«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2008-08-26 | #154, 2008-08-27 | #155, 2008-08-28


ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎՆ, ԱՆԿԱԽ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ, ՊԵՏՔ Է ԳԻՏԱԿՑԻ ՊԱՀԻ ԼՐՋՈՒԹՅՈՒՆԸ

Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: Այդ փաստը խնդրեցինք գնահատել հայ խորհրդարանականներին եւ դիտարկել ԼՂՀ խնդրի հետ զուգահեռներում:


  Ավետ Ադոնց, ԱԺ ԲՀԿ խմբակցություն, եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ. - Ռուսաստանի այս քայլը հնարավոր է, որ լրացուցիչ լարվածություն առաջացնի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ, առհասարակ, միջազգային հանրության եւ Ռուսաստանի լարված հարաբերությունների առիթ դառնա. արդեն Ռուսաստանի այս քայլը քննադատում են ե՛ւ ԱՄՆ-ը, ե՛ւ եվրոպական կառույցները, ԵԱՀԿ-ն, Եվրոմիությունն արել են իրենց հայտարարությունները: Մինչեւ չլուծվի հակասությունը տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների միջեւ, նմանատիպ խնդիրները տարբեր տարածաշրջաններում իրենց զարգացումը կստանան: Կոսովոյի, ինչպես նաեւ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումն ակնհայտորեն մեզ ձեռնտու է, եթե առաջին հայացքով դատենք, շարժառիթները եւ նպատակները համընկնում են ԼՂՀ ժողովրդի նպատակներին, սակայն այդ երկրների անկախությունը Հայաստանի կողմից ճանաչելու մասին առայժմ խոսք գնալ չի կարող, մենք դեռ պետք է ճանաչենք ԼՂՀ-ն: Առայժմ պետք է սպասել, տեսնել, թե ինչպե՞ս են զարգանալու դեպքերը, մանավանդ մեծ լարվածություն կա սեւծովյան ավազանում, հիմա այնտեղ ՆԱՏՕ-ի նավերն են, մոտ 10 նավ: Պետք է հասկանալ, թե ինչպես են զարգանում դեպքերը:

Արտգործնախարարությունը իր կարծիքն ու գնահատականը կտա` դա պետության կարծիքը կլինի, պաշտոնապես արձագանքելու խնդիր կա տարածաշրջանային զարգացման առիթով, ԲՀԿ-ն իր հայտարարությունն արեց Հարավային Օսիայի զարգացումների մասին: Ռուսաստանի կողմից այս ճանաչման փաստի առթիվ եւս դեռ պետք է մի փոքր սպասել, ինչպես որ դանդաղում ենք Կոսովոյի հետ կապված, սա դիվանագիտական տեխնիկա է, քանի որ որեւէ հայտարարություն այսպիսի բարձր լարվածության իրավիճակում կարող է վճռորոշ դեր խաղալ, պետք է 10 անգամ մտածել, եւ 1 անգամ գործել:

  Արմեն Աշոտյան. ՀՀԿ. - Հարավային Կովկասում ստեղծվում է նոր իրավիճակ, եւ այդ իրավիճակը Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին կարող է ինչպես առավելություն, այնպես էլ նոր մարտահրավերներ առաջադրել: Իհարկե, յուրաքանչյուր նախադեպ, երբ ամրագրվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հաղթանակ, Հայաստանում եւ ԼՂՀ-ում էմոցիոնալ դիտանկյունից շատ դրական է ընկալվում, եւ մի նոր կռվան է դառնում հայկական դիվանագիտության ձեռքերում` ԼՂ միջազգային ճանաչման հարցում, սակայն իրական աշխարհաքաղաքական վերլուծության տեսանկյունից մենք տեսնում ենք, որ այն, ինչ կատարեց Ռուսաստանը, նոր քաղաքական իրավիճակում, բավականին սպեցիֆիկ ֆոն է ստեղծում հենց ԼՂՀ ճանաչման համար: Ակնհայտ էր, որ ի սկզբանե Մերձդնեստրի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրները Ռուսաստանի համար տարբերվում էին Լեռնային Ղարաբաղի խնդրից` նշված երեք խնդիրների «տերը» Ռուսաստանն էր, իսկ ԼՂՀ խնդրի տերը ՀՀ-ն է միջազգային ասպարեզում: Սա ինչպես որ առավելություններ է տալիս ԼՂ խնդրին, այնպես էլ նոր խնդիրներ մատուցում, որոնք հատուկ չէին մնացած երեքին: Ես կարծում եմ, որ Հայաստանը հիմա պատրաստ չէ ճանաչելու Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, որովհետեւ մենք դեռ չենք ճանաչել ԼՂ անկախությունը, եւ խոսել մնացյալ երկուսի ճանաչման մասին` առանց ԼՂՀ ճանաչման, ժամանակավրեպ է: Կարծում եմՙ Հայաստանը դա կարող էր անել, եթե Ռուսաստանը դիվանագիտական գործողություններ կատարեր նաեւ ԼՂՀ ճանաչման հարցում: Այսինքնՙ մենք կարող էինք ճանաչել Ռուսաստանի ճանաչած հանրապետությունները, եթե Ռուսաստանը ճանաչեր նաեւ ԼՂՀ-ն: Հաշվի առնելով վրացական տրանզիտային միջանցքի կարեւորությունը եւ այդ միջանցքի խափանման հետեւանքով առ այսօր մեզ մոտ եղած խնդիրները, որոնք արդեն տեսանելի են, կարծում եմ, որ Հայաստանի շահերից չի բխում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միակողմանի ճանաչումը` առանց Ռուսաստանի կամ մի շարք այլ երկրների կողմից ԼՂՀ ճանաչման: Հայաստանով եւ ԼՂՀ-ով դեռ չի անցնում աշխարհաքաղաքական ճակատամարտի խրամատը, բայց մենք գտնվում ենք մերձճակատային գոտում, եւ ես վստահ չեմ, որ այդ խնդիրները չեն տարածվի նաեւ Հայաստանի եւ ԼՂՀ վրա, ուստի, կարծում եմ, մեր արտաքին դիվանագիտությունը կարող է նաեւ կանգնել իր որդեգրած սկզբունքի` բազմավեկտոր կոմպլեմենտար քաղաքականության փոփոխության պարտադրանքի առջեւ, որովհետեւ եթե այդ վեկտորների` ուժի կենտրոնների միջեւ, ինչպիսիք Ռուսաստանը, Եվրոմիությունը եւ ԱՄՆ-ն են, գնում է աշխարհաքաղաքական շատ սուր պայքար, դժվար կլինի պահել կոմպլեմենտար քաղաքականությունը եւ փորձել համադրել գերտերությունների շահերը Հայաստանում եւ ԼՂՀ-ում, այն, ինչ երկար ժամանակ Հայաստանին հաջողվում էր:

Ղարաբաղյան պետության միջազգային լեգիտիմացման խնդիրը` ԼՂՀ ճանաչումը ամենահեշտ քայլն է, որ կարող է անել Հայաստանը, բայց այդ դեպքում եթե մի քանի տերությունների, այդ թվում` գերտերությունների կողմից նույնը չլինի, ապա ճանաչման գործընթացն իր մեռյալ կետից չի շարժվի:

Իսկ Ռուսաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս օրակարգի կարեւորության առումով ռուսական քաղաքական էլիտային թույլ չի տալիս նույն կերպ վարվել Ղարաբաղի հարցում, որովհետեւ ռուս-ադրբեջանական եւ ռուս-վրացական հարաբերությունները տարբեր են, Ադրբեջանի իշխանություններն ի տարբերություն Վրաստանի իշխանությունների, վարեցին բազմակողմանի քաղաքականություն, հստակ գերադասելով սեփական քաղաքական շահը: Ադրբեջանն այս տեսակետից կարեւոր է Ռուսաստանի համար, Ադրբեջանի քաղաքական վերնախավը դեռ չի «ջղայնացրել» Ռուսաստանին այն աստիճան, որ Ռուսաստանը դիմի ԼՂՀ-ն ճանաչելու քայլին:

Մեզանից այս պահին պահանջվում է սպասողական ակտիվ կեցվածք, գուցե ստվերային-կուլուարային բանակցություններ` տարբեր քաղաքական կենտրոնների հետ, իրավիճակի զարգացմանը համապատասխան կողմնորոշում: Գործընթացը նոր է սկսել, դժվարանում եմ ասել, թե ի՞նչ աստիճանի կսրվի իրավիճակը տարածաշրջանում: Կսրվի, անխոս, եւ մենք նոր քաղաքական մոտեցումների կարիք կունենանք: Տնտեսապես էլ նոր ծանր իրավիճակ է ստեղծվում: Այստեղ շատ կարեւոր է, որ գոնե երկրի ներսում քաղաքական վերնախավը, անկախ իր ճամբարային պատկանելությունից, գիտակցի այս նոր իրավիճակը եւ չփորձի արտաքին մարտահրավերներին գումարել նոր ներքին սրացումներ, որոնք ուղղակի կարող են պետականության համար կործանարար լինել:

  Լարիսա Ալավերդյան, «Ժառանգություն». - Նրանց, որոնք խոսում են ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքի հակասության մասին, հիշեցնեմ, որ որեւէ հակասություն չկա այս ճանաչման փաստում. խոսքն այն մասին չէ, որ Հարավային Օսիան կամ Աբխազիան պայքարում են ինքնորոշման իրավունքի համար առաջին անգամ: Այդ երկու միավորներն արդեն իսկ ունեցել եւ Խորհրդային Միությունում իրականացրել են իրենց ինքնորոշման իրավունքը, որը Վրաստանը ոտնահարեց: Կա նախադեպ Կոսովոն` Սերբիայի տարածքում, այնինչ Հարավային Օսիան եւ Աբխազիան կայացել են իրենց պատմական տարածքների վրա: Իսկ մեր խնդրին զուգահեռելով` ես համարում եմ, որ Հայաստանն ունի չմարված պարտքեր ԼՂՀ ճանաչման ուղղությամբ, Հայաստանն առնվազն ինչ-որ քայլ պետք է անի դեպի ճանաչումը: Եթե մենք շարունակենք «ոչ ձեզ, ոչ մեզ» քաղաքականությունը ԼՂՀ վերաբերյալ, կունենանք 0-ներ: (Լ. Ալավերդյանը հիշեցրեց, որ դեռ անցյալ տարի ԱԺ-ն պետք է քննարկեր եւ ընդուներ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությունը` ԼՂՀ-ն ճանաչելու վերաբերյալ, որի դեպքում այսօր այլ վիճակ կունենայինք):

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4