«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2008-08-23 | #153, 2008-08-26 | #154, 2008-08-27


ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ՀԱՅ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՆ

Պեկինի օլիմպիադան լավագույններից մեկն էր հայ մարզիկների ելույթների առումով: Մեր օլիմպիականներն օլիմպիական մրցասպարեզներում նվաճեցին 6 բրոնզե պարգեւՙ փառք ու պատիվ բերելով հայկական սպորտին: Օլիմպիադայի մեր հերոսներն արդեն վերադարձել են Պեկինից եւ այժմ վայելում են հաղթանակի առաջին պտուղները: Ժամանակն է մեծարելու մեր մարզիկներին, նրանց արժանին մատուցելու:

Երեկ Հանրապետության հրապարակում կրկին տոնական մթնոլորտ էր տիրում: Օլիմպիադայի մասնակից հայ մարզիկների պատվին կազմակերպվել էր համերգային ծրագիր, որի ընթացքում օլիմպիականներին իրենց ելույթներով ողջունեցին երգիչ-երգչուհիները, պարային համույթները: Տոնական համերգն ավարտվեց ճոխ հրավառությամբ:

Օլիմպիականներին ողջունելու էր եկել նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը , որն իր խոսքում մասնավորապես նշեց. «Ես նույնպես Հանրապետության հրապարակ եմ եկելՙ շնորհավորելու մեր օլիմպիականներին: Ցանկանում եմ բոլորիս անունից շնորհակալական խոսք ասել այսօրվա մեր հերոսներին: Սիրելի օլիմպիականներ, ընդամենը օրեր առաջ մեր երկրի ու ժողովրդի դեսպանն էիք համաշխարհային սպորտի ստուգատեսում: Պեկինում դուք պատվով կատարեցիք ձեր առաքելությունըՙ նվաճելով բրոնզե 6 մեդալ ծանր ու ազնիվ մրցապայքարում: Ձեր անձնուրացության ու կամքի շնորհիվ մեր ժողովրդին վերադարձրիք օլիմպիական հաջողությունների բերկրանքը, իսկ մեր երկրին համբավ բերեցիք: Մարդիկ, որ գուցե Հայաստանի անունը չէին լսել, տեսան նրա դրոշը, որ պարբերաբար բարձրացվում էր ձեր պատվին:

Ե՛վ որպես երկրի նախագահ, ե՛ւ որպես երկրպագու, շնորհակալությունս եմ հայտնում ձեզՙ մարզիկներին, մարզիչներին, ՀԱՕԿ-ին, պետական, հասարակական եւ մասնավոր բոլոր կառույցների ներկայացուցիչներին, ովքեր ավանդ ունեն Հայաստանի օլիմպիական հավաքականը նախապատրաստելու եւ Պեկինում արժանավայել ներկայացնելու գործում: Սիրելի մարզիկներ, ձեր օրինակով դուք անգնահատելի գործ եք անում Հայաստանում սպորտի մասսայականացման ուղղությամբ: Դուք տոն պարգեւեցիք մեզ, եւ մենք այսօր այստեղ ենք արժանիորեն նշելու այն: Ուրախ եմ, որ այսպիսի բազմություն է հավաքվել այստեղ: Այլ կերպ լինել չէր կարող: Մենք օրեր շարունակ շունչներս պահած հետեւում էինք մեր մարզիկների մրցելույթներին, ցավում նրանց համար, ոգեւորվում ու հիասթափվում, տխրում եւ ուրախանում: Մեզանից յուրաքանչյուրը տարբեր հեռուստաէկրանների առջեւ էր, բայց մենք միասին էինք ու միակամ: Մեզ միավորում էր մեր ազգային արժանապատվությունը, հպարտությունը մեր դրոշի, երկրի ձեռքբերումների համար: Եվ այսօր մեզ միավորում է հայ մարզիկների ջանքերի շնորհիվ վաստակած հպարտությունը: Իմ պարտքն եմ համարել մեկնել Պեկին եւ անձամբ սատարել մեր մարզիկներին այդ պատասխանատու խաղերում: Համոզված եղեք, որ այսուհետեւ եւս սպորտը եւ մարզաշխարհի խնդիրները լինելու են իմ ուշադրության կենտրոնում: Այդ ուշադրությունը միայն օլիմպիադաներով չի պայմանավորված, այլ այն հանգամանքով, որ սպորտն առաջին հերթին առողջ ապրելակերպի կենսաձեւ է: Իսկ առողջ սերունդը վաղվա Հայաստանի հենասյունն է:

Այս օլիմպիադան հայկական սպորտի պատմության մեջ թերեւս կմտնի որպես բրոնզե օլիմպիադա: Հավատացնում եմ ձեզ, որ 6 մեդալըՙ թեեւ բրոնզե, շատ մեծ նվաճում է եւ լավ հիմք հենց այսօրվանից նախապատրաստվելու գալիք ոսկե օլիմպիադաներին: Մի բան, որում կասկած չունեմ: Մենք կարող ենք ավելին անել, ունենալ նոր հաղթանակներ ոչ միայն մարզական ասպարեզում, այլեւ կյանքի բոլոր ոլորտներում: Համոզված եղեք, որ դրանք նշելու ենք միասին, հպարտանալու ու պարծենալու ենք: Եկեք միշտ հիշենք, որ մենք հաղթել ենք, երբ միասնական ենք եղել: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորին այն հավատով, որ գալիք բոլոր հաղթանակները կայանալու են հանուն եւ ի փառս Հայաստանի Հանրապետության: Ուրեմն, առաջ Հայաստան»:

Այնուհետեւ ողջույնի խոսքով ներկաներին դիմեց ՀԱՕԿ-ի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը. «Մեծարգո նախագահ, սիրելի ժողովուրդ, այսօր հավաքվել ենք մեծարելու օլիմպիադայի մեր մրցանակակիրներին: Կարճ ժամանակահատվածում մեծ ծավալի աշխատանք կատարվեց, կարողացանք իրականացնել մեր սպասելիքները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանին, հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանին եւ բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանին, որոնց սաներն օլիմպիադայում 6 բրոնզե մեդալ նվաճեցին: Մենք սպասելիքներ ունեինք նաեւ հրաձգությունից, ձյուդոյից եւ ազատ ոճի ըմբշամարտից, սակայն դրանք չիրականացան: Ուստի պետք է այժմվանից ավելի լավ նախապատրաստվել Լոնդոնում կայանալիք ամառային 30-րդ օլիմպիադային, որպեսզի մեդալների ավելի մեծ քանակով վերադառնանք հայրենիք: Եվ մեդալներն էլ լինեն ավելի բարձր կարգի: Ցանկանում եմ շնորհավորել մեր օլիմպիական մեդալակիրներին, մաղթել առողջություն, նորանոր հաղթանակներ ու նոր մեդալներ: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որ բոլոր հարցերում աջակցել է մեզ, եւ ամենակարեւորը մեզ հետ Պեկինում էր, ինչը մեր մարզիկներին ավելի է ոգեւորել, ավելի պարտավորեցրել: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ Ռոբերտ Քոչարյանին, որի ավանդը մեծ էր մարզական դպրոցաշինության, սպորտի զարգացման եւ այս մեդալների նվաճման հարցում: Շնորհակալություն են հայտնում նաեւ կառավարությանը, ԱԺ-ին, Հանրային հեռուստաընկերությանը, նաեւՙ լրագրողներին, ովքեր անաչառ մեկնաբանել են մրցումները: Եվ, իհարկե, շնորհակալ եմ մեր ժողովրդից: Այս հաղթանակը բոլորինն է: Այսօր ազգովին տոնում ենք մեր հաղթանակը: Ցանկանում եմ, որ միշտ այս հրապարակում ազգովի հավաքվենք եւ տոնենք մեր հաղթանակները»:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4