«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2008-08-22 | #152, 2008-08-23 | #153, 2008-08-26


ԵՐԲ ՄԻԱՁՈՒԼՎՈՒՄ ԵՆ ՄԻՏՔՆ ՈՒ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ...

Բնակարանի մի փոքրիկ անկյունում են ծնվել նկարչուհի Արեւիկ Մկրտչյանի բազմաթիվ ստեղծագործություններ: Այդ փոքրիկ «արվեստանոցում» իշխող գունային բազմազանությունը, ժպտացող ու լացող կերպարների առատությունն ու կտավներում արտացոլված ամենատարբեր տրամադրություններն ու իրավիճակները ներկայացնում են նկարչուհու ներաշխարհն ու մտքի հարուստ թռիչքը:

Նկարչուհին խոստովանում է, որ կյանքին չի նայում վարդագույն ակնոցներով եւ մռայլ գույների կողքին համադրում է երազանքն ու երեւակայությունը, հույսով, որ բազմաթիվ խոչընդոտներից հետո այնուամենայնիվ կիրականանան մարդկանց երազանքները: Արեւիկն իր հուզումներն արտահայտում է նաեւ կոլաժներով, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է նուրբ լուծումներով ու գունային հետաքրքրական զուգորդումներով:

Արեւիկ Մկրտչյանի ստեղծագործական գործունեությունը սկսվել է 1985-ից, երբ նորավարտ նկարչուհին, նախ ծննդավայրում` Էջմիածնում, ապա Երեւանում ու աշխարհի բազմաթիվ երկրներում ներկայացրեց իր արվեստը: «Ստեղծագործում եմ ավելի քան քսան տարի: Դա բավականին երկար ժամանակահատված է արվեստագետի համար` կայանալու, արվեստում իր տեղը գտնելու համար: Տարիների ընթացքում բազմաթիվ անգամ փոխվել են իմ կտավների թեմաները: Սկզբնական շրջանում հիմնականում նկարում էի բնանկարներ, նատյուրմորտներ ու ծաղիկներ: Իսկ ավելի հասուն տարիքում կտավներում գերիշխում էր հոգեւոր թեման: Գիտեք, անհնար է ապրել Էջմիածնում, լսել եկեղեցու զանգերի ղողանջն ու չզգալ, չգիտակցել հոգեւորի ուժը: Հոգեւոր թեմաներով կտավներում համադրում էի մանրանկարչությունն ու ֆիգուրատիվ աբստրակտը եւ ստացվում էին հետաքրքրական ու յուրահատուկ աշխատանքներ», ասում է նկարչուհին:

«Սիրահարվել եմ Արեւիկի գործերին, դրանց մաքուր ու ազնիվ հնչյուններին, հարթության վրա պատկերը խոսեցնելու նկարչուհու ինքնատիպ ձեւին, կերպին: Արեւիկի գիծը, ձեռքը կապված են սրտին: Սիրտն ինչպես թելադրում է, ձեռքն այդպես էլ շարժվում է: Նրա գծի մեջ այնքան երգ, մեղեդի ու գեղեցկություն կա, որքան փոքրիկ երեխայի երգի մեջ»: Սա արվեստաբան Շահեն Խաչատրյանի կարծիքն է:

Տարիների ընթացքում նկարչուհին մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթ-փառատոների` արժանանալով բարձրագույն մրցանակների: Սկսած 2003-ից իտալական Բիենալե փառատոնը, որ դասվում է աշխարհի ամենահեղինակավոր նկարչական մրցույթների շարքին, հրավիրում է Արեւիկ Մկրտչյանին մասնակցելու մրցույթին, սակայն մշակույթի նախարարությունը չի կարողանում ֆինանսավորել: «2003-ին ընկերներիս օգնությամբ առաջին անգամ մասնակցեցի Բիենալե մրցույթին եւ արժանացա մրցանակի: Մրցույթից հետո հրավիրեցին Կանադա, որտեղ կայացավ իմ աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Բիենալեն իր օրենքներն ունի: Մրցույթի կազմակերպիչները ինտերնետային կայքէջերի օգնությամբ ծանոթանում են աշխարհի տարբեր երկրների նկարիչների աշխատանքներին եւ որոշում կայացնում: Արդեն մի քանի անգամ մերժել եմ նրանց հրավերը, որովհետեւ մշակույթի նախարարությունն ու Էջմիածնի քաղաքապետարանը հրաժարվում են ֆինանսավորել: Երբ վերջին անգամ նրանց մերժեցի` պատճառաբանելով, թե զբաղված եմ, մրցույթի կազմակերպիչը զարմացած ասաց, որ աշխարհի բազմաթիվ երկրների հայտնի նկարիչներ առանց վարանելու հետաձգում են իրենց գործերը, որպեսզի մասնակցեն մրցույթին: Ես իհարկե չասեցի, որ մեր երկրում ամեն կարգի վեցերորդական աստղի ու աստղիկի ֆինանսավորում են, մինչդեռ նմանատիպ լուրջ նախագծերի համար մշակույթի նախարարությունը գումար չունի», պատմում է նկարչուհին:

Արեւիկը նշում է, որ սկսվել է ստեղծագործական երրորդ փուլը: «Իմ առջեւ դնում եմ լուրջ փիլիսոփայական ու հոգեբանական խնդիրներ ու փորձում դրանք լուծել նկարների հերոսների միջոցով», ասում է նա: Վերջերս նկարչուհին անհատական ցուցահանդես է բացել Նյու Յորքում, որին սակայն չի կարողացել մասնակցել: Այժմ էլ շարունակում է նկարել մեծ եռանդով, ու երազում անհատական նոր ցուցահանդեսի մասին:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4