Ռուսաստանի հետ զինված բախումից հետո Վրաստանի համար պետք է ՆԱՏՕ-ին անդամակցության հատուկ ուղի լինի: Հարավօսական հակամարտության գոտում ավելի քան 20 օր առաջ սկսված ռազմական գործողություններն ու դրանց հետեւանքում Ռուսաստանի հետ բախումը, վերջինիս կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչումը Վրաստանի նախագահի ներկայացմամբ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անվերապահորեն արագացնելու պարտադրանքի առաջ են կանգնեցրել:
Սրան զուգահեռ շարունակվում է միջազգային հանրության, բազմաթիվ կառույցների ու երկրների մակարդակում Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչման դատապարտումը: Ավելին, երեկ ֆրանսիական արտգործնախարարությունը արդեն իսկ հայտարարել է Եվրոմիության երկրների` Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մտադրության մասին: Հիշեցնենք, որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու առնչությամբ դեռեւս երեք օր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել էր, որ Ռուսաստանն ինքնաբավ երկիր է եւ նման պատժամիջոցներից չի վախենում:
Ամեն դեպքում, Ֆրանսիան պնդում է միջոցներ կիրառելու մտադրության իրականության մասին, ավելացնելով, որ ներկա դրությամբ իրագործված են Ռուսաստան-Վրաստան-Ֆրանսիա հրադադարի համաձայնության 6 կետերից միայն երկուսը, որ վերաբերում էին ռազմական ուժի կիրառումից հրաժարվելուն եւ ռազմական գործողությունների դադարեցմանը: Ըստ Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշների, ներկա դրությամբ իրականացման փուլում է նաեւ համաձայնության երրորդ կետի կատարումը` մարդասիրական օգնության ազատ մուտքի առնչությամբ:
Երեկ Դուշանբեումՙ Շանհայի համագործակցության կազմակերպության ղեկավարների հանդիպմանը անդամ երկրները` Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը աջակցություն են հայտնել Ռուսաստանի` Հարավային Օսիայում հակամարտության կարգավորման 6 սկզբունքների ընդունման մոսկովյան որոշմանը եւ տվյալ տարածաշրջանում խաղաղությանն ու համագործակցությանն օժանդակող Ռուսաստանի ակտիվ դերին:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Ռուսաստանը կատարել է Մեդվեդեւ-Սարկոզի համաձայնության իր մասը, մնում է հասնել Վրաստանի ապառազմականացմանը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ