Մինչեւ տարեվերջ պարտատոմսեր կարող են թողարկել եւս 1-2 ընկերություններ
«Վալետտա» ընկերությունը երեկ հայտարարեց պարտատոմսերի նոր թողարկման մասին: Մասնավորապես, «Նովոստի» գործակալության մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ընկերության ֆինանսական տնօրենի տեղակալ Հայկ Կակոյանը հայտնեց, որ այս տարվա սեպտեմբերի 2-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը նախատեսվում է թողարկել 500 մլն դրամ ընդհանուր ծավալով 10 հազար հատ պարտատոմսեր: Դրանց շրջանառության ժամկետը 36 ամիս է, տարեկան տոկոսադրույքը 11 տոկոս եւ 1 պարտատոմսի արժեքը 50 հազար դրամ:
Պարտատոմսերը շուկայում տեղաբաշխող «Արմսվիսբանկի» կորպորատիվ ֆինանսների բաժնի պետ Արկադի Փինաչյանն ավելացրեց, որ ամեն մի ֆիզիկական եւ իրավաբանական անձ կարող է ազատ ձեռք բերել «Վալետտայի» պարտատոմսերը: 400 մլն դրամի ընդհանուր ծավալով 8 հազար պարտատոմս կվաճառվեն շուկայումՙ ֆոնդային բորսայում: Մնացած 2 հազար հատը 100 մլն դրամ ընդհանուր արժեքով ձեռք է բերում բանկըՙ երկրորդային շուկայի համար:
«Վալետտայի» ֆինանսական տնօրենի տեղակալը հայտնեց, որ այս թողարկման նպատակն է ձեռք բերել հավելյալ շրջանառու միջոցներ` իրականացնելու SFC-ների ցանցի ընդլայնումը, նոր խանութների եւ կոֆեհաուսի շինարարությունը: Հայկ Կակոյանը նաեւ ներկայացրեց ընկերության գործունեության մանրամասները, որոնցից հիշատակենք «Բիէլլա» մսամթերքի արտադրությունը, «Սթար» սուպերմարկետների, «Կոմֆորտ» խանութների ցանցերը, սուրճի եւ թեյի փաթեթավորումը, կենցաղային տեխնիկայիՙ «Արիստոն» եւ «Արդո», ներմուծումը, արագ սննդի SFC եւ «Պլենեռ» ցանցը եւ այլն: Նշվեց նաեւ, որ եկող տարի ընկերությունը կկառուցի մսամթերքի արտադրության խոշորագույնՙ «Նատֆուդ» գործարանը, որի արժեքը 12 մլն դոլար է: Այդ նպատակով վարկային միջոցներ են ներգրավվել Վերականգնման եւ զարգացման եվրոպական բանկից եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության բանկից: Հայկ Կակոյանը տեղեկացրեց, որ «Վալետտան» երրորդ անգամն է պարտատոմսեր թողարկում:
Ինչ վերաբերում է պարտատոմսերի շուկայի ներկայիս վիճակին, ապա, Արկադի Փինաչյանի տեղեկացմամբ, ֆոնդային բորսայում շրջանառվում են 7 ընկերությունների 9 պարտատոմսեր: Ընկերություններից 5-ը իրական հատվածից են, 2-ըՙ ֆինանսական: «Արմսվիսբանկի» ներկայացուցիչը հույս հայտնեց, որ մինչեւ տարեվերջ կունենան պարտատոմսեր թողարկող 1-2 նոր հաճախորդներ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ