Ինչ են բերում ռազմանավերը Վրաստանին
Մեծ Բրիտանիան Ռուսաստանին կոչ է արել չխզել կապերը ՆԱՏՕ-ի հետ, չնայած հարավօսական պատերազմի պատճառով երկկողմ հարաբերությունների վատացմանը: Բրիտանական ԱԳՆ ներկայացուցիչները «Ինդիփենդենտ» թերթին տված հարցազրույցում մեկնաբանելով ՆԱՏՕ-ի հետ կապերը խզելու ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մտադրությունը, նշել են, որ դա «սխալ կլիներ», քանի որ համագործակցության անհրաժեշտությունն «այժմ ավելի մեծ է, քան երբեւէ»:
Մեդվեդեւը օգոստոսի 25-ին հայտարարել էր, որ Ռուսաստանին հարկավոր չէ «պատրանքային գործընկերություն»: Ավելի վաղ` օգոստոսի 19-ին ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները Մոսկվայից պահանջել էին ռուսական զորքը դուրս բերել Վրաստանից: Ի պատասխան` Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցրել էր ռազմական գործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:
Հարավօսական ռազմական հակամարտության ավարտից հետո ՆԱՏՕ-ի մի քանի ռազմանավ մտան Սեւ ծով, Վրաստան բերելով «մարդասիրական օգնություն»: Սակայն, ռուսական տվյալներով, ռազմանավերի վրա կան հինգ տասնյակ «Թոմահավկ» հրթիռներ, որոնք կարելի է զինել միջուկային մարտագլխիկներով եւ օգտագործել ցամաքային թիրախների դեմ: Որոշ տեղեկությունների համաձայն, այդ ռազմանավերում կան նաեւ 64 «Հարպուն» հակատանկային հրթիռներ: Ռուսաստանը կարծում է, որ Սեւ ծովում ՆԱՏՕ-ն ռազմանավերի հարվածային հրթիռային խումբ է ստեղծում: