«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2008-08-26 | #154, 2008-08-27 | #155, 2008-08-28


ՆԱՏՕ-Ի 18 ՌԱԶՄԱՆԱՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՓԵՐԻ ՄՈՏ

Մոսկովյան «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի տեղեկությունների համաձայն, ՆԱՏՕ-ն շտապ կարգով Սեւ ծովում ռազմանավեր է կուտակում: Դրանք զինված են մասնավորապես միջուկային մարտագլխիկով հրթիռներով: Երկուշաբթի օրը Սեւ ծովում կար ՆԱՏՕ-ի 9 ռազմանավ, իսկ երեքշաբթի երեկոյան դրանց թիվն արդեն հասել էր 18-ի: Վաշինգտոնում պնդում են, թե Վրաստանի ափերի մոտ հայտնված այդ ռազմանավերը կատարում են ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի կարգադրությունը եւ մարդասիրական օգնություն են տանում Վրաստան:

Մինչդեռ Մոսկվայում դիվանագիտական աղբյուրները նշում են, որ ՆԱՏՕ-ի ծովուժի միջոցով ԱՄՆ-ն ուզում է Սեւ ծովում գործի դնել ռազմածովային գործոնը, որպեսզի ազդի Կովկասում Ռուսաստանի քաղաքականության վրա:

ՆԱՏՕ-ն իր հերթին պնդում է, թե այդ ռազմանավերն անհրաժեշտ են զորավարժությունների համար: ՌԴ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Անատոլի Նոգովիցինը ի պատասխան հայտարարում է. «Տարօրինակ է թվում, որ Ռումինիայում, Բուլղարիայում համատեղ զորավարժությունների այդքան ռազմանավ չի մասնակցում: Սովորաբար դրանց մասնակցում է մեկ-երկու ռազմանավ: Այնպես որ այդքան շատ նավերի ներկայությունը զորավարժություններով բացատրելը ոչ մի քննադատության չի դիմանում»:

Ռուսաստանցի որոշ գեներալներ եւ ծովակալներ գտնում են, որ ՆԱՏՕ-ն ճնշման այդ ձեւով չի կարողանա ազդել Ռուսաստանի դիրքորոշման վրա, որն արդեն ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: Սակայն երկյուղներ կան, որ եթե Սաակաշվիլիի խելքին փչի փոխվրեժ լուծել, իսկ ՆԱՏՕ-ն որոշի նրան օգնել ռազմանավերի հրթիռահարվածներով, ապա տեղային կովկասյան պատերազմը կարող է վերաճել համաշխարհայինի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4