«Ազգի» ընթերցողներին երկու տարի առաջ տեղեկացրել էինք Ստամբուլի «Լուսավորիչ դպրաց դաս» երգչախմբի ու նրանց մայր հայրենիքում անդրանիկ փայլուն համերգի մասին, որը կայացավ Երեւանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Վեհափառ հայրապետի թույլտվությամբ: Ի դեպ, երգչախումբը 2-րդն էր մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբից հետո, որոնց թույլատրվեց հոգեւոր երաժշտության համերգային ծրագրով հանդես գալ եկեղեցում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում:
Արդեն իսկ ստեղծված բարեկամական կապերը այսօր էլ շարունակվում են եւ երգչախումբը կրկին ամփոփեց համերգաշարը: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը բազմամարդ էր: Համերգից առաջ Երգչախմբային ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը ներկայացրեց երգչախմբի պատմությունը, որը 1929 թվականից առ այսօր ազգանվեր մշակութային գործունեություն է ծավալել բազմաթիվ հայ մտավորականների, հոգեւորականների ու երաժիշտների ջանքերի շնորհիվ: Իսկ 1991-ից երգչախմբի ղեկը վստահվեց շնորհաշատ երիտասարդ երաժիշտ ու մանկավարժ Հակոբ Մամիկոնյանին : Եվ ահա կրկին հայ երաժտասերները հնարավորություն ունեցան ունկնդրելու հրաշալի մի համերգ, որի ընթացքում Կոմիտասի, Եկմալյանի, Պարթեւանի, Անասյանի, Մեյխանեճյանի, Դանիէլ Երաժշտի, Ռուբեն Ալթունյանի, Բախի, Գունոյի, Շուբերտի ստեղծագործությունները հնչեցին «Լուսավորիչ դպրաց դաս» երգչախմբի ու «Նարեկացի» մշակութային կենտրոնի կամերային նվագախմբի (ղեկ. Արամ Թալալյան) կատարմամբ: Հրաշալի համերգից հետո երգչախմբին շնորհակալության եւ գնահատանքի խոսքեր ասաց «Մեկ Ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը : «Ազգը» խնդրեց Դանիէլ Երաժշտին ու մաեստրո Ռուբեն Ալթունյանին կիսել տպավորությունները:
Դ. Երաժիշտ. «Դա երկու թեւ էրՙ Հայաստան-սփյուռք միաձույլ մի կամուրջ: Այս ծրագիրը հայրենասիրական շեշտ էր պարունակում եւ դա շատ խանդավառեցնում էր, քանի որ ծրագրում ընդգծված կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումը, կարծես թե հայկական մշակույթը ներկայացնում էին համաշխարհային մշակույթի համատեքստում: Իսկ եթե կատարողականին անդրադառնամ, պետք է ասեմ, որ սա մի նվաճում էր, 1,5 փորձից հետո նման կերպ հանդես գալ... Շնորհավորում եմ»:
Ռ. Ալթունյան. «Իմ ստեղծագործությունը պոլսահայ երգչախմբի կատարմամբ առաջին անգամ լսեցի ու շատ ոգեւորված եմ: Ուրախ եմ, որ իրենց նախաձեռնությամբ, իրենց գործիքավորմամբ լրիվ այլ կերպ հնչեց, եւ պետք է ասեմ, որ վատ չէր: Երգչախումբը շատ լավ պոտենցիալ ունի ու լավ էլ ծրագիր էին մշակել, կատարողականը բավական բարձր էր: Իսկ ղեկավարըՙ Հակոբ Մամիկոնյանը, շատ հմուտ երաժիշտ է: Հիմքերը ամուր են, ըստ իս, ու դեռ ճանապարհ ունեն անցնելու»:
Տ. Հեքեքյանը ոգեւորված էր համերգից ու հպարտ էր, որ սփյուռքում, հատկապես Թուրքիայում, երգչախումբ կա. «Այս երգչախմբի գոյությունն ու գործունեությունը նախ հերոսություն եմ համարում: Ապրել ու ստեղծագործել Պոլսումՙ մեծ հայրենանվեր գործ է եւ արդեն չես էլ ուզում որեւէ թերություն տեսնել հենց մասնագիտական առումով»:
Ոգեւորված էր ու հուզված ջերմ ընդունելությունից երգչախմբի ղեկավար ու դիրիժոր Հակոբ Մամիկոնյանը: «Ազգի» հետ զրույցում նա նշեց. «Նման խստապահանջ հանդիսատեսի առաջ ելույթ ունենալը ե՛ւ ինձ, ե՛ւ երգչախմբի համար շատ փափագած երազ էր: Ուրախ եմ, որ կարողացանք կամերային նվագախմբի հետ շատ կարճ ընթացքում ներդաշնակ աշխատել: Երբ վերադառնանք Պոլիս, այս ամենը երազ է թվալու ու ափսոսելու ենք, որ այն կարճ տեւեց: Իմ զավակներին ու սերունդներին հետագայում պատմելու բան կունենանք ու կցուցադրենք տեսաերիզը: Պետք է ասեմ, որ լեգենդ դարձած մաեստրո Չեքիջյանից շատ կարեւոր դասեր քաղեցինք իր հետ հանդիպումից ու երգչախմբի համերգ-դասից: Շատ հուզված եմ, որովհետեւ մաեստրո Չեքիջյանը շնորհավորեց մեզ ու ասաց. «Լավ էր, բավականին լավ էր ձեր խմբի մակարդակը»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ