Ժամանակին Սեւանն առագաստանավային սպորտի հայաստանյան գլխավոր կենտրոնն էր, որտեղ մարզվում եւ մրցումներ էին անցկացնում այդ մարզաձեւի ներկայացուցիչները: Եվ ահա որոշվել է վերականգնել բարի ավանդույթները: «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի օգնությամբ եւ «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի ջանքերով վերականգնվել է Սեւանա լճի ավանդական առագաստանավերից մեկը: Սոճու փայտից պատրաստված «Նաիրի» առագաստանավի հեղինակը Պերճ Եսայանն է, որը նրա առաջին աշխատանքն է: Նավաշինարարը շուրջ 2 ամիս աշխատել է 1 տոննա քաշ, 9 մ երկարություն եւ 2,5 մ լայնություն ունեցող, 15 անձի համար նախատեսված առագաստանավի պատրաստման վրա: Աշխատանքներն իրականացնելիս նավաշինարարն ուսումնասիրել է հին մագաղաթները, նավերի պահպանված լուսանկարները: «Նաիրին» իր ոճով 9-րդ դարի ձկնորսական նավակ է:
Շաբաթ օրը Սեւանի «Վիշապ» տուրիստական ճամբարում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ «Նաիրի» նավակի ջրարկման եւ օծման արարողությունը, որին ներկա էին «Կիլիկիա» նավի անձնակազմըՙ նավապետ Կարեն Բալայանի գլխավորությամբ, աշխատանքներին ֆինանսապես աջակցած HSBC բանկի աշխատակիցները: Նվագախմբի հնչյունների ուղեկցությամբ «Նաիրին» դուրս եկավ առաջին նավարկության: Ըստ Կարեն ալայանի, սա Սեւանի առագաստանավերի վերականգնման առաջին հաջող փորձն է, որը շարունակություն է ունենալու: Արդեն ծրագիր է մշակված շարունակելու առագաստանավերի պատրաստումը: Այդ գործին կշարունակի աջակցել HSBC բանկը: Նավաշինարար Պերճ Եսայանն էլ նշեց, որ աշխատանքները շարունակվելու են, կան արդեն նախագծեր, ընդ որում յուրաքանչյուր նավ իր չափերով ու ձեւով պետք է համապատասխանի հին նմուշին, սակայն միաժամանակ որոշ յուրահատկություններ կունենա:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ