«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2008-08-27 | #155, 2008-08-28 | #156, 2008-08-29


ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ, ՍՊԱՍՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇՈՒՆՆ ՈՒ... ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՐՈՒՄ

Խորհրդարանական ուժերը տեսակետներ են ներկայացնում

Օգոստոսի 24-ին Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններում 17-րդ ընտրատեղամասում հաղթանակ տարած Հովիկ Աբրահամյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նշանակելու, ընդհանրապես խոսնակի փոփոխման հարցը պետք է որոշի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Երեկ այսկերպ ներկայացրեց հարցի պատասխանը «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Սաֆարյանը: Ասուլիսին մասնակցում էին նաեւ ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն ու «Ժառանգության» ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանը` լրագրողներին ներկայացնելու ամառվա եւ գալիք աշնան քաղաքական զարգացումների իրենց գնահատականը:

Ըստ Սաֆարյանի, երբ ՀՀԿ-ն որեւէ որոշում ընդունի եւ կոալիցիայի հետ համաձայնեցնելու անհրաժեշտություն ծագի, այդ հարցը կքննարկեն: Իսկ ներկա դրությամբ որոշումը ՀՀԿ քաղաքական ղեկավարությունից է կախված: Իր հերթին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը նշեց, որ նման հարց խորհրդարանի օրակարգում առայժմ չկա, առավել եւս, որ, ըստ Խաչատրյանի, այդ «օդից վերցրած որոշումը կայացնելը» նպատակահարմար չէ ներկա պահին:

Ընդհանրապես քաղաքական զարգացումների համատեքստում, Արամ Սաֆարյանի կարծիքով, ԵԽԽՎ բանաձեւերի պահանջներով Հայաստանի քաղաքական կյանքում հաստատված օրակարգն աշնանը կպահպանվի, սակայն Հարավային Օսիայում տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում նոր իրողությունների պատճառով մտցվող մեկ շտկումով: Այդպիսով, շատ կարծիքներ, գործողություններ, ըստ Արամ Սաֆարյանի, ներքին քաղաքական կյանքում կթելադրվեն հենց տարածաշրջանային նոր իրավիճակով:

Վարդան Խաչատրյանը գտնում է, որ ի տարբերություն նախորդ ամառների, ընթացիկ ամառը Հայաստանում արձակուրդային չէր, լարված էր, որ աշնանն անպայման կալիքվի` լարված ամռան հանգուցալուծման կամ զարգացման տեսքով: Արծվիկ Մինասյանի գնահատականն անցած ամռան ու եկող աշնան առնչությամբ կարճ էր, թեժ եւ սուր:

Սեպտեմբերին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում մարտի 1-ի իրադարձությունների կտրվածքով Հայաստանի մասին զեկույցի ներկայացման առումով, ըստ Արամ Սաֆարյանի, ժամանակը շատ կարճ էր, որպեսզի Հայաստանը կատարեր ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջները: ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանի խոսքերով, մարտի 1-ի հանձնաժողովի անդամների առնվազն մեծ մասն իրապես ցանկանում է հետամուտ լինել դեպքերի անաչառ բացահայտմանը:

Ըստ Մինասյանի, ամենից կարեւորը զոհերի մահվան հանգամանքների պարզումն է, ընդ որում, միանշանակ է, որ ներում չի կարող լինել այն մարդկանց, որոնց գործողությունները հանգեցրել են զոհերի: Իսկ ԵԽԽՎ բանաձեւերի պահանջների առումով, Մինասյանը գտնում է, որ հաշվի առնելով նաեւ տարածաշրջանային նոր իրողությունները եւ Հայաստանի հանդարտության ու լարվածության հետագա թուլացման կարեւորությունը` ԵԽԽՎ-ն սեպտեմբերին իշխանության կատարածը կարող է գնահատել ողջամտորեն: Արծվիկ Մինասյանի խոսքով, ահագին բան արվել է ու դեռ ահագին էլ անելիք կա:

Ըստ Վարդան Խաչատրյանի, Հայաստանում բացակայում է հիմնարար կայունության երեք կարեւոր բաղադրիչ` լեգիտիմ իշխանություն, արդյունավետ աշխատող կառավարություն եւ նվաճումների ինստիտուցիոնալացում, ու քանի դեռ չկան այդ երեք բաղադրիչները, լարվածությունը երկրում չի վերանալու: Իսկ ԵԽԽՎ սեպտեմբերյան քննարկման մասով, Խաչատրյանի մոտեցմամբ, Հայաստանը կրկին ներկայանալու է ոչ ժողովրդավար տեսքով, քանի որ թե՛ քաղբանտարկյալների ազատ արձակման, թե՛ նաեւ մարտի 1-ի իրադարձությունների վստահելի բացահայտման առումով չկա որեւէ առաջընթաց:

Լրագրողների հարցին, թե արդյոք նպատակահարմար է, որ Հայաստանի խորհրդարանը, նկատի ունենալով Աբխազիայի եւ Հարավային Oսիայի ճանաչումը Ռուսաստանի կողմից, ձեռնամուխ լինի Ղարաբաղի ճանաչման խնդրին, Վարդան Խաչատրյանը պատասխանեց, որ Հայաստանը պետք է զգուշավորություն ցուցաբերի այդ հարցում, քանի որ, ինչպես նկատելի է բավական լուրջ աղբյուրներից ստացված տեղեկատվությունից, Ռուսաստանին սպառնում է միջազգային մեկուսացում: Ըստ Վարդան Խաչատրյանի, ամեն ինչ այլ կլիներ, եթե, օրինակ, Հայաստանի խորհրդարանն ավելի շուտ ճանաչեր Ղարաբաղի անկախությունը:

ԲՀԿ անդամ Արամ Սաֆարյանի ներկայացմամբ, արժե անդրադառնալ խնդրին, սակայն գուցե ոչ լիագումար նիստով` անդրադառնալով ճանաչման հնարավորությանն ընդհանրապես, ոչ թե այս պահին բուն ճանաչմանը: Հայաստանը, ըստ Սաֆարյանի, պետք է Մինսկի խմբի դիվանագիտական խողովակներով փորձի հասնել Ադրբեջանի կողմից չհարձակման փաստաթղթի ստորագրմանը, այլապես Հայաստանն իրավունք կունենա ակտիվացնելու անվտանգության համար անհրաժեշտ միջոցառումները:

Ադրբեջանին այդօրինակ փաստաթուղթ պարտադրելուն կողմ է նաեւ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը: Իսկ ընդհանրապես, Մինասյանը գտնում է, որ Հայաստանը նոր իրավիճակից ելնելով պետք է շտկումներ մտցնի իր ազգային անվտանգության ռազմավարության մեջ եւ անի քայլեր, որոնք թույլ կտան մեր բարեկամ երկրների հետ չթշնամանալով, ի վերջո հասնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4