«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2008-08-23 | #153, 2008-08-26 | #154, 2008-08-27


ՋԱՎԱԽՔԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԹԵԺ ԿԵ՞Տ

Շարունակվում են բռնությունները «Միասնական Ջավախքի» անդամների նկատմամբ

Վրացական ուժային կառույցները դաժանորեն ծեծի են ենթարկել «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամ, Գումբորդո գյուղի բնակիչ Էդուարդ Սահարյանին` պատճառելով երիկամների հիվանդություն: Ինչպես հաղորդում է «Ջավախք-ինֆոն», հավաստի տեղեկություններով, Էդուարդ Սահարյանը բռնի ոստիկանություն է տարվել հայ-վրացական սահմանից` Ռուսաստանի Դաշնությունում գտնվող իր բարեկամի հուղարկավորությունից վերադառնալու պահին եւ ձերբակալվել խուլիգանության մեղադրանքով: Այնուհետեւ ուժային կառույցները բերման են ենթարկել մեղադրյալի եղբորը` «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամ Արարատ Սահարյանին եւ, անորոշ պայմաններում, Էդուարդ եւ Արարատ Սահարյանների ազատազրկման ժամկետը երկարաձգվել է 20 օրով:

Էդուարդ Սահարյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ առաջին օգնությունն ստանալով` ազատ է արձակվել: Այնուհետեւ ազատ է արձակվել նաեւ Արարատ Սահարյանը: Էդուարդ եւ Արարատ Սահարյանների ձերբակալումը տեղի է ունեցել Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տան մոտակայքում տեղի ունեցած պայթյունից մի քանի օր անց, այդ միջադեպի մասին «Ազգի» ընթերցողները տեղյակ են մեր հրապարակումներից:

Հետաքրքրական է, որ «Ջավախք-ինֆոյի» տեղեկացմամբ, օգոստոսի 9-20-ը անհայտ պայմաններում, Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջաններում գործող երկու ինտերնետային ցանցերից ոչ մեկը չէր գործում, ինչի պատճառով Ջավախքում տեղեկատվության ստացումն ու տարածումը հնարավոր չէր: Հուլիսի 18-ից, վրացական ուժային կառույցների կողմից Ջավախքի Երիտասարդական ռադիոյի շենքը հսկողության ներքո գտնվելու եւ ավերածության ենթարկվելու պատճառով, չէր գործում տեղի ինտերնետային ցանցը, մի քանի օր անց հեռախոսային կապերը դարձան շատ անկայուն, իսկ օգոստոսի 9-20-ը Ջավախքում տեղեկատվություն ստանալու միակ միջոցը հեռուստացույցն էր:

  «Ազգին» «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամներից Գուրգեն Շիրինյանցի անունից ուղարկվել է մեկ այլ հաղորդագրություն, որում ներկայացվում է, ըստ Շիրինյանցի, հուլիսի 17-ին Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տան մոտակայքում տեղի ունեցած պայթյունի, ոստիկանական ուժերի կողմից դրան հաջորդած «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամներին բռնի բերման ենթարկելու, կալանավորելու եւ նրանց հարազատների տները խուզարկելու գործողությունների մասին ճշմարտությունը:

«Ամենաիսկական հանցագործությունը մեզ ազատությունից զրկելն է թե օրենքի եւ թե բարոյականության նորմերի խախտում, քանի որ մենք հանցագործներ չենք: Իսկ այդ անհեթեթ, անհիմն եւ երեխայական պատճառաբանությունը պայթուցիկի վերաբերյալ միայն փաստում է այն հանգամանքը, որ տեղի իշխանությունները, ուժային կառույցները եւ նրանց քմահաճույքների ներքո Ջավախքում հակահայ գործողություններ իրականացնողները իրականացնում են նախապես պլանավորած իրենց միակ նպատակը, այն է` կազմալուծել «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը, որը Ջավախքի ամենաանկախ կառույցն է եւ որն իր ստեղծումից մինչ այսօր գործում եւ նպաստում է ջավախահայության շահերի ու իրավունքների պաշտպանությանը եւ որի գոյությունն, ինչ խոսք, ձեռք չի տալիս Վրաստանի իշխանությանը», նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ այդմ, տեղի ունեցածը քաղաքական ենթատեքստ ունեցող սադրանք է, քանի որ Ախալքալաքի ոստիկանապետի տան մոտակայքում տեղի ունեցած պայթյունից հետոՙ հուլիսի 17-ին, ժամը 20:00-ին, ոստիկանության աշխատակիցները, որոնց մեջ կային ինչպես վրացի` ոչ ոստիկան աշխատակիցներ, այնպես էլ քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, բոլորը զինված, անօրինական կերպով ներխուժել են Շիրինյանցի տուն: Շիրինյանցի ներկայացմամբ, անհիմն են նաեւ դաշինքի անդամների բնակարաններում իբր զենք պահելու մեղադրանքները:

Ներկա դրությամբ կալանքի տակ են Հարություն Շիրինյանցը, Կարինե Շիրինյանցը, Վահագն Չախալյանը եւ Արմեն Չախալյանը: Աչալրջության կոչ անելով Հայաստանի իշխանություններին` հաղորդագրության մեջ նշվում է. «...ջավախահայության արդար եւ համընդհանուր վճռականությանը հակազդելու, ապօրինաբար ձերբակալված անձանց անհապաղ ազատ չարձակելու, բնիկ ժողովրդի անվիճարկելի իրավունքները ոտնահարել շարունակելու պարագայում իրավիճակի ապակայունացման ողջ պատասխանատվությունը կընկնի երկրի կենտրոնական իշխանությունների եւ Ջավախքում ծվարած վերջիններիս կամակատար անձանց վրա: Եվ եթե մի օր ջավախահայության համբերությունն սպառվի, Վրաստանը թող մեղավոր չհամարի ջավախքցիներին` անվանելով անջատողականներ կամ ազգայնամոլներ, այլ ինքը թող իր մեջ փնտրի մեղավորությունը»:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4