«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2008-08-23 | #153, 2008-08-26 | #154, 2008-08-27


«ՆԱԽԱԳԱՀ ԳՅՈՒԼԸ ԿԳՆԱ ԵՐԵՎԱՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԴԱ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԱՄՆ-Ն ՈՒ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ»

Հայտարարել է Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայքալը

Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայքալը, ինչպես օգոստոսի 25-ի համարում նշել է «Հյուրիեթը», նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության կովկասյան քաղաքականությունը քննադատելիս, առաջ է քաշել նաեւ հետաքրքրական տեսակետներ: Ըստ թուրքական թերթի, Բայքալը Էրդողանի վերջին այցը Մոսկվա համարել է Վրաստանի դեմ պատերազմում Ռուսաստանին աջակցելու ակնհայտ դրսեւորում, ապա եւ անդրադարձել է վերջինի հայաստանյան քաղաքականությանը: Նա ասել է. «Պետք է հրապարակավ պախարակվի Հայաստանի նկատմամբ վարչապետի որդեգրած քաղաքականությունը: Նա ինչո՞ւ գնաց Ադրբեջան: Գնաց, որովհետեւ պետք է շրջադարձի ենթարկի Թուրքիայի հայաստանյան քաղաքականությունը: Գնաց, որպեսզի համոզի Ադրբեջանին մարսել նախատեսվող այս շրջադարձը: Ընդ որում, դա կատարվելու է անտեսելու գնով Ցեղասպանության պնդումներն ու Ղարաբաղի օկուպացիան: Հենց դա են պահանջում ԱՄՆ-ն ու Արեւմուտքը»:

Բայքալի հետաքրքրական մեկ այլ տեսակետն էլ վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ֆուտբոլային հանդիպման համար թուրք պաշտոնակցին արած հրավերին: Դրա առնչությամբ «Հյուրիեթը» գրել է. «Թեեւ մեր տվյալները տարբերվում են, սակայն Բայքալն ասաց. «Իմացեք, նախագահը կգնա Երեւանՙ դիտելու Հայաստան-Թուրքիա հանդիպումը: Ֆուտբոլային այս խաղը մեր քաղաքականության վերոհիշյալ շրջադարձի նախանշանն է: Անձնատուր լինելու այս դրսեւորումը դեռ նոր ձեւեր է ստանալու»: Խոսքը Հայաստանին անձնատուր լինելու մասին է»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4