Հայաստանում արգելվել է Western Union-ի գործունեությունը
Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ երեկ Հայաստանում արգելվեց Western Union միջազգային դրամական փոխանցումների համակարգի գործունեությունը: ԿԲ խորհուրդը մասնավորապես որոշել է արգելել Հայաստանում գործող բանկերի մասնակցությունը այդ համակարգին եւ խզել նրա հետ պայմանագրերը դրանցում նշված կարգի համաձայն: Այդ որոշումը պատճառաբանվել է Հայաստանում բանկերի ռիսկայնությունը զսպելու նպատակով, քանի որ «արձանագրվել են Western Union արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի կողմից անհիմն եւ չպատճառաբանված կերպով Հայաստանի տարածքում գործող բանկերի պայմանագրերի դրույթների խախտման դեպքեր: Որոշ բանկերի մասնաճյուղերում դադարեցվել է սպասարկումը, ինչը կարող է խաթարել բանկերի բնականոն գործունեությունը, նրանց ֆինանսական վիճակը եւ հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների դրամական փոխանցումների հատվածում, ինչպես նաեւ ազդել երկրի տնտեսական, ֆինանսական եւ իրական հատվածների վրա»: Այս մասին նշված է ԿԲ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ վերջին ամսվա ընթացքում Ադրբեջանը պահանջել է Western Union, Money gram եւ այլ վճարահաշվարկային համակարգերից դադարեցնել գործունեությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, հակառակ դեպքում սպառնալով արգելել դրանց գործունեությունը Ադրբեջանում: Դրանից հետո «Արցախբանկի», «Յունիբանկի» եւ «Հայէկոնոմբանկի» Ստեփանակերտի մասնաճյուղերն անջատվել էին Western Union եւ Money gram համակարգերից: Փաստորեն, սրան Հայաստանի Կենտրոնական բանկը համարժեք պատասխանեց, արգելելով Western Union-ի գործունեությունը Հայաստանում: Մեր այն հարցին, թե դրամական փոխանցումներ իրականացնող մյուս համակարգերը շարունակո՞ւմ են գործել Հայաստանում, ԿԲ մամուլի ծառայությունից դրական պատասխան ստացանք: Այսինքն, ադրբեջանական կողմի շանտաժին ենթարկվել է միայն Western Union-ը: Դժվար թե արտասահմանից մեծածավալ փոխանցումներ ստացող Հայաստանի շուկայից ցանկանան զրկվել դրամական փոխանցումներ իրականացնող մյուս համակարգերը եւս: Այդ դեպքում սակայն նրանք կարող են զրկվել Ադրբեջանի տարածքում գործելու հնարավորությունից: Մի խոսքով, հայ-ադրբեջանական հակամարտությունը, այս անգամ նույնպես ադրբեջանական կողմի ջանքերով, տեղափոխվել է նաեւ դրամական փոխանցումների ոլորտ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ