«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2008-08-22 | #152, 2008-08-23 | #153, 2008-08-26


«ՄԵՐԺԵՔ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԸ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ»

Այսպիսի կոչ ուղղեց ծնողներին Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը

Մինչ դպրոցներում պարտադրված դրամահավաքի խնդրին անցնելը, Կամո Արեյանը ներկայացրեց 2008-2009 ուսումնական տարվա առանձնահատկություններն ու պետության իրականացրած միջոցառումները այն ավելի լավ անցկացնելու համար:

Ըստ փոխքաղաքապետի հաղորդած տվյալների, նոր ուսումնական տարվան են նախապատրաստվում Երեւանի 202 դպրոց, որից 193-ը միջնակարգ, 4-ըՙ հատուկ ուսուցմամբ, 5-ըՙ ավագ արհեստագործական ուսուցմամբ: Երեկվա դրությամբ առաջին դասարան ընդունվելու դիմումների թիվը 8482 էր, վերջնական թիվը հայտնի կլինի սեպտեմբերի 5-ին: Առաջին դասարանցիներ են լինելու 2002 թվականին ծնվածներըՙ 6 տարեկան երեխաները:

Այս տարի մեկնարկում է ավագ դպրոցի ստեղծման ծրագիրը: Փորձնական այդ ծրագրով այս տարի Հայաստանում գործելու են 10 այդպիսի դպրոց, որից 3-ը Երեւանում: Մայրաքաղաքում այդ դպրոցներն են թ.112-ը, թ. 198-ը եւ թ. 195-ը: Այդ դպրոցները փաստորեն այս տարի չեն ընդունելու առաջին դասարաններ եւ նախապատրաստվելու են ընդունելու ավագ դպրոցի սովորողներին այլ դպրոցներից: Ավագ դպրոցում ուսուցումը առավել խորացված տարվելու է ըստ հոսքերի: Ավագ դպրոցներն արդեն հիմնանորոգվել են:

Մայրաքաղաքի դպրոցները ստացել են 65 անուն դասագրքեր: Փոխքաղաքապետը որպես դրական քայլ նշեց քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում 189 համակարգչային դասարանների առկայությունը, որտեղ տեղադրված են 1800 համակարգիչներ եւ 58 դպրոցների միացումը ինտերնետին: Ներառական կրթության են անցել եւս 12 հատուկ կրթությամբ դպրոցներ, որոնց ընդհանուր թիվը դարձել է 21:

Կամո Արեյանը տեղեկացրեց, որ 12-ամյա համակարգի 1-3-րդ դասարանների սովորողների համար իրականացվում է 5-օրյա աշխատանքային շաբաթ, իսկ 4-11-րդ դասարանների համարՙ 6-օրյա:

Այս տարի ավագ արհեստագործական դպրոցների համար հատկացվել է 320 տեղ, որտեղ սովորողները հիմնականում դառնալու են հասարակական սպասարկման ոլորտի աշխատողներ: Մինչեւ սեպտեմբերի 5-ը ցանկացողները կարող են դիմել այդ դպրոցներում սովորելու համար:

2008-2009-ի առանձնահատկություններից է նաեւ այն, որ բոլոր քննություններըՙ ավարտական եւ պետական, անցկացվելու են դպրոցներում, եւ տվյալներն ուղարկվելու են թեստավորման կենտրոն: Միայն բանավոր քննություններն են անցկացվելու քննական հանձնաժողովների կողմից:

Երեւանի կրթական հաստատություններին պետական բյուջեից այս տարի հատկացվել է 12,4 մլրդ դրամ, որից առաջին կիսամյակում նախատեսված գումարն ամբողջությամբ իրացվել է: Հիմնանորոգում եւ ընթացիկ նորոգումներ են իրականացվել 131 դպրոցներում: 54 դպրոցներ նորոգվել են պետական բյուջեի 4,1 մլրդ դրամ գումարով: 5 դպրոցներն ամբողջությամբ հիմնանորոգվել են «Լինսի» հիմնադրամի միջոցներով: 48 դպրոց եւ 13 մանկապարտեզ ապահովվել են անհատական ջեռուցմամբ: Երեւանի փոխքաղաքապետը բերեց հետեւյալ ցուցանիշը. եթե մի քանի տարի առաջ անհատական ջեռուցման համակարգ ուներ ընդամենը 20 դպրոց, ապա հիմա 157 դպրոց: Եվս 47 դպրոցներ մինչեւ 2010 կունենան անհատական ջեռուցման համակարգ:

Կամո Արեյանը երեկ հայտնեց նաեւ, որ 2009-ի հունվարից լուծվելու է դպրոցների տնօրենների ատեստավորման խնդիրը: Ատեստավորման գնահատականից կախված կլինի, տվյալ տնօրենը կշարունակի աշխատել, թե՞ ոչ:

Ինչ վերաբերում է դպրոցներում անցկացվող դրամահավաքներին, ապա փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ այս հարցը քննարկվել է 202 դպրոցների տնօրենների հետ խորհրդակցությունների ժամանակ: Նշվել է, որ պետությունը ապահովում է բոլոր անհրաժեշտ ծախսերը եւ դրամահավաք անցկացնելու անհրաժեշտություն չկա: Միաժամանակ, Կամո Արեյանը ընդգծեց, որ որեւէ օրենքով կամ այլ պաշտոնական որոշմամբ նույնպես դրամահավաք անցկացնելու ոչ մի թույլտվություն չկա: Հետեւաբար, հարկադրական դրամահավաքի ողջ պատասխանատվությունը կրելու է դպրոցի տնօրենությունը: Փոխքաղաքապետը կոչ արեց ծնողներին մերժել այդ դատապարտելի երեւույթը:

Մասնավոր եւ պետական դպրոցների միջեւ կստեղծվի հավասար դաշտ

Պատասխանելով այն հարցին, թե իրականացվող ծրագրերն ինչպե՞ս են վերաբերելու մասնավոր դպրոցներին, Կամո Արեյանը երեկ հայտնեց, որ շուտով կընդունվի «Հանրակրթության մասին» օրենքը, որտեղ նախատեսված է հավասար դաշտ ստեղծել պետական եւ մասնավոր դպրոցների միջեւ: Ներկայումս մասնավոր դպրոցներում պետական պատվեր չի ներդրվում: Ըստ նոր օրենքի, մասնավորներում նույնպես պետական պատվեր կտեղադրվի, ինչի շնորհիվ նրանք լուրջ մրցակից կդառնան պետական դպրոցներին:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4