ԼՂՀ անկախության հռչակման 17-րդ տարեդարձի կապակցությամբ Ստեփանակերտում նախատեսվում են տոնական միջոցառումներ: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեց տոնական միջոցառումների համակարգման կառավարական հանձնաժողովի անդամ Միքայել Գասպարյանը, սեպտեմբերի 1-ին հանրապետության միջնակարգ ու բարձրագույն ուսումնական հաստատություններում առաջին դասը կնվիրվի անկախության հռչակմանը: Ավանդական դարձած այդ միջոցառմանը ԼՂՀ ազգային անվտանգության խորհրդի, Ազգային ժողովի ու կառավարության անդամները դպրոցներում ու բուհերում կներկայացնեն ԼՂՀ անկախության ուղին ու խորհուրդը: Սեպտեմբերի 2-ին զինվորական զորասյունը Ստեփանակերտի փողոցներով հաղթական քայլերթով առավոտյան ժամը 10:00-ին կազդարարի տոնական միջոցառումների մեկնարկը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր կայցելեն երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու քաղաքացիները: Երեկոյան ժամը 20:00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որը կեզրափակվի հրավառությամբ: