«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2008-08-26 | #154, 2008-08-27 | #155, 2008-08-28


ՊԻՐՈՇԿԱ ՋՈԹՅԱՆ-ԿՐԱՅՉԻՐ. «ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՍ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային 3-րդ փառատոնի հրավերով Հայաստանում բանասեր-թարգմանիչ Պիրոշկա Ջոթյան-Կրայչիրը (Հունգարիա-Դորոգ): Նա 11 տարի ապրել է Հայաստանում եւ աշխատել ՀԳԱ-ի պատմության ինստիտուտի գաղթավայրերի բաժնում որպես գիտաշխատող: Բանասեր-թարգմանիչը մանրամասն ուսումնասիրել է հայոց պատմությունն ու ցեղասպանության հետ կապված պատմական փաստերը: Այդ տարիներին նրա գիտական ղեկավարն է եղել ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը: Հունգարիայում ուսանել է հայերեն, այնուհետեւ Երեւանում խորացրել լեզվի իմացությունը: «Չնայած գնացինք Հայաստանից, սակայն մեր հոգում պահպանում ենք այն ազգային ոգին, այն հարուստ պատմական ժառանգությունից քաղած մեր հուշերը, որոնք կուտակվեցին այս հրաշալի երկրում մեր ապրած 11 տարիներին: Եվ հենց հայկական ոգով էլ դաստիարակեցինք մեր երկու զավակներին, որոնք գրում ու կարդում են հայերեն ու նաեւ երգում «Գուսան» տրիոյում:

Երջանիկ եմ, որ իմ կյանքի ընկեր եմ ընտրել հայ առնական տղամարդու` ֆիզիկոս Գագիկ Ջոթյանին, որի շնորհիվ մանրամասն ծանոթացա հայ ժողովրդին ու նրա ճակատագրին: Իմ կուտակած հարուստ նյութերը հիմք հանդիսացան հայոց լեզվի դասագիրք կազմելու եւ հրատարակելու, թարգմանեցի հայկական անունների գիրքը, Վարդգես Պետրոսյանի եւ Հրանտ Մաթեւոսյանի երկերից, հայկական ժողովրդական հեքիաթներ, բազմաթիվ հոդվածներ ցեղասպանության հարցերի շուրջ: Իհարկե, մեծամասամբ գրում եմ հունգարերեն, այսինքնՙ մենք տարածում ենք հայկական մշակույթը հունգարերենով, որովհետեւ Հունգարիայում դա մի «սպիտակ անցք» է, որը պետք է լրացնել: Հունգարիայում գրեթե ոչինչ, կամ շատ քիչ գիտեն Հայոց մեծ եղեռնի մասին եւ այս վերջին 10 տարիներին շատ բան ենք արել, որպեսզի հունգարացիներին ճշգրիտ կերպով ծանոթացնենք ողբերգական այդ դեպքի հետ: Ամուսնուս հետ հրատարակում ենք Հայաստանի մասին «Արմենիա» երկլեզուՙ հայերեն, հունգարերեն ամսագիրը, որի նյութերը քաղում ենք ինտերնետից»:

Հունգարացի բանասեր-թարգմանիչ Պիրոշկա Ջոթյան-Կրայչիրը թարգմանել է նաեւ Հրաչյա Քոչարի «Նահապետ» գործը, որի Երեւանում կայացած շնորհանդեսն «Ազգ» -ը մանրամասն ներկայացրել է: «Թարգմանելիս որոշ բարդությունների հանդիպել եմ: Դրանք կապված էին առաջին հերթին բարբառի հետՙ թարգմանվող բնագրում հերոսները խոսում են Վանի ու Սասունի բարբառով, որպեսզի պահպանվի բնագրի ոճն ու գեղեցկությունը, ընտրեցի հին հունգարերենը, որով Աստվածաշունչն է թարգմանված: Աշխատանքի ընթացքում ոչ թե թարգմանել եմ, այլ կարծես նոր եմ գրել: Պետք էր տեսնել, թե հունգարացիները ինչպես էին հուզվել ու արտասվում, երբ շնորհանդեսին ընթերցվում էր հատվածներ երկու լեզվով` հայերեն ու հունգարերեն: Շատ արագ արձագանքներ եղան մամուլում ու մտավորականների շրջանակում: Դրանք հիացմունքի արտահայտություններ էին»:

Ասենք, որ Կրայչիր Ջոթյանի 224 էջանոց երկլեզու այս ժողովածուի շապիկը զարդարված է Մարտիրոս Սարյանի բնապատկերով: Գրքի հարուստ հավելվածում զետեղված են Հրաչյա Քոչարի կենսագրությունը, Սուրեն Աբրահամյանի` «Նահապետ» վիպակի վերլուծականը եւ թարգմանչուհու հոդվածը Հայոց ցեղասպանության մասին, ազգագրագետ Առաքել Պատրիկի Կահիրեում հրատարակված գրքից պատմական Հայաստանի շրջանների տարազների լուսանկարները:

Ինչպես նշեց թարգմանչուհին, վերջին 10 տարիներին Հունգարիայում թուրքական լոբբին ուժեղացել է եւ հակազդելու համար Ջոթյան ամուսինները ամեն առիթ օգտագործում են հունգար ժողովրդին մատուցելու այն ամենը, ինչ կապված է ցեղասպանության հետ, ոչ միայն գեղարվեստական, այլեւ պատմական փաստերով:

Անդրադառնալով «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին Պիրոշկա Ջոթյան-Կրայչիրը դժգոհություն է հայտնել. «Իմ գործի նկատմամբ զգացել եմ միայն անհետաքրքրություն, որը, կարծում եմ, հստակ ապացուցվեց դիպլոմներ հանձնելիս, երբ Թամար Պողոսյանը անգամ Հունգարիան շփոթեց Չեխոսլովակիայի հետ` ինձ ներկայացնելիս: Ցավում եմ, որ կազմակերպչական խմբի անդամներին առիթ չեմ ունեցել իմ թարգմանած գիրքը նվիրել, որովհետեւ նրանցից ոչ մեկը ներկա չէր գրքի շնորհանդեսին: Ի դեպ դիպլոմները հանձնելիս Թամար Պողոսյանը խնդրեց պատվիրակություններին իրենց կարծիքներն ասելՙ ես իմ կարծիքը գրավոր կուղարկեմ... Սակայն անկախ այն ամենից, թե ինչպե՞ս ընդունեցին, ի՞նչ եղավ, իմ սրտում միայն լավ հուշերի տեղ կա եւ որեւէ դեպք չի կարող խաթարել իմ սերն ու նվիրվածությունը հայ ժողովրդի ու նրա մշակույթի հանդեպ»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4