«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2008-08-26 | #154, 2008-08-27 | #155, 2008-08-28


ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ. «ԴԺՎԱՐ Է ՄԻ ԵՐԳ ԳՐԵԼ...»

- Դժվար է մի երգ գրելՙ պիտի ստորագրես չէ՞ դրա տակ: Դժվար է...

Օրերս իր համերգի ընթացքում, հավանաբար ոչ առաջին անգամ, բայց լիովին անկեղծ ու հանգիստ ասաց Ռուբեն Հախվերդյանն ու ստացավ շինծու երգերի քանակությունից հոգնած ունկնդիր-հանդիսատեսի համաձայնությունը:

Ինչպես միշտ, այս անգամ էլ Հախվերդյանը համերգից մի ամբողջական հանդիպում սարքեց ու իրեն հատուկ շեշտակիությամբ եւ իրերն իրենց անուններով կոչելու սկզբունքով խոսեց անցած ու մեր օրերից. «Լավ մարդիկ, կարգին տղերքը հիմա էլ են ծախվումՙ շատ դժվար է հրաժարվել օբյեկտ ու այլ բաներ ունենալուց: Դրանք էլ խանութին էլ ու հիվանդանոցին էլ են օբյեկտ ասում... Բարդ ա առավոտ վեր կենալը, հայելու մեջ նայել-սափրվելն ու չամաչելը: Իրենց մեջ էլ ամաչողներ կլինեն»: Դե, բնականաբար, հանդիսատեսի հավանությամբ ու չխանգարող մասնակցությամբ խոսքին հետեւեց «Հին ընկեր, իմ անգին ընկեր ...» երգը, որին նախորդած ու հաջորդածներն էլ հնչեցին որպես համընդհանուր իմացության ու հավանության արժանացած երգեր: Իսկ դա վաղուց Հախվերդյանի համերգներում հաստատված վիճակ է: Եվ այս դեպքում, երբ երգահանի համարյա բոլոր գործերը սեփականությունն են ապրումի երգի սիրահարների, որոնք քիչ չեն, իհարկե, դժվար է երգ գրելն ու դրա տակ ստորագրելը` պատասխանատվությունն է մեծ:

Հախվերդյանի հեղինակած ամեն երգ էլ ապրումի արտացոլք է, որը երբեմն երգահանի պատմությունից, իր կյանքից չէ. «Մեր սիրո աշունը» հորս արեւ իմ մասին չի, իմ պատմությունը չի, գրել եմ ուրիշի մասին, բայց ով ասես ու արդեն քանի տարի պատահում ու ասում է, որ սիրահարվել է էդ երգը լսելով, խոստովանությունն հենց էդ երգով է արել... Այնպես, որ հանգիստ եւ ուրախությամբ կարող եմ ասել, որ մասնակցել եմ հայ ազգի շատանալուն»:

Ռուբեն Հախվերդյանի պատմությունից է նրա նորՙ «Հիսունից հետո» երգը, որն արդեն միայն իրեն չի պատկանում եւ միայն իր մասին չէ, որ պատմում է, ինչպես եւ տասնութամյա Ռուբենի սիրո պատկերացումներն ու ապրումներն արտացոլող «Եթե իմանայիր» երգը, որոնց ստեղծումը ինքըՙ երգահանը համարում է բարձրյալի պարգեւ ու շարունակում է նման պարգեւների արժանանալու խնդրանքով դիմել բարձրյալին. «Հիմա ավելի հաճախ եմ ասում. «Աստված մի երգ պարգեւիՙ մարդիկ չասեն սատկել ա էս մարդը»,- այսպես անհարկի, բայց իր նախընտրած բառով ներկայացրեց երգահանն իր ակնկալիքը: Եվ որքան էլ շարունակաբար պնդում է, թե ինքը գրում է բացառապես իր սերնդի համար, միեւնույն էՙ փաստ է, որ Հախվերդյանի երգերը սեռ ու տարիքից անկախ արտացոլվում են մարդկանց ներաշխարհում, չէ՞ որ երգահանն ինքն էլ վստահ է. «Իմ բիզնեսն առանց խաբելու երգ գրելն ա: Ճիշտը պիտի ասեմ, թե չէ էլ ինչո՞ւ պիտի օգոստոսյան էս շոգին հավաքվեիք էստեղ եւ օգնեիք, պարտադրեիք էս միջավայրը ստեղծել»:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4