Ծեսերն ու ավանդույթները յուրաքանչյուր ժողովրդի հարստությունն են, որոնցով ներկայանում են տվյալ ժողովրդի ազգային առանձնահատկությունները, արտացոլվում են ապրելակերպն ու գաղափարները: Ավանդույթների ու ծեսերի թվին կարելի է դասել նաեւ ազգային ուտեստներն ու նրանց պատրաստման եղանակները, որոնք նույնպես ժողովրդի ազգային նկարագիրն են ներկայացնում:
Խորվու, փախլավա, փոխինդ, գաթա, տոլմա, թթու, լավաշ ու էլի բազմաթիվ ուտեստներ հայկական ավանդական ճաշատեսակներ են, եւ կրում են ազգային կենցաղավարության տարրեր: «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը, որ պատանեկան բազմաթիվ ծրագրերի հեղինակ է, այս անգամ իր ուշադրությունը սեւեռել էր ազգային ուտեստների պահպանման խնդրին: Ծրագիրն ունի ավելի քան տասը տարվա կենսագրություն եւ կազմակերպում է նմանօրինակ ուսուցողական ծրագրեր հատկապես հանրապետության հեռավոր գյուղերի պատանիների համար: Ծրագրի առաջնահերթ խնդիրներից է գյուղական համայնքներում բնակվող պատանիների (12-17 տարեկան) զբաղվածության ապահովումն ու առօրյա կյանքն ավելի հետաքրքրական դարձնելը:
«Ավանդական ուտեստներ» ծրագրի նպատակն է ներկայացնել ու պահպանել հայկական ավանդական կերակրատեսակները: Այդ ուղղությամբ դեռեւս 2007-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՀՀ բոլոր մարզերում կազմակերպվել են «Ավանդական ուտեստներ» խորագրով համտես-շնորհանդեսներ, որոնց ժամանակ 500 պատանիներ` շրջելով իրենց գյուղական համայնքներում եւ զրուցելով մեծահասակների հետ, հավաքել են հայկական ավանդական ուտեստների ավելի քան հինգ հարյուր բաղադրատոմս: Ավելի ուշ ազգային ուտեստների առանձնահատկություններն ամփոփվեցին «Հայոց ավանդական ուտեստ» պատկերազարդ գրքում, որի շնորհանդեսը կայացավ երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում: Գրքում ներկայացված են Հայաստանի տասը մարզերի ավանդական կերակրատեսակները: Գիրքը միաժամանակ հաղորդակից է դարձնում նաեւ հյուրասիրության ավանդական կանոններին: Մինչ գրքի շնորհանդեսը հանրապետության մարզերից ժամանած պատանիները նախ ներկայացրին իրենց պատրաստած ավանդական կերակրատեսակները, որն ուղեկցվում էր ազգագրական երգ ու պարով, փոքրիկ բեմադրություններով, ու յուրաքանչյուր մարզին հատուկ ծեսերով:
Տասնվեցամյա Ժենյան Արմավիրի մարզի Քարակերտ գյուղից է ու արդեն մի քանի տարի մասնակցում է CARD-ի ծրագրերին: «Ներկայացնելու ենք Արմավիրի մարզի առանձնահատկությունները` հովիվի պարն ու հովիվների սիրած կերակրատեսակը` խորվուն, որը պատրաստվում է ոչխարի մսից: Քարակերտում այն մատուցում են հաճարի հետ: Կերակրատեսակը ստացել է խորվու անունը, որովհետեւ միսը խորովում ենք թոնիրում: Հին ժամանակներում խորովելու ընթացքում երիտասարդ չամուսնացած տղաները ներկայացնում էին իրենց ուժն ու հմտությունները, իսկ աղջիկները պարում էին», պատմում է Ժենյան:
«Հուսով եմ, որ կատարած աշխատանքը ոչ միայն հետաքրքրական էր այլեւ ուսանելի: Ներկայացրել եք հայկական ավանդույթների, ճաշատեսակների բազմազանությունն ու առանձնահատկությունները, որոնք անկասկած կհետաքրքրեն օտարերկրացիներին: Ծրագիրը հաջողված է եւ համոզված եմ դեռ երկար ժամանակ կաջակցի հայ պատանիներին», միջոցառման բացման արարողության ժամանակ ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ