Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան 2» կայարանում իրականացվում են վերականգնողական աշխատանքներ` նպատակ ունենալով այդ կայարանը գործունակ վիճակում պահել: Ինչպես Արմենպրեսի հետ զրույցում նշեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Վահե Դավթյանը , «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն օգոստոսի 25-ին աշխատանքային խումբ է ուղարկել «Ախուրյան 2» կայարան` երկաթգծի այդ հատվածում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Աշխատանքային խումբը ղեկավարում է ընկերության փոխադրումների վարչության պետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը: Վ. Դավթյանի խոսքով` աշխատանքների իրականացման ավարտի ժամկետները դեռ հստակ չեն, դա կհստակեցվի օրերս, իսկ ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից: Օրերս «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կուզնեցովը հայտարարել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկաթուղային հաղորդակցության Իգդիր-Երեւան երկաթգծի ժամանակավոր շահագործումը տեխնիկապես հնարավոր չէ, սակայն հնարավոր է շահագործել Կարս-Գյումրի երկաթգիծը, որի կազմում է հենց «Ախուրյան 2» կայարանը: