«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2008-08-23 | #153, 2008-08-26 | #154, 2008-08-27


ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐ

Առաջին ինստիտուտը կզբաղվի հայագիտությամբ

Երեւանի պետական համալսարանում 1969 թվականից գործող հայագիտական հետազոտությունների պրոբլեմային լաբորատորիան (հայագիտական կենտրոն) բանասիրության դոկտոր Արշակ Մադոյանի ղեկավարությամբ արդեն 2 տարի թեմատիկ ուսումնասիրություններ է կատարում համալսարանում գործող հայագիտական հետազոտությունների նոր կենտրոնի գործունեությունից դուրս, որովհետեւ վերջինս հիմնականում զբաղվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրությունների թարգմանությամբ, ինչը հայագետներից ոմանք համարում են ոչ խելամիտ, քանի որ դրանով արդեն իսկ զբաղվում են ԳԱԱ ակադեմիայի հումանիտար մի քանի ինստիտուտներ: Նախկին լաբորատորիան մեծ գործունեություն է ծավալել, հիմք դնելով «Հայ մշակույթի նշանավոր գործիչները» մատենաշարի, հայ մատենագրության հուշարձանների եւ հայագիտական կարեւորագույն աշխատությունների հրատարակմանը, թարգմանչական գործի զարգացմանը, համամիութենական գիտաժողովների անցկացմանը:

Համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը մտադիր է ընդլայնել կենտրոնի գործունեությունը եւ այն դարձնել հայագիտական հետազոտությունների ինստիտուտ: Այդ առաջարկով արդեն դիմել է կառավարությանը. «Նշել ենք ինստիտուտի գործունեության հիմնական ուղղությունները, ներառելով հայոց լեզվի պատմությանը եւ հայ գրականությանն առնչվող հարցերը, հայ ժողովրդի պատմության, հայ ազգային ազատագրական շարժումների ուսումնասիրությունը, աղբյուրագիտությունը, լեզվաբանությունը, Հայոց ցեղասպանությանը նվիրված հետազոտությունները, հայ ինքնության հարցերը: Մեր ցանկությունն է ունենալ գիտական հզոր օջախ, որտեղ կուսումնասիրվեն օսմանագիտություն, վրացագիտություն, կհրապարակվեն հայագիտական օտարալեզու ուսումնասիրություններ: Համալսարաններին կից գիտահետազոտական կենտրոններ եւ ինստիտուտներ ստեղծելը բավականին տարածված է զարգացած երկրներում: Կարծում եմ, ժամանակն է այդ ճկուն համակարգին հետեւելու եւ ակադեմիական ու ճյուղային ինստիտուտների կողքին բուհականն ունենալու: Պետական համալսարանը շուտով կանի այդ քայլը, քանի որ հետազոտական համալսարան դառնալու համար անհրաժեշտ է օրգանապես միաձուլել կրթություն ու գիտական աշխատանքը: Հենց առաջին կուրսից բարձրագույն կրթություն ստանալու հետ ուսանողը պետք է հմտության առաջին դասերը ստանա գիտահետազոտական ոլորտումՙ դյուրինից անցնելով խրթինին: Կարծում եմ, չափազանց կարեւոր է նաեւ գիտական հետազոտությունների առեւտրայնացումը, որին հասնելու համար նախատեսում ենք պետության օգնությամբ ստեղծել գիտատեխնիկական պարկ: Դա գործունեության ընդունված միջոց է ամբողջ աշխարհում, եւ մեր բարձրագույն կրթությունը չպետք է զերծ մնա դրանից», ասում է ԵՊՀ ռեկտորը: Հայագիտական հետազոտությունները կղեկավարեն նաեւ ավագ սերնդի այն հայագետները, որոնք առաջացած տարիքի պատճառով այլեւս չեն դասավանդում կամ պաշտոնավարում: Ռեկտորի ասելով, իրենք պատրաստ են ասպարեզ տրամադրել գիտական արդյունք տալու կարողություն ունեցող հմուտ մասնագետներին, ինչպես դա արվում է քիմիայի եւ կենսաբանության ֆակուլտետներում, որտեղ բազային ֆինանսավորմամբ ամբիոններից գիտական լաբորատորիաներ են տեղափոխվում առաջացած տարիքի մասնագետները: «Նրանց ներուժից եւ ծառայություններից օգտվելը շատ արդիական է մեզ համար, եթե տվյալ մասնագետը կարող է շարունակել աշխատանքը, ուրեմն համալսարանը պետք է պայմաններ ստեղծի դրա համար»:

Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը սկզբնապես կգործի պետհամալսարանի կենտրոնական մասնաշենքում, հետագայում կտեղափոխվի բանասիրական ֆակուլտետի նոր մասնաշենքի վերնահարկում կառուցվելիք սենյակներ: Հիմա անհրաժեշտ է վերանորոգման աշխատանքների ֆինանսական միջոցներ գտնել, ինչի համար արդեն դիմել են համալսարանի բարեկամների միությանը, մասնավորապես Երվանդ Ազատյանին եւ Ռիտա Պալյանին:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4