«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2008-08-22 | #152, 2008-08-23 | #153, 2008-08-26


ՑԱՆԿԱԼԻ ԿԼԻՆԵՐ` ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՌԱՋԻՆԸ ՃԱՆԱՉԵՐ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

«Ազգի» թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու Ռուսաստանի Դաշնության վերին եւ ստորին պալատների ընդունած որոշումները, ԼՂՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն ասաց. «ՌԴ խորհրդարանի երկու պալատների ընդունած դիմումին, որով երկրի նախագահին Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու միջնորդություն է ներկայացվում, կարծում եմ, մոտակա մի քանի օրվա ընթացքում չի հետեւելու որեւէ իրավական ակտ: Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի նախագահը եւ կառավարությունը կսպասեն սեպտեմբերի 1-ին նշանակված ԵՄ գագաթաժողովի արձագանքին:

Բայց, անկախ ամեն ինչից, աշխարհում տեղի ունեցող վերջին բուռն իրադարձությունները վկայում են, որ 1975-ին ստորագրված Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության պակտը ենթարկվում է տրանսֆորմացիայի: Դա տեղի ունեցավ Բալկաններում, նախադեպն այսօր շարունակվում է Հարավային Կովկասում: Այնպես որ, նոր աշխարհակարգը, կարծես, դառնում է իրողություն:

Մեզ համար ցանկալի կլիներ, որ Ադրբեջանը, նկատի ունենալով նշված իրողությունները եւ միտումները, ինքն առաջինը ճանաչեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Դա նրան հնարավորություն կտար ուղղակի զբաղվելու իրեն հուզող հարցերի ողջ համալիրի քննարկմամբ: Կարծում եմ, Ադրբեջանի համար այսօր ստեղծվել է քաղաքակիրթ աշխարհում իր ուրույն տեղն ունենալու բացառիկ հնարավորություն, եւ այդ երկրի ղեկավարությունը ճիշտ կաներ, եթե առիթը բաց չթողներ»:

Կ. Գ., Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4