարություն ասում են` օվկիանոսից այն կողմ հասկանում են մեծ երկրի շահ), բա հետեւանքների մասին չէիք մտածո՞ւմ:

Ու էս խաչը դեռ երկար կրելու ենք` մինչեւ մի խելացի մարդ վերցնի ու սխալն ընդունի` ներումն հայցելով. ո՞վ առաջինը` միեւնույն է, որովհետեւ հաջորդելու է փոխներումը:

Բայց հիմա, խոստովանենք, այս ամենը մի տեսակ երկրորդ պլան է մղվել: Հիմա ամեն ինչն է փոխվել տարածաշրջանում, ընդամենը մի շաբաթում ամեն ինչ այնպես խառնվեց, մի գիժ այնպես անսպասելի ջրհորը քար նետեց, որ հիմա բոլոր մյուս խելոքները պետք է երկար տանջվեն այն հանելու համար: Մեր ներքաղաքական կնճիռները չնչին են թվում տարածաշրջանում կատարվող գործընթացների համեմատ: Հիմա Տեր-Պետրոսյանին թեւ տվող ուժը տարածաշրջանում պարտվեց, կարելի է եւ այդպես ասել, գոնե ժամանակավորապես, եւ նա չուշացավ ռեւերանսներ անել ռուսներին: Կամ գուցե, ո՞վ գիտե, նա էլ մյուս բոլորի հետ հասկացավ, որ հիմա կտրուկ շարժումներ անելու ժամանակը չէ, պետք է տազ անել ու սպասել. գոնե Վրաստանում անկայունության հետեւանքով երեք խնդիր` Հայաստանի տնտեսությանը սպասվող բարդությունները, Ղարաբաղյան զուգահեռը եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլորի` ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության, ե՛ւ առաջին հերթին ժողովրդի` բոլորիս շահերին են առնչվում: Այնպես որ ոմանց համար անսպասելի, բայց գործընթացներին հետեւող մարդկանց համար սպասելի էր Տեր-Պետրոսյանի շրջադարձը. էլ` Ռուսաստանը օսերին փրկեց ցեղասպանությունից, էլ հավանություն պաշտոնական դիվանագիտության դրական չեզոքությանը, էլ` մտահոգություններ Հայաստանի «փխրուն եւ խոցելի տնտեսության» մասին: Իսկ որ արկածախնդրությունը մեծագույն վտանգ է փոքր պետությունների համար, որովհետեւ դրա ամենահավանական հետեւանքը ազգային աղետն է` սա բացի Ղարաբաղի հարցից ու հայ-թուրքական հարաբերություններից` ներկա արմատական ընդդիմության առաջնորդը իր այս տեսակետը նաեւ պետք է ուղղի ընդդիմության ավելի խոհեմ պահվածք որդեգրելու ուղղությամբ, որովհետեւ տարածաշրջանային գործընթացները հիմա նորանոր խնդիրներ են առաջադրում նաեւ Հայաստանին, իսկ տարածաշրջանային բոլոր խաղացողներին, ներառյալ ԱՄՆահանգներին, տարածաշրջանի որեւէ երկրում նոր անկայունության որեւէ աղբյուր պետք չէ` Վրաստանի հետ պատահածն ապացուցեց, որ սեղանին դրված շատ մեծ խաղագումարները կարելի է կորցնել ռուսական արջի գժություններից: Այնպես որ` Արեւմուտքը մեծ գլխացավանքներ ստացավ ռազմական ներուժը ջախջախված Վրաստանի եւ իրենց ինքնորոշման իրավունքն առաջ մղող Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տեսքով, հայերս էլ այս պահին ղարաբաղյան զուգահեռն ունենք եւ գլուխկոտրուկ` ինչպե՞ս վարվել, քանի որ հենց երեկվա ՌԴ Պետդումայի դիմումը Ռուսաստանի նախագահին` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու վերաբերյալ մեզ հիմա ստիպում է մտորել Ղարաբաղի պարագայում ամենաճիշտ կեցվածքը գտնելու մասին:

Իսկ մոտակա օրերին Հայաստանը պետք է անցնի բավական գլխացավանք մի ուրիշ փորձության միջով եւս, եւ այս անգամ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին նախորդող ժամանակում եւ բուն խաղի օրը ապացուցի, որ քաղաքակիրթ պետություն է, թույլ չտա էքսցեսներ, ինչպես նաեւ ապահովի անվտանգության առավելագույն մակարդակ, տեղական եւ արտերկրյա ծագման ամեն տեսակ ջուր պղտորողներին նախօրոք չեզոքացնելով:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4