«Կասկած չունեմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջնորդական առաքելությամբ հանդես եկող ԵԱՀԿ Մինսկի խումբը կշարունակի իր գործունեությունը, եւ չեմ կարծում, որ ստեղծված բարդությունները լուրջ անդրադարձ կունենան երեք համանախագահների աշխատանքին Մինսկի խմբի շրջանակներում», «Ազգի» հետ հեռախոսազրույցում երեկ իր մոտեցումը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի 1992-1996 թթ. համանախագահ, Ռուս դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովը:
Ըստ Կազիմիրովի, Մինսկի խմբի ամերիկացի, ռուս եւ ֆրանսիացի համանախագահները կկարողանան աշխատանքը շարունակել նույն ընթացքով, չնայած հակասություններին: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա ընդհանրապես հարավօսական իրադարձությունների ազդեցությանը, ապա Վլադիմիր Կազիմիրովը գտնում է, որ այն հակասական է, հատկապես տարածաշրջանում լարվածության մեծացման ֆոնին: Բայց մեկ բան միանշանակ է: Ըստ Կազիմիրովի, դրական կարելի է գնահատել այն պահը, որ նրանք, ովքեր ղարաբաղյան հակամարտության լուծման հնարավոր տարբերակ էին համարում ռազմական գործողությունները, այսուհետեւ նման հայտարարություններ անելուց առաջ մի քանի անգամ կմտածեն: Այս առումով վերջին օրերի իրադարձություններն, ըստ Կազիմիրովի, «տաք գլուխներին սառը ցնցուղ էին»:
Ա. Հ.