«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքին պատկանող Ջավախքի «Երիտասարդական ռադիոյի» շենքը հուլիսի 18-ից մինչ օրս գտնվում է վրացական ուժային կառույցների հսկողության ներքո. արգելված է շենք մուտք գործելը, որի պատճառով խափանվել է մի շարք կազմակերպությունների գործունեությունը: Նույն պատճառով չի գործում «Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միությունը», որի գեղարվեստական ու ստեղծագործական խմբակներում ներգրավվելով` բազմաթիվ երեխաներ կարողանում էին իրենց առօրյան լցնել հետաքրքրությամբ, չի գործում «Ջավախքի սկաուտական շարժումը», «Տորք-Անգեղ» մարզակումբը, որի մարզական խմբակներին մասնակցում էին Ախալքալաքի մարզասեր պատանիներն ու աղջիկները, խափանված է Ջավախք-նեթ պրովայդերի գործունեությունը, ավերվել է տեղի հեռուստատեսային կենտրոնը: «Ջավախք-ինֆո»-ի փոխանցմամբ, Ջավախքի «Երիտասարդական ռադիոն» տեղի ուժային կառույցների, ինչպես նաեւ վրացական հատուկ ջոկատայինների հարձակմանը ենթարկվելու եւ ավերվելու պատճառով չէր աշխատում: Չէր գործում տեղի ինտերնետային ցանցը, արգելված էր նաեւ վերջին իրադարձությունների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը տեղի լրագրողների կողմից: