Նոր իրավիճակ տարածաշրջանում
Վրաց-օսական հակամարտության ծայրահեղ սրացումից տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել` սկսվել է Հարավային Կովկասում երկու նորաստեղծ պետական կազմավորումների ճանաչման գործընթացը: Եվ առաջին քայլն արդեն արված է` Ռուսաստանի Դաշնությունը փաստացի ճանաչում է աշխարհի քարտեզի վրա Հարավային Օսիայի ու Աբխազիայի` իբրեւ ինքնուրույն պետությունների գոյությունը: Սակայն դեպի ՄԱԿ տանող ճանապարհը օսերի ու աբխազների համար, թերեւս, դյուրին չի լինի: Եվ խնդիրը միայն Վրաստանին սատարող Արեւմուտքի հակազդեցությունը չէ, կա նախադեպի ծավալման միտում դեպի այլ հակամարտություններ, որոնց լուծման բեմագրերը միանգամայն տարբեր կարող են լինել: Դեռ ՌԴ նախագահի հրամանագրի թանաքը չչորացած` Դմիտրով-Վորոնին մակարդակով քննարկման թեմա է դարձել արդեն Մերձդնեստրի ճակատագիրը:
Արժանին մատուցելով Ռուսաստանի ղեկավարությանը` փոքր ազգերին պաշտպան կանգնելու պատրաստակամության համար, միաժամանակ շեշտենք, որ մեծ տերությունների շահագրգռություններն իրապես տարբերվում են փոքր ժողովուրդների ակնկալիքներից, եւ պարզամտություն կլինի մտածել, թե տվյալ դեպքում ռուսներին առաջնորդողը միմիայն օս եւ աբխազ ժողովուրդների ճակատագրերի նկատմամբ մտահոգությունն է:
Ղարաբաղյան հակամարտության էությունը զանազանվում է մյուս հակամարտություններից թեկուզեւ նրանով, որ շփման գոտում խաղաղարար ուժեր չկան: Ասել է թե` ԼՂՀ-ն ունակ է ինքնուրույն ապահովելու իր անվտանգությունը: Մեր պարագայում ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքներն անհամադիր գոյատեւում են ստատուս քվոյի հաշվին: Դա, իհարկե, հիմնախնդիրը չի լուծում, եւ քանի որ այդպես երկար շարունակվել չի կարող, եկել է այդ սկզբունքներից մեկի առաջնայնության համընդունման ժամանակը:
Կարելի է համաձայնել այն կանխատեսմանը, որ հերթը շուտով կհասնի Ղարաբաղին: Բեմագիրը, որն իրականացվել է Հարավային Օսիայում մարդասիրական աղետի ձեւով, հազիվ թե կիրառելի է Լեռնային Ղարաբաղում, եւ այն մտայնությունը, թե Վրաստանի հաջողության դեպքում Ադրբեջանն անմիջապես ձեռնամուխ կլիներ բլիցկրիգով «Լեռնային Ղարաբաղում սահմանադրական կարգի վերահաստատմանը», քիչ հավանական է: Նախ, ԼՂՀ պաշտպանունակության բարձր մակարդակը զսպող գործոն է Ադրբեջանի նկրտումների համար, եւ դա առկա է եղել հետհրադադարյան ողջ ժամանակահատվածում: Բացի այդ, Ադրբեջանի ամբիցիաները անդրօվկիանոսյան աջակցություն չունեն, գոնե, նկատելի գործընթացներում: Եվ վերջապես, օսական օրինակը հստակորեն ցուցանել է, որ ռազմական լուծումն անհեռանկարային է: Ուրեմն, ի՞նչ բեմագիր է գրվում Ղարաբաղի համար:
Թերեւս մոտավոր ենթադրությունների տեղիք է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզայի` օրերս Վաշինգտոնում արած հայտարարությունը, մասնավորապես այն մասով, որում նա ասել է. «Որոշ հակամարտությունների դեպքում մենք ասում ենք` եթե երկու կողմերը որոշեն, որ կարող են փոխզիջման գալ, որն ընդգրկի միջազգային դիվանագիտական պրակտիկայի կամ միջազգային իրավունքի այլ տարրեր, ինչպես` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, հրաշալի է: Դա ենք մենք ցանկանում անել Ղարաբաղի դեպքում` բանակցությունների միջոցով հասնել քաղաքական փոխզիջման, որը հաշվի կառնի այդ երկու սկզբունքն էլ»:
Իսկ ինչքանո՞վ են կողմերը վերջնականորեն պատրաստ փոխզիջման, եւ ի՞նչ է նկատի առնվում «կողմեր» ասելով: Արդյոք Մեթյու Բրայզան, արտահայտելով նաեւ մյուս համանախագահների վերաբերմունքը, բանակցային կո՞ղմ է համարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Սա շատ կարեւոր, Ղարաբաղի համար սկզբունքային հարց է, որի հստակ պատասխանը միջնորդներն այդպես էլ պարզորոշ չեն հնչեցնում:
Դատելով ԼՂՀ հասարակական-քաղաքական ուժերի արձագանքներից, որ դրսեւորվել են տարբեր առիթներով, Ղարաբաղը չի գնա պարտադրված, մանավանդ տարածքների հանձնման ձեւով զիջումների, քանզի դրանք անվտանգության գոտիներ են: Բանակցություններին ԼՂՀ-ի չկցվելու դեպքում, եթե փոխզիջումներ են լինելու, նշանակո՞ւմ է, որ այնուամենայնիվ գործելու է արտաքին պարտադրանքի պարագան: Շատ էական է, թե ով եւ ինչ է պարտադրելու:
Առանձին խորհրդածությունների տեղիք է տալիս նաեւ Թուրքիայի հանկարծակի աշխուժացումը: Ինչպես հայտնի է, վերջինս շրջանառության մեջ է դրել Հարավային Կովկասում անվտանգության համակարգ ստեղծելու գաղափարը, որի էությունը, այսպես կոչված, Կովկասյան միության ստեղծումն է` Վրաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ընդգրկմամբ: Այս մոդելը հիշեցնում է անցյալ դարի 20-30-ական թվականների Անդրկովկասյան ֆեդերացիան, եւ առաջարկի ամենապարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե «ռուսական տանիքի» տակ, Թուրքիայի հանդուրժող հայացքի ներքո, միավորվելու են Վրաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը, ապա տարածաշրջանում որեւէ նոր պետական կազմավորման ստեղծման մասին խոսք անգամ լինել չի կարող: Թուրքական այս տարբերակը, կարելի է ասել, ուղղակի խաչ է դնում թե՛ ղարաբաղյան, եւ թե՛ օս-աբխազական հիմնախնդիրների վրա: Այսինքն` քանդվում է գորդյան հանգույցը առանց եվրոատլանտյան միջնորդների մասնակցության` վերահաստատելով Ռուսաստանի գերիշխանությունը Հարավային Կովկասում եւ պահպանելով թուրքական ստվերային ներկայությունը:
Թուրքիայի առաջարկությունը Կրեմլում միանշանակ պատասխանի չի արժանացել, այնտեղ պարզապես ասել են` կմտածենք: Իսկ թե ինչպես են արձագանքել իրենց ազգակիցներին Բաքվում` ադրբեջանական մամուլը զգուշավոր լռություն է պահպանում: Հայտնի է միայն, որ տարածաշրջանային մտահոգությունների շրջանակում Բաքու ժամանած վարչապետ Էրդողանը խոստացել է առաջիկայում կրկին այցելել Ադրբեջան, հավանական է` ավելի գործնական առաջարկով: Մնում է ենթադրել, որ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային մրցամարտին մասնակցելու պատրվակով Երեւան կժամանի Թուրքիայի նախագահն ու առաջարկը կքննարկի ՀՀ նախագահի հետ:
Եթե թուրքական հիշյալ տարբերակը նոր շրջագայություններ ունենա տարածաշրջանի երկրներում, ապա ղարաբաղյան կարգավորման հեռանկարի առումով մտահոգությունների առիթ երեւի կունենանք:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ