Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հաջող է մեկնարկել «Մեծ սաղավարտ» մրցանակի շարքին դասվող այս տարվա վերջին մրցաշարում` թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում: Նա երեք խաղափուլում պարտության մատնեց բրազիլացի Դանիել Մարկոսին (6-1, 6-2, 6-4): Առաջին փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարեցին նաեւ Եվգենի Կորոլյովը, Անդրեյ Գոլուբեւը, Դավիթ Ֆեռերը, Անդրեաս Բեկը, Խոսե Ակասուսոն, Ժիլ Սիմոնը, Ուեյն Օդեսնիկը:
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 12-ակի հաղթող Ռոջեր Ֆեդեռերը վերջին 4 տարիների ընթացքում առաջին անգամ մրցաշարը կսկսի որպես աշխարհի թիվ 2 ռակետ: Նա 2004-ի փետրվարի 2-ից գլխավորում էր թենիսիստների համաշխարհային դասակարգման ցուցակը: Եվ ահա 2008-ի օգոստոսի 18-ին Ֆեդեռերն առաջատարի իր դիրքը զիջեց իսպանացի Ռաֆայել Նադալին: Այսպիսով, Ֆեդեռերը ցուցակը գլխավորեց 237 շաբաթ անընդմեջ կամ գրեթե 55 ամիս: Նադալին հասնելու համար Ֆեդեռերին շատ է անհրաժեշտ հաղթանակը ԱՄՆ-ի բաց առաջնությունում:
Կանանց մրցաշարում հաջող մեկնարկեց Պեկինի օլիմպիադայի չեմպիոնուհի Ելենա Դեմենտեւան: Նրա մրցակցուհին ուզբեկ թենիսիստուհի Ակգյուլ Ամանմուրադովան էր: Հաջորդ փուլ մտած թենիսիստուհիների թվում են նաեւ Էն Կետավոնը, Սառա Էրանին, Պատի Շնիդերը, Անաստասիա Պավլյուչենկոն, Կատարինա Սրեբոտնիկը, Ալիսա Կլեյբանովան եւ ուրիշներ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ