Թուրքիայի Մերսին քաղաքում վերջնագիծը հատեց մինչեւ 16 տարեկանների շախմատի համաշխարհային օլիմպիադան: Օլիմպիական պարգեւները վիճարկող 26 թիմերի մեջ էր նաեւ Հայաստանի հավաքականը, որը 24 միավորով զբաղեցրեց պատվավոր 5-րդ տեղը: Օլիմպիական չեմպիոն դարձավ Հնդկաստանի հավաքականը, որը 10 մրցախաղերում վաստակեց 28,5 միավոր: Նույնքան միավոր ունեին նաեւ ռուսները, որոնք միայն լրացուցիչ գործակիցներով ոսկե մեդալները զիջեցին հնդիկ շախմատիստներին: Լավագույն եռյակը եզրափակեց Ֆիլիպինների հավաքականը (27 միավոր): 4-րդ տեղում ադրբեջանցիներն են, որոնք միայն կես միավորով գերազանցեցին հայ շախմատիստներին:
Շվեյցարական մրցակարգով անցկացված մրցաշարում խաղացվեց 10 տուր: Հայաստանի հավաքականի կազմում ըստ խաղատախտակների ընդգրկված էին ՖԻԴԵ-ի վարպետ Սամվել Տեր-Սահակյանը (2480), Վահե Բաղդասարյանը (2193), Հայկ Գ. Վարդանյանը (2177) եւ Հայկ Թամազյանը (2139): Մեր շախմատիստները հաջող սկսեցին օլիմպիադան` 4-0 հաշվով հաղթելով թուրքական «Իսեկ» թիմին: Հաղթարշավը շարունակվեց նաեւ հաջորդ տուրերում: Պարտության մատնելով Հունաստանի (3,5-0,5), Թուրքիայի առաջին (3-1), Հնդկաստանի (3-1) հավաքականներին, մեր շախմատիստները գլխավորեցին աղյուսակը: 5-րդ տուրում հայ շախմատիստները ոչ-ոքի խաղացին ֆիլիպինցիների հետ: ՀՀ հավաքականի համար ճակատագրական եղավ 6-րդ տուրում ռուսներից կրած 0-4 խոշոր հաշվով պարտությունը: Ճիշտ է, հաջորդ տուրում մեր շախմատիստները նույնպիսի հաշվով առավելության հասան անգլիացիների նկատմամբ, սակայն անհաջող խաղացին ավարտական երեք տուրերում ու զրկվեցին մեդալներից:
8-րդ տուրում մեր թիմի մրցակիցն Ադրբեջանի հավաքականն էր: Հայ շախմատիստներից միայն Հայկ Վարդանյանը հաջողության հասավ` 3-րդ խաղատախտակի վրա հաղթելով Այազ Մամադովին: Նրա խաղընկերները պարտվեցին: Անհաջող էր նաեւ Վրաստանի հավաքականի հետ 9-րդ տուրի հանդիպումը: Մերոնք զիջեցին 1,5-2,5 հաշվով: Մեր շախմատիստներից կրկին միակ հաղթանակն իր օգտին գրանցեց Հայկ Վարդանյանը` պարտության մատնելով Նոդար Դավարաշվիլուն: Ավարտական տուրում Սլովակիայի հավաքականի հետ մրցախաղում գրանցվեց ոչ-ոքի:
Օլիմպիադայում մեդալներ շնորհվեցին նաեւ առանձին խաղատախտակների վրա լավագույն արդյունքների հասած շախմատիստներին: 3-րդ խաղատախտակի վրա բրոնզե մեդալի արժանացավ Հայկ Գ. Վարդանյանը: Նա 10 հնարավորից վաստակեց 8 միավոր` տոնելով նույնքան հաղթանակ: Հայկը կրեց ընդամենը երկու պարտություն` ռուսաստանցի Անաստասիա Բոդնարուկից եւ սլովակ Դոմինիկ Ցիբայից:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ